> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ.ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

3. սեպտեմբերի 17
2010թ. սեպտեմբերի 17-ին, ինչպես հիշում եք, տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի աշնանային առաջին հանրահավաքը: Այդ օրվա լրահոսում ինձ հետ կապված երկու լուր կա: Առաջինն այն մասին է, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը փաստաբան Վահե Գրիգորյանին թույլ չի տվել տեսակցել ինձ հետ: Երկրորդն այն մասին է, որ «Կոշ» ՔԿՀ վարչակազմը ինձ տեսնելու հնարավորություն չի տվել նաեւ ՔԿՀ-ների նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, չնայած նրանք ՀՀ օրենսդրությամբ կալանավայրեր մուտք գործելու արտոնություն ունեն շուրջօրյա:
Այդ օրը ինձ վրա հերթական հարձակումն էր տեղի ունեցել, եւ իշխանությունները ինձ հանրային աչքից հեռու պահելու պատճառներ ունեին: Ինձ հետ հանդիպած ամեն ոք չէր կարող չնկատել պարանոցիս եւ ձեռքերիս վրա առկա վնասվածքները:
Դեպքը տեղի ունեցավ հետեւյալ կերպ. կեսօրին մոտ մեզ արդեն հայտնի սալդաթների խավի ներկայացուցիչներ լկտի բառապաշարով մոտենալով ինձ` սկսեցին մեղադրանքներ տեղալ ՔԿՀ-ից հոդվածներ գրելու, ելույթներ ունենալու մեջ, ապա փորձեցին պարտավորություն կորզել, թե առանց իրենց «ղեկավարության» հետ համաձայնեցնելու` ոչինչ չեմ ձեռնարկի: Երբ նրանց բացատրեցի, որ որեւէ մեկի թրի տակով չեմ անցնի, բռունցքներով հարձակվեցին ինձ վրա:
Հարձակումը, ավելի մեծ թվով անձանց մասնակցությամբ` կրկնվեց մոտավորապես 10-15 րոպե անց: Վրա հասած հսկիչները ինձ եւ եւս մեկ դատապարտյալի բերման ենթարկեցին հերթապահ մաս:
…Հավաքվեցին ջոջերը, երկար-բարակ պոչերը: ՔԿՀ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները, այսինքն: Հայտարարեցի, որ նրանց հարցերին չեմ պատասխանի` երկու պատճառով: Նախ` համոզված եմ, որ ՔԿՀ վարչակազմը ամեն ինչի մասին տեղյակ է եղել նախապես, եւ հետո` իրավական օգնության կարիք ունեմ եւ պահանջում եմ անհապաղ «Կոշ» հրավիրել իմ փաստաբաններին կամ նրանցից որեւէ մեկին: Այս պահանջս անուշադրության մատնվեց: Հետո սենյակ հրավիրվեց դեպքին ականատես հսկիչներից մեկը, որը «միամտություն» ցուցաբերեց եւ ամեն ինչ պատմեց հենց այնպես, ինչպես եղել է: Նրան դուրս տարան եւ հրավիրեցին բժշկին: Վերջինս ինձ զննելով` արձանագրեց, որ մարմնիս վրա առկա են վնասվածքներ եւ բռնության հետքեր: Սրանից հետո թուղթ ու գրիչ վերցրին եւ ինձ առաջարկեցին բացատրություն տալ: Ես կրկնեցի նույնը` հարցին կանդրադառնամ միայն իմ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո:
Ինձ թողնելով անվտանգության ապահովման բաժնի մի քանի աշխատակիցների հսկողության ներքո` ՔԿՀ ջոջերը հեռացան խորհրդակցելու: Այս ընթացքում փաստաբաններիս հրավիրելու պահանջը կրկնել եմ ամենաքիչը 15 րոպեն մեկ: Ու, ինչպես գիտեք` այդ պահանջը արհամարհվել է, չնայած օրվա երկրորդ կեսին արդեն Վահե Գրիգորյանն էլ ՔԿՀ վարչական շենքում է ինձ հետ հանդիպում պահանջելիս եղել:
Այսպես` հերթապահ մասում վարչակազմի հսկողության տակ մնացի մինչեւ երեկոյան մոտավորապես ժամը 20.00-ն, երբ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը ավարտվեց: Սրանից հետո ջոջերը վերադարձան: Նրանք ասացին, որ այս ընթացքում խորհրդակցություն են անցկացրել եւ առաջարկ ունեն ինձ: Առաջարկի իմաստը հետեւյալն է. միջադեպը հարթել տնավարի, ներքին կարգով: Անկեղծ ասած, այս տարբերակը նաեւ իմ սրտով էր: Լավ` հարձակվել են ինձ վրա, լավ` մարմնական վնասվածքներ ունեմ, լավ` լկտիություն է տեղի ունեցել: Բայց աշխարհը սրանից չքանդվեց, եւ ես որեւէ մեկից վրեժխնդիր լինելու նպատակ չունեմ: Այս նկատառումներով, ահա, ասացի, որ ողջունում եմ առաջարկը: ՔԿՀ ջոջերը, համոզվելու համար, որ փոխադարձաբար ճիշտ ենք հասկացել իրար` ձեւակերպեցին պայմանավորվածությունը. տեղի ունեցածի մասին մոռանում ենք եւ չենք հիշում, եւ սա տղամարդկանց պայմանավորվածություն է: Ձեռք-ձեռքի տվեցինք ու խաղաղ բաժանվեցինք:
Մեկ շաբաթ էր անցել կամ տասն օր, երբ ինձ տեղեկություն հասավ, թե սեպտեմբերի 17-ի միջադեպին ականատես հսկիչներին ոչ աշխատանքային օրով տներից կանչել են եւ զեկուցագրեր գրել տվել, թե ոչ թե ինձ վրա են հարձակվել, այլ ես եմ հարձակվել: Ճիշտն ասած` չհավատացի, որովհետեւ, այնուամենայնիվ` փոխգնդապետի կամ գնդապետի ուսադիր կրող անձինք պիտի որ իմանան, թե ինչ է նշանակում սպայի պատիվ: Ինչի պատի՞վը: Անցավ եւս մի քանի օր, եւ ինձ հրավիրեցին հերթապահ մաս, տեղեկացա, որ ինձ տույժի են ենթարկել. ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը ինձ խիստ նկատողություն էր հայտարարել սեպտեմբերի 17-ին «Կոշ» ՔԿՀ դատապարտյալներից մեկի վրա հարձակում գործելու համար… Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Grigorian
    Նոյեմբեր 9th, 2010 at 13:46 | #1

    tenum es vor bozeri het ERKXOSUTYUN@ animasta……. ur mnac paymanavorvacutyun@…..

  2. Նոյեմբեր 9th, 2010 at 18:12 | #2

    Dranq bolore irenc hoginere vajarel en satanayin, anicveq duq hreshner

  1. No trackbacks yet.