> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՒՐԱՑԱ՞Ք, ՍՈՂՈՒՆՆԵՐ

ՈՒՐԱՑԱ՞Ք, ՍՈՂՈՒՆՆԵՐ

ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանատունը հերքում էր փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող պնդումը, թե Սերժ Սարգսյանն է իրենց խնդրել չթեժացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` հայ-թուրքական երկխոսությունը չխաթարելու համար, հայ հանրությունը երկու մասի կբաժանվի: Մի մասը կհավատա, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով հանդես է եկել, մյուս մասը չի հավատա, եւ սոցիալական ցանցերում այս կապակցությամբ թեժ բանավեճ կծավալվի: Իրականում, սակայն, բանավեճի թեմա չկա, եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նման խնդրանքով դիմել է ամերիկյան կողմին: Ի՞նչ է նշանակում, եթե ոչ այդպիսի խնդրանք, 2009 թվականի ապրիլի 23-ին, այսինքն` Բարաք Օբամայի առաջին նախագահական ապրիլի 24-ի նախաշեմին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների տարածած համատեղ հայտարարությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ ստորագրելու մասին: Ինչո՞ւ էր հայկական կողմը, Սերժ Սարգսյանի վարչակազմը համաձայնում նման հայտարարություն ստորագրել հենց ապրիլի 23-ին, երբ ողջ հայությունը շունչը պահած սպասում էր, որ Բարաք Օբաման կկատարի նախընտրական խոստումը եւ պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մի՞թե բոլորի, այդ թվում` Սերժ Սարգսյանի համար ակնհայտ չէր, որ նման «պատմական» հայտարարությունից հետո ԱՄՆ որեւէ նախագահ չէր կարող ցեղասպանության ճանաչմամբ հանդես գալ, այլապես կնշանակեր, որ դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այսպիսով, էական չէ` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի յութուբյան հայտարարությունը բառացի իմաստով համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Անկախ դետալներից, այդ հայտարարությունը ճիշտ է գլոբալ իմաստով: Գոնե ֆորմալ առումով հենց Սերժ Սարգսյանի դիրքորոշումն ու վարած քաղաքականությունն է պատճառը, որ Բարաք Օբաման չի կատարել նախընտրական խոստումը ցեղասպանության ճանաչման մասին: Ճիշտ է, 2010 թվականին Սերժ Սարգսյանը կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների խորհրդարանական վավերացման գործընթացը, բայց արձանագրությունները կան, եւ ինչպես Սերժ Սարգսյանը չի կորցրել դրանց վավերացման համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ձեւավորման հույսը, այնպես էլ` միջազգային հանրությունն է ամեն ինչ անում արձանագրությունները վերջնականորեն չթաղելու համար: Ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կթաղի հայ-թուրքական արձանագրությունները: Եւ դրանց տակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ստորագրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չթեժացնելու մշտական խնդրանք է` ուղղված ամբողջ աշխարհին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.