> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանի հայտարարությունը` նոյեմբերի 9-ին «Երեւան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, խոսուն է բավականաչափ: Օսիպյանն ասում էր, որ եթե ՀԱԿ երիտասարդները գտնում են, որ իրենց խաղաղ ակցիան խոչընդոտող ոստիկանների գործողությունները ապօրինի են, թող ուրեմն օրենքով սահմանված կարգով բողոքարկեն դրանք: Ստացվում է, ուրեմն, որ եթե նոյեմբերի 9-ին եւ 10-ին Երեւանի համանուն հյուրանոցում ԵՄ սեմինար է կազմակերպվում, եւ այդ սեմինարի եվրոմասնակիցների ուշադրությունը ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա կենտրոնացնելու համար ՀԱԿ ակտիվիստները լուռ ակցիա են կազմակերպում հյուրանոցի դիմաց, ու ոստիկանությունը սկսում է քաշքշել ակցիայի մասնակիցներին, վերջիններս պետք է տեղում դադարեցնեն իրենց միջոցառումը եւ վազեն ՀՀ ոստիկանության պետին դիմում գրելու: Հետո 30-օրյա ժամկետում սպասեն նրա պատասխանին: Ու քանի որ ոստիկանապետը իր գամփռիկների գործողություններում որեւէ ապօրինություն չի տեսնի, ակցիայի մասնակիցները ստիպված պիտի լինեն դիմել առաջին ատյանի կամ վարչական դատարան: Քանի որ, մեծ հավանականությամբ, այս ատյաններում օրինականության չեն հասնի, ստիպված կլինեն դիմել վերաքննիչ, ապա եւ` վճռաբեկ դատարան: Հա, այս ընթացքում կդիմեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որն էլ իր հերթին մի գոլ գրություն կգրի ոստիկանության մի քանի չինովնիկների: Այսպիսով, ահա, ակցիայի մասնակից ՀԱԿ ակտիվիստները, չկարողանալով իրենց ամենապրիմիտիվ իրավունքը պաշտպանել ներհայաստանյան ատյաններում, ստիպված կլինեն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վերջինս 5-ից 8 տարվա ընթացքում կլսի ՀԱԿ ակտիվիստների հայցը եւ, ինչպես «Ա1+»-ի դեպքում, կարձանագրի, որ իշխանության գործողությունները ապօրինի են եղել: Ուռաաա~: Այս ամենը, իհարկե, լավ է, բայց մի պուճուր պրոբլեմ կա. սեմինարը, որ մեկնարկել էր §Երեւան¦ հյուրանոցում եւ որի եվրոմասնակիցների ուշադրությունը ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության խնդրի վրա էին ուզում կենտրոնացնել ակցիայի կազմակերպիչները, ԵԴ վճռի կայացման պահին ավարտված կլինի, լավագույն դեպքում` հինգ, վատագույն դեպքում` ութ տարի առաջ: ԵԴ վճռի հրապարակման օրերին, ինչ խոսք, հնարավոր է եվրոյոնջաների նոր խմբաքանակ ներմուծված լինի Հայաստան, եւ 8 տարի առաջ կիսատ մնացած ակցիան գուցե հնարավոր լինի շարունակել այդ նոր սեմինարի առիթով: Բայց Դնչկալը նորից կհարձակվի ակցիայի մասնակիցների վրա` նրանց նորից խորհուրդ տալով օրենքով սահմանված ընթացակարգերով բողոքարկել իր գործողությունները: Ակցիան, ըստ այդմ, ստիպված կլինենք դադարեցնել եւ շարունակել լավագույն դեպքում` 5, վատագույն դեպքում` 8 տարի հետո: Այս ամենը զավեշտալի է, բայց հուսահատության հիմքեր չկան: Կրկին ու նորից հիշենք, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը ունի հոդված 42, որը անձին, ՀՀ քաղաքացուն ինքնապաշտպանության կամ ավելի ճիշտ` անհրաժեշտ պաշտպանության իրավունք է տալիս: Մի քանի մեջբերում անենք այդ հոդվածից. «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Ահավասիկ` եւս մեկ մեջբերում հատուկ Վալերի Օսիպյանի համար. «Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաեւ անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից եւ պաշտոնեական դիրքից» (Ք.Օ. հոդ. 42, 3-րդ կետ): Ոստիկանական եւ իշխանական շարունակվող բեսպրեդելը, ահա, անխուսափելիորեն հանգեցնելու են նրան, որ Հայաստանի ժողովուրդը դիմի զանգվածային ինքնապաշտպանության: Եւ այդ ժամանակ զանգվածաբար ինքնապաշտպանվող ժողովուրդը իրավունք կունենա Վ. Օսիպյանին եւ նրա ճողոպրող ղեկավարներին խորհուրդ տալ օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հայկ
    Նոյեմբեր 11th, 2010 at 20:31 | #1

    Միակ փրկությունը տեսնւոմ եմ պարտիզանական պայքարի տեսքով, այսինքն՝ բոլոր օրինախախտ ոստիկաններին, սափրագլուխներին, չինովնիկներին, եվրոյոնջաներին հակահարված տալ թաքուն, բոլորի աչքից հեռու…
    Բայց հակահարվածը պետք է շա՜տ խոսուն լինի…
    Առաջարկի բոլոր համակիրներին առաջարկում եմ համախմբվել այստեղ, Նիկոլի կայքում։

  2. Armen
    Նոյեմբեր 12th, 2010 at 00:52 | #2

    qldorvum enk andund@.shat vata linelu verchners!mi ban anela arkavor.mi te der danak@voskorin chi xasel?AMOTA to!Nikol gan dimaci,Axpers.

  3. Grigorian
    Նոյեմբեր 12th, 2010 at 01:31 | #3

    ov inch arajark uni?????

  4. arminka
    Նոյեմբեր 12th, 2010 at 13:33 | #4

    Yes mianum em dzez tghaner jan, u patrast em es vohmaki dem payqarelu, ekeq mi ban anenq…

  1. No trackbacks yet.