> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԺԱՄԱՆԱԿԸ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ

ԺԱՄԱՆԱԿԸ ՋՆՋՈՒՄ Է ՀԵՏՔԵՐԸ

Կիսահարբած սեղանների շուրջ եւ բակային զրուցարաններում տարածված կարծիքը, թե Նաիրի եւ Կարեն Հունանյանները` հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած հանցախմբի ղեկավարը եւ նրա եղբայրը, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում աղայավարի են ապրում, իրականությանը կարծես թե չեն համապատասխանում: Նման տպավորություն ստացել եմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարան) 7 ամիս կալանք կրելու ընթացքում: Հունանյանները հենց այդ ՔԿՀ-ում են կրում ցմահ ազատազրկումը: Գրել եմ արդեն, որ ի տարբերություն այլ ՔԿՀ-ների, «Երեւան-Կենտրոնում» գտնվող կալանավորները այլ կալանավորների չեն հանդիպում: Օրերից մի օր, սակայն, մի կիսաբաց դռան հետեւում աչքովս էր ընկել մեկը, որը կարծես Նաիրի Հունանյանն էր: Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, հետեւյալն էր` երկար չի ձգի: Բերանում ատամ չկար, մազերը խուզած էր, հագին` կալանավայրի պետական «սպեցովկա»: Մեկուսարանում նման հագուստ վստահաբար ոչ ոք չի կրում: Ինձ հաջողվեց ճշտել, որ Նաիրի Հունանյանը միայնակ է պահվում խցում, իսկ թե որ խցում` չկարողացա իմանալ, բայց գրեթե վստահ կարող եմ ասել, որ հեռուստացույց կամ որեւէ կալանավորական ճոխություն չունի, սնվում է «Երեւան-Կենտրոնի» խոհարարի պատրաստած բալանդով, որից մի օր երեք գդալ կերա ու վատացա, ծխում է «չիբուխ» կամ ոչ ֆիլտրով որեւէ այլ ծխախոտ: Սա միակ «հավելյալ» ծախսն է, որ հայրենի պետությունը անում է Նաիրի Հունանյանի համար (ՀՀ օրենսդրությամբ դատապարտյալներին ծխախոտ չի տրվում): Ընդ որում, այդ ծխախոտը պահվում է հսկիչի մոտ, եւ ծխելու համար Հունանյանն ամեն անգամ ստիպված է թակել դուռը եւ մի հատիկ ծխախոտ խնդրել: Նկատի ունեմ` այդ ծխախոտն էլ քվոտայով են տալիս: Իսկ ահա Կարեն Հունանյանի մասին ավելի որոշակի տեղեկություններ ունեմ: Մի օր ՔԿՀ-ում հոսանքն անջատվել էր, ինչի արդյունքում մեր խցում ոչ հեռուստացույց կար միացրած, ոչ էլ որեւէ այլ սարք: Սրա արդյունքում առաջացած լռությունը ավելի էր ամրապնդվում կիրակի օրվա պատճառով. ԱԱԾ բակում, դեպի ուր նայում էր մեր խցի պատուհանը` ոչ մի շարժ չկար: Եւ ահա այս լռությունը սկսեց խախտվել կողքի խցում ծավալվող իրադարձությունների պատճառով: Սկզբից տպավորություն էր, թե երկու խցակից վիճում են: Հետո, երբ ձայները բարձրացան, ակնհայտ դարձավ, որ խոսողը մի հոգի է: Սկզբում խոսակցության իմաստը անհասկանալի էր, բայց ժամանակ առ ժամանակ շեշտվում էր «Մոսադ» բառը: Չիմացողների համար ասեմ, որ սա հրեական պետության, Իսրայելի հատուկ ծառայության անունն է: Բնականաբար` այս խոսակցությունը չէր կարող հետաքրքիր չլինել: Ինչ մեղքս թաքցնեմ` ականջներս սրեցի: Խոսակցության լեյտմոտիվը հետեւյալն էր. «Մոսադի» ներկայացուցիչները «եկել եւ բանակցում էին» խոսողի հետ` նրան շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկելով: Խոսողը հրաժարվում էր համագործակցությունից` պատճառաբանելով, որ համակրանքով է վերաբերվում պաղեստինցիների ազատագրական շարժմանը: Ինձ համար ակնհայտ էր, որ խոսողը Հունանյաններից մեկն էր: Ակնհայտ էր նաեւ, որ կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, կամ էլ գտնվում է դրա շեմին: Հսկիչները հետո կոնֆիդենցիալ զրույցում հաստատեցին, որ դա Կարեն Հունանյանն էր:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում էի, երբ հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացավ: Հունանյանի հանցախմբի բացահայտված եւ դատապարտված 7 անդամներից այս պահին կենդանի են Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Նաիրի եւ Կարեն Հունանյանները: Ազատազրկման վայրերում իրենց մահկանացուն են կնքել Նորայր Եղիազարյանը, Վռամ Գալստյանը եւ Համլետ Ստեփանյանը: Իրադարձությունները, փաստորեն, զարգանում են իշխանություններին ձեռնտու սցենարով:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հոկտեմբեր 27th, 2010 at 17:05 | #1

    ,,…Գրել եմ արդեն, որ ի տարբերություն այլ ՔԿՀ-ների, «Երեւան-Կենտրոնում» գտնվող կալանավորները այլ կալանավորների չեն հանդիպում: Օրերից մի օր, սակայն, մի կիսաբաց դռան հետեւում աչքովս էր ընկել մեկը, որը կարծես Նաիրի Հունանյանն էր:,,

    Նիկոլ ջան, այն որ կգբ-ի մեկուսարանում գտնվող կալանավորները այլ կալանավորների չեն հանդիպում, դրա մասին թերևս բոլորը գիտեն: Բայց որ օրերից մի օր, կիսաբաց դռնից նկատել ես Նաիրի Հունանյանին, սա արդեն ուշադրության արժանի հանգամանք է: Անկախ նրանից, քո նկատած անձը Նաիրի Հունանյան է եղել, թե մեկ ուրիշը, այստեղ հարցի կարևորություն նրանում է որ դու նկատել ես այդ անձին, կիսաբաց դռնից ես նկատել: Ես հիմա չեմ էլ կասկածում որ դու հենց Նաիրի Հունանյանին նկատած լինես: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ հենց դու պետք է տեսնեիր, ու ինչո՞ւ հենց Նաիրի Հունանյանին: Արդյոք դա պատահականություն է՞ եղել, ինքս չեմ կարծում: Ենթադրում եմ, որ դու էլ նույն կարծիքին ես եղել, որ դա պատահականություն չի եղել, որ այդպիսի պատահականություն ԱԱՆ մեկուսարանում հնարավոր չեր, և երևի թե հենց այս կասկածն էլ քեզ ստիպել է այսքան ժամանակ այդ մասին չբարձրաձայնես: Ու չեմ զարմանա, որ օրերից մի օր պարզվի, որ Նաիրի կոչեցյալի վիճակը տեսնելով ու այդ մասին չբարձրաձայնելով, ու փչացրած լինես նրանից ազատվելու ցանկություն ունեցողների մութ ծրագիրը…
    ասում ես առաջին տպավորությունդ են էր, որ երկար չի ձգի: Սա հաստատ անհանգստության ու հուսախաբության պատճառ կդառնա շատերի համար: Այն շատերի, ովքեր հույս ունեն, որ մեր Հայրենիքում մի օր իրավիճակը կփոխվի ու այդ ժամանակ Նաիրի Հունանյան կոչված ստահակի բերանը կբացվի: Իսկ նրա ֆիզիկական մահից հետո, մեր շատ հայրենակիցներ այլևս չեն հավատա որ այդ ոճրագործությունը մի օր բացահայտվելու է:
    Սակայն ես այդ կարծիքին չեմ… 2008թ-ի փետրվար-մարտ ամիսներին, երբ հերթական անգամ շրջանառության մեջ դրվեց որ Ն.Հունանյանը կենդանի չի, մարդիք ինձ էլ էին գրում ու այդ մասին ճշտող հարցեր ուղում: Պատասխանս մեկն էր, այն միակը որում մինչև հիմա համոզված եմ, որ եթե Նաիրիին էլ, նրա եղբորն էլ ու այդ գործով մյուսներին սպանեն, դրա չի խանգառելու Հոկտեմբերի 27-ը բացահայտելուն: Հա, իհարկե նա կարող է նոր բաներ, նոր մանրամասներ հաղորդել, բայց քր.գործի նյութերը, դրանցում եղած ցուցմունքներն ու բազմաթիվ այլ բաները այնքան շատ են, որ եթե իրավագետները փորձեն անաչառ ձևով հետաքննել ու հանցագործության պատկերը ստանել, ապա այդ դեպքում սուտն ու կեղծիքը ինքստիքյան է իրարից զատվելու:

    Ինչ վերաբերվում է կոնկրետ Նաիրի Հունանյանին, ով համարվում է ահաբեկչության անմիջական կատարողների մեջ գլխավոր դերակատարն ու կազմակերպիչը, ապա ինքս այդ կարծիքին չեմ: Հիշում ե՞ս, ես ՀԺ-ում գրել ու հիմնավորել եմ որ քր.գործի մանրամասն ուշադրություն դարձնելիս այնպիսի տպավորություն եմ ստանում, որ հանցախմբին ուղորդողը Նաիրի Հունանյանը չի եղել, այլ Էդիկ Գրիգորյանը: ,,Վռամ Գալստյանը լուրջ խոչնդոտ է,, հոդվածս տպեցիր Վռամի, իբրև ինքնասպան լինելուց 10 ամիս առաջ: Նա սպանվեց, որովհետև ցուցամատը Էդիկ Գրիգորյանի կողմն էր պարզել…

  1. No trackbacks yet.