> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ` ՉԻՔ

ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ` ՉԻՔ

Սերժ ՍարգսյանԲոլորը, բոլորը, բոլորը մթոմ զարմացած փորձում են հասկանալ, թե ինչու ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում հայ-թուրքական սահմանը չբացվեց: Իրականում հասկանալու ոչ մի բան չկա, եւ զարմանալու առիթ` չիք: Ինչպե՞ս կարող է ատամնաբույժի մոտ գնալու նպատակով սկսված պրոցեսը հանգեցնել սպառողական գների նվազման: Նման բան տեսականորեն կարող է տեղի ունենալ, եթե բազմաթիվ, բազմաթիվ գործոններ հանգամանքների եւ պատահականության բերումով համադրվեն, համընկնեն: Հավանականությունը, սակայն, կամ շատ քիչ է, կամ` ավելի հաճախ` հավասար է զրոյի: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աղմուկ-աղաղակին, ի վերջո, եթե ոչ գիտակցության առաջին շերտում, գոնե ենթագիտակցորեն բոլորս հասկանում ենք, որ այդ գործընթացի նպատակը ոչ թե երկու երկրների հարաբերությունների կարգավորումն էր, այլ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախընտրական աներկբա խոստումը չկատարելու հնարավորություն տալը: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկնարկեց այն ժամանակ, երբ միջազգային բուքմեյքերական գրասենյակները արդեն իսկ անհավանական էին համարում Բարաք Օբամայի պարտությունը նախագահական ընտրություններում: Եւ հետագայում արդեն երկու անգամ Օբամային հնարավորություն տվեց, ի հեճուկս տղամարդավարի խոստման, խուսափել ցեղասպանություն բառն արտասանելուց եւ չկորցնել դեմքը: Հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա կիսասառեցված վիճակը, ի վերջո, շարունակում է ծառայել նույն նպատակին: Ամեն անգամ նախաապրիլյան շրջանում հայ-թուրքական երկխոսությունը վերականգնելու դրամատիկ ջանքեր կգործադրվեն, ամեն անգամ այդ ջանքերը հօդս չցնդեցնելու համար Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չի արտասանի ցեղասպանություն բառը, ամեն անգամ վերլուծաբանները կվերլուծեն, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը եւ այսպես շարունակ: Իհարկե, չի կարելի ասել, որ ԱՄՆ-ն չի ցանկանա ձեռքի հետ իսկապես կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, բայց սա արդեն ուրիշ, լրիվ ուրիշ խնդիր է, շատ ավելի ծավալուն եւ ընդգրկուն, որը որեւէ կապ չունի ֆուտբոլային դիվանագիտության հետ: Իսկ ֆուտբոլային դիվանագիտությունը ինչպես ծառայել, այնպես էլ ծառայում է իր նպատակին, եւ պրոցեսի մասնակիցներից յուրաքանչյուրը իր բաժին օգուտը ստացել է. Ռուսաստանը ծառայություն է մատուցել ԱՄՆ-ին եւ Թուրքիային եւ սրա դիմաց այլ ծառայություններ ստացել, Սերժ Սարգսյանը Օբամայի-բանի հետ նկարվելու եւ CNN-Եվրանյուզով ցուցադրվելու առիթ է ստացել, Թուրքիան հաջողությամբ քիթը խոթել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթաց, Բարաք Օբաման էլ` արդեն ասացինք: Ֆուտբոլային դիվանագիտությունից շահել են շատերը, բացառությամբ, թերեւս, հայ-թուրքական հարաբերությունների:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Գոհար
    Հոկտեմբեր 21st, 2010 at 16:24 | #1

    Ապրես ազատություն քեզ ու աստված քեզ հետ;Հաղթելու ենք

  1. No trackbacks yet.