> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐ

2. Վերահաշվարկ

Քանի որ այս խոսակցությունը բացվեց, թերեւս արժե եւս մեկ անգամ անդրադառնալ ինձ հետ տեղի ունեցած նախկին միջադեպին: Ընթերցողը հիշում է, անշուշտ, «Փոթորիկ Կոշի անապատում» հրապարակումս: Եթե չեք հիշում` վերընթերցեք: Այդ հոդվածում գրել էի, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի` «Կոշ» ՔԿՀ կատարած գիշերային այցից ու նրանց հետ իմ ունեցած հանդիպումից հետո, հաջորդ առավոտյան տեղեկություններ եմ ստացել, թե ՔԿՀ վարչակազմի եւ հանցավոր աշխարհի կողմից ուղղորդվող սալդաթների 15 հոգանոց խումբ է ձեւավորվել, որն այդ գիշեր իմ նկատմամբ ինչ-ինչ գործողություններ պետք է ձեռնարկեր: Իսկ Օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խումբը «Կոշ» ՔԿՀ էր եկել, որովհետեւ կեսգիշերին ահազանգ էր ստացել, թե իմ կյանքին կամ անվտանգությանը ինչ-որ բան է սպառնում:
Իմ դեմ ուղղված գործողությունները իրականում ոչ թե պլանավորված էին, այլ գտնվում էին իրագործման պիկի վիճակում: Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների այցելության պահին իմ եւ սերժանտիկների կոնֆլիկտը գագաթնակետին էր: Այն ժամանակ, սակայն, նախընտրեցի Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներին խնդիրը անուղղակի ներկայացնել, բայց նրանք կամ չհասկացան, կամ չցանկացան հասկանալ: Երբ ինձ հարցրին, թե արդյոք իմ կյանքին եւ անվտանգությանը որեւէ բան սպառնում է, ասացի, որ այդ հարցին կարող են պատասխանել միայն խոսակցությանը ներկա` «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը եւ ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը, որն անմիջական ղեկավարն է Լյովա Բաղդասարյանի: Այս կետում վերջինս ոգեւորվեց եւ հայտարարեց, որ իմ անվտանգության ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: ՔԿՀ պետի այս հայտարարությունից հետո հայտարարեցի, որ ինձ ոչինչ չի սպառնում: Չօգտագործեցի` «այլեւս ոչինչ» բառակապակցությունը, եւ մեր փոքրիկ Օմբուդսմենը ահազանգը կեղծ գնահատեց, իսկ թե որոշ թերթեր ինչպես արձագանքեցին տեղի ունեցածին, ինձ համար անսպասելի չէր: Որոշ մարդիկ իրենց ինֆլյացիայի հիմնական մեղավորը ինձ են համարում: Աստված իրենց հետ` թող համարեն:

Ինչ վերաբերում է իմ դեմ իրագործվող քայլերին, դրա հիմքը նույնն էր. ինձ փորձ էր արվում բացատրել, որ լրագրողական ու քաղաքական գործունեությունը կալանավորի բան չեն, ու քանի դեռ ազատազրկման վայրում եմ, պետք է լռեմ: Երբ անսասան մնացի իմ դիրքորոշման վրա, իմ դեմ ուղարկված սալդաթները այլ հանձնարարություն ստացան. ինձ ներքաշել ղումարի մեջ եւ «թավանի» տակ գցել: Նույնիսկ նվազագույն շեմ էր հաստատվել` 20 հազար դոլար: Երբ ինձ ղումարի մեջ ներքաշելու գիշերային փորձերը հօդս ցնդեցրի, ասելով, որ եթե անգամ Սերժիկը Սաշիկի եւ Նեմեցի թաթիկը բռնած գա` ոչ ոք չի կարող ինձ ղումարի մեջ ներքաշել, հանձնարարությունը փոխվեց: Նման դեպքերում, ի դեպ, իմ քնելատեղը շրջափակված էր լինում սալդաթների կողմից եւ ինձ ասվում էր, որ ես չեմ կարող հրաժարվել ղումարից, եթե պետք լինի` զաստավիտով թավանի տակ կգցեն: Շուտով համոզվելով, որ իմ պարագայում նման բան հնարավոր չէ, նույնիսկ` Սերժիկի, Սաշիկի եւ Նեմեցի համակողմանի աջակցության պարագայում` սալդաթները հեռացան, որոշ ժամանակ անց վերադառնալով նոր առաքելությամբ: Նրանց ասվել էր` էական չէ, ես ղումար խաղացել եմ, թե ոչ: Թող սալդաթներից մեկը ասի, որ ինձ 20 հազար դոլար կրել է, մի քանիսն էլ` հաստատեն այդ «փաստը»: Երբ այս լուրին քմծիծաղով վերաբերվեցի եւ սուրհանդակներին հիասթափեցրի` լարվածությունը հասավ գագաթնակետին: Շուտով ինձ հայտնեցին, որ ինձ «սատկացնելու» հանձնարարություն են ստացել, ու գիշերը փայտերով լուծելու են հարցերս եւ դրա համար ունեն անհրաժեշտ մարդկանց դաբրոն: Ու եթե ուզում եմ նման բան տեղի չունենա` երեք տարբերակ ունեմ` ա) դիմում գրել եւ տեղափոխվել փակ տիպի ՔԿՀ, բ) ներման խնդրագիր գրել Սերժ Սարգսյանին, գ) պարտավորվել կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում հոդվածներ չգրել կամ գրել միայն միջազգային թեմաներով. ելույթներ չունենալ, հարցազրույցներ չտալ: Տարբերակներից որեւէ մեկն ընտրելու համար ինձ տրված էր երեք ժամ ժամանակ:

Երբ Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները եկան, այդ երեք ժամը նոր-նոր սպառվել էր, ու երբ նրանց հետ գիշերային հանդիպումից վերադարձա` մեր հանրակացարանը շրջափակված էր ՔԿՀ աշխատակիցներով: Ասացին, որ իմ անվտանգությունն են ապահովում: Բայց ուշադրություն դարձրեք. ես որեւէ մեկին չէի ասել, որ իմ անվտանգությանը որեւէ բան սպառնում է: Տեսնես` որտեղից էին իմացել…
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Anushik
    Նոյեմբեր 9th, 2010 at 11:40 | #1

    qo payqar@ ankaseli e, qo haxtanak@ anxusapeli…

  1. No trackbacks yet.