> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԵԼԻՈՍ ՊՈԼԻՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ

ԿԵԼԻՈՍ ՊՈԼԻՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ

Ջոն ՊրեսկոտՄենք, այնուամենայնիվ, մոլորվում ենք` մտածելով, թե աշխարհաքաղաքական կենտրոններում վատ են զգում այն փաստից, որ Հայաստանում հանցագործ իշխանություն է հաստատվել: Ուղիղ հակառակը. այդ հանգամանքը գերտերություններին հնարավորություն է տալիս առավել հեշտությամբ կառավարել պրովինցիալ նշանակություն ունեցող երկրները: Իսկ «կայսերական» էմիսարների համար հանցագործ իշխանությունը փող աշխատելու անսպառ աղբյուր է: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի տիպի ուզուրպատորները ձեռնտու են արտաքին ուժերին, որովհետեւ առանց նրանց չեն կարող պահել իշխանությունը: Եւ որքան ատելի լինեն սեփական ժողովրդի համար, այնքան հնազանդ կլինեն կայսերական կուսակալներին եւ ամեն ինչ կանեն նրանց բարեհաճությանն արժանանալու համար: Նման պնդումը այսօրվա մեջ տեսական է թվում եւ անապացուցելի: Պատմական զուգահեռները, սակայն, երբեմն այնքան ճշգրտորեն են համադրվում այսօրվա իրավիճակի հետ, որ, թվում է` ապացույցի նշանակություն են ձեռք բերում: Նման մի զուգահեռ խիստ պատեհ թվաց Երեւանում ԵԽ-ի կազմակերպած խորհրդաժողովի անցկացման ֆոնին: Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո, որ տեղի ունեցավ Ք.ծ.ա. 1 դարում, Տիգրան Դ թագավորի մահվանից հետո, Հայոց պետականությունը առավել անկայուն վիճակում էր, եւ նրա գահին հայտնվում էին դրածոներ: Այդպիսի մի դրածո էր նաեւ վրացի Միհրդատը, որը Վրաց Փարսման Ա թագավորի եղբայրն էր եւ հայոց գահին կարգվել էր Հռոմի կողմից: Փարսման Ա-ի որդին` Հռադամիզդը թագավորական ամբիցիաներ է դրսեւորում դեռ հոր կենդանության օրոք, եւ վերջինս որդու վտանգավոր ամբիցիաները ուղղորդում է դեպի հայկական գահը` եղբայր Միհրդատը: Հռադամիզդը Ք.ծ. 50 թվականին զորքով գալիս եւ Միհրդատին պաշարում է առնիի ամրոցում, որն ուներ նաեւ հռոմեական կայազոր, որի հրամանատարներն էին պրեֆեկտ Պոլիոնը եւ ցենտուրիոն Կասպերիոսը: Չկարողանալով գրավել պաշարված առնին, Հռադամիզդը կաշառում է Պոլիոնին, որը դրանից հետո Միհրդատին եւ Կասպերիոսին փորձում է համոզել` ամրոցը հանձնել Հռադամիզդին: Կասպերիոսը կտրականապես դեմ է արտահայտվում նման հեռանկարին` ելնելով այն ժամանակ հաստատված միջազգային իրավունքի սկզբունքներից: Նա կարողանում է ժամանակավոր զինադադար հաստատել, բայց համոզվելով, որ իրավիճակը չի շտկվում` շտապում է Ասորիք` հռոմեական կառավարիչ Ումիդիոս Քվադրատոսին զեկուցելու ստեղծված վիճակի մասին: Այս ընթացքում, սակայն, պրեֆեկտ Պոլիոնի միջնորդությամբ երկխոսություն է ծավալվում պաշարված Միհրդատի եւ Հռադամիզդի միջեւ: Պոլիոնը Միհրդատին համոզում է հադիպել Հռադամիզդի հետ, որը Հայոց թագավոր համարվող հորեղբորն ընդունում է գրկախառնությամբ, քանի որ երդված է լինում` ոչ սրով, ոչ թույնով բռնություն չգործադրել նրա նկատմամբ: Ի վերջո, սակայն, Հռադամիզդը Միհրդատին սպանում է առանց երդմնազանց լինելու. նրան գետնին է գցում եւ վրան լցնում բազմաթիվ ծանր գորգեր: Քարաբաղնիս է անում` կարճ ասած: Ցենտուրիոն Կասպերիոսը այս մասին տեղեկանում է Ասորիքի ճանապարհին եւ տեղ հասնելուն պես զեկուցում Քվադրատոսին. «Միհրդատը դավաճանորեն սպանված է, թագավորությունը գրավել են մարդասպանները. չէի՞ք հրամայի վրեժ առնել»,- հարցնում է նա, ինչին Քվադրատոսը աներեւակայելի պատասխան է տալիս. «Բոլոր արտաքին (այսինքն` կայսրության սահմաններից դուրս.- Ն.Փ.) հանցագործությունները պետք է ուրախությամբ ընդունվեն, նույնիսկ ատելության սերմեր է պետք ցանել (…) Թող իշխի Հռադամիզդը հանցանքով ձեռք բերվածին, միայն թե` լինի ատելի, փառազուրկ, որովհետեւ այդ ավելի ձեռնտու է, քան թե նա փառքով արտաքսված լիներ»: Այս դեպքերի մասին պատմող Տակիտոսը ամփոփում է. «Այդ կարծիքը հավանություն ստացավ: Սակայն որպեսզի չթվա, թե հանցանքը խրախուսվել է (…) Փարսմանի (եւ Հռադամիզդի) մոտ ուղարկվում են սուրհանդակներ, ասելու, որ նա հեռանա Հայաստանի սահմաններից»: Հետագայում, սակայն, իրադարձությունները այլ տրամաբանությամբ են զարգանում. Կապադովկիայի հռոմեական կուսակալ Պելինգոսը 51 թվականին Արտաշատում Հռադամիզդին թագադրում եւ հռչակում է Հայոց թագավոր` սրա համար խոշոր կաշառք ստանալով: Պոռնկաբարո այս քաղաքականությունը էլ ավելի է խորացնում հայ ժողովրդի ատելությունը Հռադամիզդի եւ Հռոմի նկատմամբ: Ու երբ 52 թվականին Պարթեւ Վաղարշ թագավորի եղբայր Տրդատը զորքով մտնում է Հայաստան, հայերը նրան ցնծությամբ են դիմավորում: Հռադամիզդը մազապուրծ փախչում է, բայց մեկ տարի անց զորքով նորից մտնում է Հայաստան, վերականգնում իր իշխանությունը եւ ժողովրդին դաժանորեն պատժում «դավաճանության» համար: Ժողովուրդը, սակայն, 54 թվականին ապստամբում է եւ զինված հարձակում ձեռնարկում Հռադամիզդի պալատի վրա: Հռադամիզդը կրկին հրաշքով խուսափում է մահվանից եւ փախչում Իբերիա, որտեղ էլ սպանվում է: Հայոց գահը վերադարձվում է Տրդատ Ա Արշակունուն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. HAY 555
    Հոկտեմբեր 19th, 2010 at 23:12 | #1

    araks inch kcucane ?????
    ….m evropan , menq mer vra piti huys dnenq…..

  1. No trackbacks yet.