> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՅՈՒ ՎԱՍՅՈՒԿԻ` ԸՍՏ ՄԵՆՈՒԱՅԻ

ՆՅՈՒ ՎԱՍՅՈՒԿԻ` ԸՍՏ ՄԵՆՈՒԱՅԻ

ՄենուաՏրամաբանությունը, փաստորեն, հետեւյալն է. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է ուսումնասիրի «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» ներկայացրած ծրագրերը եւ որոշի, թե ում է տրամադրում մրցույթի հանված հեռուստահաճախականությունը: Ստացվում է, որ այդ հաճախականությանը պետք է տիրանա լավագույն ծրագիր ներկայացրած ընկերությունը: Բայց ի՞նչ է նշանակում լավագույն ծրագիր. Վասյուկի ավանի բնակիչներին թվում էր, թե Օստապ Բենդերի ծրագիրը Նյու Վասյուկիի մասին լավագույնն է աշխարհում, եւ նա իրենց բնակավայրը դարձնելու է աշխարհի կենտրոն, մինչեւ չհասկացան, որ դա սովորական խաբեություն է: Մոտավորապես նույն վիճակն է նաեւ «Արմնյուզի» պարագայում: Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ ծրագիր է ներկայացրել այս հեռուստաընկերությունը 2010 թվականի ընթացիկ մրցույթին, բայց գիտեմ, թե ինչ ծրագիր է ներկայացրել նախորդ մրցույթին եւ «Ա1+»-ին «հաղթելով» ու հեռուստատեսային կապուղի ստանալով` ինչպես է այն իրագործել:

Ներկայացրել է Նյու Վասյուկիի ծրագիր, բայց ստեղծել է Լիսկայի եւ Մենուայի մակարդակի հեռուստաընկերություն: Եւ այս փորձը նախորդ մրցույթում ներկայացված պլպլան ծրագրի հիման վրա ստեղծված անհեթեթ, գորշ ու տխմար հեռուստաալիքը տրամաբանող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ կդարձնի, թե քանի գրոշի արժեք ունի 2010 թվականին «Արմնյուզի» ներկայացրած ծրագիրը: Չգիտեմ, թե ինչ ծրագիր է ներկայացրել «Ա1+»-ը, բայց նույնիսկ «ամենաթույլիկ» ծրագիրը տվյալ դեպքում ավելի ուժեղ է «Արմնյուզի» ներկայացրած ամենաուժեղ ծրագրից: «Արմնյուզը» կարող է խոստանալ, որ Լարի Քինգի շոուն տեղափոխելու է իր մոտ, որ վարկանիշով խփել-անցնելու է CNN-ին, կարող է խոստանալ, որ ավելի բաց է լինելու, քան Կիսիլյովի ժամանակների HTB-ն, բայց նման խոստումը գրոշի արժեք չունի, որովհետեւ յոթ տարի մենք տեսնում ենք, թե այս ընկերությունը ինչպես է կատարում, կամ ավելի ճիշտ` չի կատարում իր ծրագրային խոստումները: Պրոբլեմն այն է, սակայն, որ ի դեմս ՀՌԱՀ-ի, գործ ունենք «Արմնյուզի» հանցակցի հետ: Հենց ՀՌԱՀ-ն էր պարտավոր հետեւել, որ «Արմնյուզը» նախորդ 7 տարիներին կատարի իր ծրագրային պարտավորությունները եւ չկատարման փաստը արձանագրելուց հետո այդ հեռուստաընկերությանը արտոնագրից զրկելու հարցով պետք է դիմեր դատարան: Չի արել, նշանակում է` չանելու հրահանգ է ստացել Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգից: Եւ հիմա էլ անելու է այն, ինչ կհրահանգի «անկախ» հանձնաժողովի տերը:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.