> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՇԻՆՈՒՄ ԵՔ ԴՈՒՔ, ՎՃԱՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՇԻՆՈՒՄ ԵՔ ԴՈՒՔ, ՎՃԱՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Արդի իրականության պարադոքսներից մեկն այն է, որ չնայած ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակների պնդումներին, թե քոչարյանասերժական իշխանությունն իրեն վստահ չի զգում եւ գոյատեւում է տապալման ամենօրյա վախը սրտում, օլիգարխներն ու այսօրինակ տարրերը շարունակում են բավական ակտիվ օբյեկտաշինությունը: Շարքային քաղաքացու մեջ, ըստ այդմ, հարց է ծագում. եթե նրանք վստահ չեն իրենց վաղվա օրվա համար, ինչո՞ւ են այդքան գումար վատնում` նորանոր օբյեկտներ կառուցելու նպատակով, եւ մի՞թե այդ շինարարությունը, այդ գործելակերպը չի հերքում իշխանության հոգեբանական վիճակի մասին ընդդիմության պնդումները: Առաջին հայացքից հենց այդպես էլ կարող է թվալ: Իրականությունն այն է, սակայն, որ օլիգարխները սեփական գրպանից ոչ մի կոպեկ չեն ծախսում այդ օբյեկտների վրա, եւ այդ մեխանիզմը հստակ երեւաց 2009 թվականին Հայաստանի ստացած վարկերի վերաբաշխման ժամանակ: Կառավարությունն, ըստ այդմ, տարբեր աղբյուրներից վարկեր է բերում, որոնք ավելացնում են Հայաստանի արտաքին պետական պարտքը: Սա այն գումարն է, որ մեր երկիրը պետք է վերադարձնի, նաեւ` տոկոսները վճարի ապագայում: Այս գումարներն, ահա, Հայաստանի ներսում օգտագործվում են բիզնեսի տարբեր ճյուղեր վարկավորելու համար: 2009 թվականին, օրինակ, մեծ վարկեր տրվեցին օլիգարխներին եւ պաշտոնյաներին անավարտ շինարարությունները վարկավորելու համար: Ընդ որում` այդ վարկերի մի հսկայական մասը տրվեցին բյուջետային երաշխիքներով: Սա նշանակում է, որ եթե օլիգարխը, պաշտոնյան ինչ-ինչ պատճառներով չկարողանա վերադարձնել վարկը, այդ պարտավորությունը ավտոմատ ձեւով կփոխանցվի պետական բյուջեին, այսինքն` ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ է սա նշանակում, շատ պարզ մի բան. օլիգարխը չեղած տեղից վարկ է վերցնում, օբյեկտ սարքում եւ դառնում սեփականատեր: Շինարարությունն էլ կազմակերպում է իրեն պատկանող ընկերությունների միջոցով: Այսինքն` ստացված վարկի մի մասը դառնում է շահույթ այդ նույն օլիգարխի համար, դեռ մի բան էլ շինարարական հավելագրումների միջոցով գրպանվում է: Սրանից հետո օբյեկտը սկսում է աշխատել իշխանությունների հաստատած մենաշնորհային քվոտայի շրջանակներում եւ շահույթ բերել: Ստացվում է, որ օլիգարխը սեփական գրպանից ոչ մի կոպեկ չծախսելով` շահույթ է ստանում: Եւ որ ավելի կարեւոր է, եթե վաղը քաղաքական այս կամ այն իրադարձության պատճառով ստիպված լինի թռնել Հայաստանից, միեւնույն է` չի վնասվում եւ մի բան էլ պլյուսով է դուրս գալիս: 2008 թվականի Մարտի 1-ից հետո օլիգարխաիշխանական դեմքերի շինարարության 90 տոկոսը իրականացվել է Ռուսաստանից, ԱՄՀ-ից, Համաշխարհային բանկից բարձր տոկոսով Հայաստանի վերցրած վարկերի հաշվին: Իսկ օլիգարխների փողերը դուրս են եկել Հայաստանից եւ շարունակում են դուրս գալ: Նրանց գույքի զգալի մասը գրավադրված է բանկերում, իսկ դրանց դիմաց ստացված փողերը դուրս են բերված երկրից: Շտիռլից Աբոյի օրինակը սա ցույց տվեց. մարդը պարտքերի դիմաց տվեց օբյեկտները, իսկ ինքը մեկնեց արտերկիր: Ցանկացած օլիգարխ ցանկացած պահի պատրաստ է լքել Հայաստանը եւ այս մասին հոգ է տարել դեռ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.