> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆՈՒՂԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՂԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Օ¯, պաշտոնական քարոզչությունը տիեզերք է անեզր: Դարակազմիկ այս միտքը, ավելի ճիշտ` մտքերի այս ձեւակերպումը ծնվեց, երբ պառկած «ռադիոլուր» էի լսում: Աչքս համարյա կպած էր, ուստի չեմ հիշում, թե այդ ինչ համաժողով էր կազմակերպված Հայաստանում, որտեղ ելույթ էր ունենում «վարչապետ» Տիգրան Սարգսյանը: Բայց երբ սկսեց խոսել, քիչ մնաց մահճակալից ընկնեի, թուքս կատիկս թռավ. մեռնում էի կարճ ասած: Իսկ վարչապետ կոչվածը լացացնում էր ուղղակի: Ասում է` գիտե՞ք, ինչ է ասում: Ասում է` արտագաղթը Հայաստանից նվազել է, որովհետեւ կառավարությունը որդեգրել է սոցիալական քաղաքականություն: Այսինքն` մարդիկ սկսել են լավ ապրել ու էս վերջերս արդեն փաթթած ունեն արտագաղթը: Էդ համաժողովը, որում ելույթ էր ունենում, միջազգային էր կամ նման մի բան: Համենայնդեպս` ռուսերեն էր խոսում: Ասում է` մարդիկ զարմանում են, թե ինչպես, այդ ինչպես է Հայաստանի կառավարությանը հաջողվել այսքա~ն կարգավորված երթեւեկություն ունենալ: Ու ինքն էլ բացահայտում է գաղտնիքը. մեկ տարի առաջ, ասում է, կառավարությունը որդեգրեց անվտանգ երթեւեկության ռազմավարությունը ու` պիզդեց…: Հայաստանում հիմա աշխարհի ամենակարգավորված երթեւեկությունն է: Երթեւեկությունը ջայնամը լինի. Հայաստանում օրերս բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Այստեղ պիտի որ հնչեին բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, հնչեին հիացական բացականչություններ, բայց փոխարենը լրագրողի ձայնը մտավ: Երեւի չէին եղել բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, երեւի ներկաների մեջ եղել են մարդիկ, ովքեր հիշել են, որ 2009 թվականին Հայաստանը մեկ շնչի հաշվով աշխարհում ամենաշատ վարկեր վերցրած երկրներից է, ընդ որում` այդ վարկերը վերցվել են հնարավոր ամենաբարձր տոկոսներով: Հենց այդ վարկերով է կառուցվել աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Նման պայմաններում կարելի է ոչ միայն աշխարհի ամենաերկար ճոպանուղին կառուցել, այլեւ, օրինակ, աշխարհի ամենաբարձր շենքը: Իսկ Տաթեւի ճոպանուղին իսկապես դարակազմիկ կառույց ստացվեց, մանավանդ` Հանրապետության առաջին Պազի շոֆերի` ոչխարներ արտահանելու բիզնեսի իմաստով: Մասնագետները հաշվարկել են, որ Հալիձորից, Սատանի կամրջով, Տաթեւի ոլորաններով վերջինիս հարակից արոտավայրերը հասնելու ճանապարհին ամեն ոչխար 200 գրամ մաքուր միս է կորցնում, եւս 100-ը` իջնելուց: Ու քանի որ Տաթեւի ճոպանուղին ուղիղ ճանապարհ է, շուտով այն կհանձնվի գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը` Պազոյի ոչխարների տրանսպարտիրովկային ծառայելու համար: Հա, ինչ է եղել որ, Միմինոն ուղղաթիռով կով կտեղափոխի, 15 հազարամյա հայ ժողովուրդը ճոպանուղիով ոչխար չի՞ տեղափոխի: Իսկապես որ, Հայաստանը սկսել է առաջնորդվել «ամենա, ամենա» սկզբունքով: Եւ արդյունքները ակնբախ են. ահավասիկ` աշխարհում ամենաանուղեղ կառավարությունը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.