ԵՐԲ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է, ՊՈՒՏԱՆԿԵՔԸ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ ԵՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին նախագիծը, որ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը, իրականում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական ասպարեզում հաստատված խորը ճգնաժամի վկայությունն է: Սրա ամենավառ ապացույցն է այն, որ նախագծին կողմ արտահայտվողների փաստարկները հիմնավոր են, հիմնավոր են նաեւ դեմ արտահայտվողների փաստարկները, իսկ լուծում իրականում չկա: Ենթադրենք ` այսօր ՀՀ ԱԺ-ն ճանաչեց Ղարաբաղի անկախությունը, ի՞նչ ենք անելու վաղը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար: Արդյունավետ որեւէ քայլ մենք չունենք, որովհետեւ առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից գոնե մեկի հզոր աջակցության մենք չենք կարող որեւէ երկրի կողմից Ղարաբաղի ճանաչմանը հասնել: Նման ճանաչում չենք կարող ստանալ նույնիսկ Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից: Սա նշանակում է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նման կլինի նրան, եթե ասեքն Հայաստանը ինքը իրեն հռչակի «Բրիթիշ փետրոլիումի» սեփականատեր: Մյուս կողմից, սակայն, ի՞նչ է անում Հայաստանը, եթե Լեռնային Ղարաբաղի անկախությունն էլ չի ճանաչում: Ոչինչ էլ չի անում, բացի ստեղծված ճգնաժամային, հուսահատ եւ սութի հայրենասիրական մթնոլորտը խրացնելուց: Հայաստանը հիմա նույնիսկ ժամանակ չի ձգում` հիմա ժամանակն է ձգում Հայաստանին, վերջինիս մաշելով բարոյապես, ֆիզիկապես եւ մնացած բոլոր հնարավոր առումներով: Այսօրվա վիճակում ճանաչենք Ղարաբաղի անկախությունը` արտաքին եւ ներքին քաղաքական ճգնաժամը ավելի կխորանա, չճանաչենք ԼՂՀ անկախությունը, արտաքին եւ ներքին ճգնաժամը առանց այն էլ խորանում է: Սրանում է մեր իրականության ամենակարեւոր առնձնահատկությունը. իրական լուծումներ հետապնդելու փոխարեն, քաղաքական շոումենները մեզ մատուցում են գլամուրային տեսարաններ. էս մեկը թավ բեղերի տակից ալամ աշխարհի հայության անունից Ղարաբաղն է դոշով պաշտպանում` Ազգային ժողովի անբիոնից, էն մյուսն էլ` աշխարհի հերթական կենտրոն է դարձնում Տաթեւը ու քանի որ թշվառության ու աղքատության մեջ ապրող` տանջահար եւ սովահար տաթեւացին չի համապատասխանում սերժիկասաշիկամիշիկական էլիտ լայֆի գլամուրային սթայլին, գյուղում տեղի ունենալիք «Համաշխարհային իրադարձության» օրը որոշվել է գյուղացիներին փակել իրենց տներում` մաշած խալաթներով վերսաչիական ֆոնը չփչացնելու համար: Բայց չկասկածեք` Լիսկայի հին ագառկեքից մեկը անպայման կճեղքի ոստիկանական շղթան, Սերժ Սարգսյանի վզովը կընկնի եւ նրան շնորհակալություն կհայտնի Տաթեւը կործանումից փրկելու համար: Երախտապարտ այդ տիկնոջ հագին պատշաճ շորեր կլինեն` իսկ ինքը կբուրի ֆրանսիական օծանելիքի նրբահյուս հոտով` տիրոջ ռնգերի հանգիստը չալեկոծելու համար:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Այսքան դաժան չէիր գրի, եթե իրականությունը այսքան դաժան չլիներ:
Inchpes misht shat lavn e…