> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

Նիկոլ Փաշինյան4. ո՞վ ես դու, ով եմ ես
Ընթերցողը նկատեց, թերեւս, որ «Կոշ» ՔԿՀ-ում իմ դեմ կազմակերպված հարձակումների մասին խոսում եմ ընդհանուր գծերով, հիմնականում չներկայացնելով մանրամասները: Դրանք, իհարկե, կարեւոր են, բայց ոչ մեր այս խոսակցության համատեքստում: Կարծում եմ` կռահեցիք, որ նախորդ երեք գլուխներում ներկայացրել եմ միջադեպերի` ամենեւին էլ ոչ ամբողջական պատկեր: Սեպտեմբերի 17-ի միջադեպը, սակայն, ինձ համար ակնհայտ դարձրեց ՔԿՀ վարչակազմի (ասել է թե` սերժանտական իշխանության) մտքերի ընթացքի եւս մեկ ուղղություն: Գրեթե անընդհատ փորձեր են արվում ստեղծելու իրավիճակներ` ինձ հավասարակշռությունից հանելու համար: Եթե որեւէ նման` թեկուզ աննշան միջադեպ տեղի ունենա, համոզված եմ` կհայտնվեն բազմաթիվ վկաներ, ովքեր կիլոմետրերով ցուցմունքներ կտան իմ դեմ եւ կպատմեն, թե ինչպես եմ ես «հարձակվում» այս կամ այն անձի վրա եւ «խոշտանգում» նրանց…
Իրավիճակը, սակայն, վերահսկողության տակ եմ պահում` մանավանդ, հասկանալով դիմացինի նպատակները: Իմ դեմ ծավալված պատերազմը, սակայն, դրսեւորումներ ստանում է ոչ միայն ՔԿՀ պատերից ներս, այլեւ դրսում: Վերջերս, օրինակ, որպես բարեկամ ներկայացող ինչ-որ մարդիկ իմ մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին հայտնել են, թե ես իբր` ՔԿՀ-ում «ճիշտ» չեմ ապրում, որովհետեւ, ուշադիր` շփվում եմ աբսլուգի հետ եւ մատնագրեր եմ գրում դատապարտյալների վրա: Այն, որ կան դատապարտյալներ (եւ նրանք քիչ չեն), ովքեր իմ ամեն քայլափոխի մասին զեկուցում են մի քանի տեղ` այդ թվում ՔԿՀ մի քանի ստորաբաժանումների, գիտեինք: Այն, որ ՔԿՀ վարչակազմն ու դատապարտյալների որոշակի շրջանակ սերտորեն համագործակցում են իմ դեմ ուղղված գործողություններ կազմակերպելիս, դա էլ էր հայտնի:
Բայց այդ ո՞ր տխմարի մտքով է անցել, որ ես կարող եմ լուրջ վերաբերվել «Կոշ» ՔԿՀ-ի կիսագրագետ վարչակազմին, կամ` նվաստանալ դատապարտյալների վրա մատնագիր գրելու աստիճան: ՔԿՀ վարչակազմն էլ, ուշադրություն դարձրեք, ինձ մեղադրում է «գողական» պահվածքի մեջ, որովհետեւ երբ որեւէ միջադեպի մասին հարց են տալիս, ասում եմ, որ չեմ պատասխանի որեւէ հարցի, որովհետեւ ինձ վրա հարձակում գործողները եւ ՔԿՀ վարչակազմը նույն մեդալի երկու կողմերն են եւ ոչ ավելի:
Ինչ վերաբերում է իմ շփումներին, կարծում եմ հասկանալի է, որ վերը նկարագրված մթնոլորտում որեւէ շփման մասին խոսելն ուղղակի ավելորդ է. շփման մշտական միջավայր չունեմ, որովհետեւ նախ ժամանակը չի հերիքում, եւ հետո` շփման կարիք չունեմ: Չնայած սրան` օրվա մեջ առնվազն մի քանի տասնյակ դատապարտյալներ են տարբեր հարցերով մոտենում ինձ: Հիմնական մասին հետաքրքրում է դատապարտյալի, կալանավորի համար ավանդական հարցը` ճի՞շտ է արդյոք, որ հաջորդ ամսվա սկզբին «ամունիստ» է լինելու: Ընդ որում` էական չէ հարցը հնչեցնելու պահին որ ամիսն է` հունի՞սը, հուլի՞սը, օգոստո՞սը, սեպտեմբե»րը, հոկտեմբե»րը, թե՞ նոյեմբերը: Եղիշե Չարենցը «Երեւանի ուղղիչ տնից» վիպակում նկատում է, որ կալանավորի հիմնական խոսակցությունը «ամունիստի» մասին է: Վերջին 100 տարում այս իմաստով ոչինչ չի փոխվել:
Ինձ մոտեցողների մեջ շատ-շատ են Քրեական օրենսգրքում սպասվող փոփոխություններով հետաքրքրվողները: Մոտենում են մարդիկ` տարբեր դիմումներ կամ ներման խնդրագրեր գրելու հարցում օգնելու խնդրանքով եւ այլն, եւ այսպես շարունակ:
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ում իմ ապրելակերպին, ապրում եմ այնպես, ինչպես ինքս եմ ճիշտ համարում: Թե դրսում, թե այստեղ` քիչ չեն մարդիկ, ովքեր ցանկանում են, որ ապրեմ իրենց պատկերացումներին համապատասխան: Այդպես եղել է նաեւ այն ժամանակ, երբ գտնվել եմ ազատության մեջ: Միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր փորձել են ուղղորդել, թե ինչ ասեմ, ինչ չասեմ, ինչ գրեմ, ինչ չգրեմ, ինչ հագնեմ, ինչ չհագնեմ: Բայց ես կյանքս ապրում եմ միմիայն սեփական պատկերացումների համաձայն, եւ սա է պատճառը, որ անունս Նիկոլ է, ազգանունս` Փաշինյան:
շարունակելի (՞)

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Նոյեմբեր 11th, 2010 at 10:34 | #1

    HRASHQ ES!

  2. Anushik
    Նոյեմբեր 11th, 2010 at 10:51 | #2

    qo anun@ Heros e, qo azganun@ Hamahayastanyan

  3. arminka
    Նոյեմբեր 11th, 2010 at 11:02 | #3

    Apreq, Nikol jan!

  4. MM
    Նոյեմբեր 11th, 2010 at 20:08 | #4

    Nikol jan, DU HRASHQ ES!

  5. monika
    Նոյեմբեր 11th, 2010 at 20:17 | #5

    DU HRASHQ ES!

  1. No trackbacks yet.