> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՈՐԵՆԱՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ

ԽՈՐԵՆԱՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ

Մովսես ԽորենացիՀՄ նախագահ Լեւոն Անանյանի` «ՀԺ»-ի երեկվա համարում տպագրված խոսքը ընտրություն չթողեց իմ այսօրվա գրելիքի հարցում: Այս պահին վայր եմ դնում գրիչս եւ առաջարկում էլի մեկ անգամ միասին ընթերցել Մովսես Խորենացու «Ողբը», որով եզրափակվում է Քերթողահոր «Հայոց պատմությունը»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՈՂԲ` ՀԱՅՈՑ ԹԱԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՍՈՒՐԲ
ՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ եւ ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեզարդությունից անշքացած, քաջ հովվից եւ հովվակցից զրկված: Այլեւս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում եւ հանգիստ ջրերի մոտ սնվելիս եւ ոչ էլ փարախի մեջ ժողովված` գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում եւ գահավեժ տեղերում:
Երանի° առաջին եւ երկրորդ փոփոխություններին, որովհետեւ եղավ մի ժամանակ, որ փեսան եւ խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ, ինչպես մեկը մեզանից առաջ իմաստնաբար ասաց: Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը եւ եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով: Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս` այլեւս չկա դարձի ակնկալություն, որովհետեւ մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ:
Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել եւ հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, եւ մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից: Որովհետեւ այնպես չէ (մեր վիճակը), ինչպես հնում այն (իսրայելացիների) ժողովուրդը, այլ մեր թշվառությունն ավելի է: Որովհետեւ Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդի դեպի Ավետյաց երկիրը: Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, եւ Աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հիսուն տարիքը: Եղիան համբարձվեց, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով: Հեսուին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու: Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորաբաբելը, որ տերությունը նորոգի: Անտիոքոսը հարկադրում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում, պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում: Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից եւ կռիվներ հերձվածողների կողմից, եւ չկա այն խորհրդականը, որ խրատեր եւ պատերազմի պատրաստեր:
Ավա°ղ այս զրկանքներին, ավա°ղ այս թշվառ պատմությանը: Ի°նչպես դիմանամ այս ցավերին, ի°նչպես ամրապնդեմ միտքս ու լեզուս եւ հայրերիս հատուցեմ խոսքով ծնունդի եւ սնունդի փոխարեն: Որովհետեւ նրանք ինձ ծնեցին եւ սնեցին իրենց տված ուսումով եւ ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու: Եւ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ ամենիմաստ գիտությամբ եւ լիակատար պատրաստությամբ, եւ մենք էլ Բյուզանդիայից շտապ-շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքում պարել, խիզախ եւ արագ շարժումներով, եւ առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերի փակվելը, լսել նրանց վերջին ձայնն ու օրհնությունը:
Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար եւ ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետեւողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը:
Ո՞վ այսուհետեւ պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր` աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի` մասամբ իր որդուց հաղթվելով: Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում եւ բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, եւ մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրեւ անհաստատ եւ որեւէ պիտանի արվեստից զուրկ: Ո°վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով եւ մեզ սփոփի գովելով եւ չափ դնի խոսքի եւ լռության:
Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում եւ արտասվում է եւ ցանկանում եմ տխրալից եւ սգավոր խոսք ասել: Եւ չգիտեմ ինչպե՞ս հորինեմ իմ ողբը, եւ կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց եւ նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե՞ ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը, արդյոք իմ հորն ու քահանայապետի՞ն, այն վսեմ մտքին, որ ուր գնում, տանում էր կատարյալ խոսքը, որով կառավարում էր եւ բարեկարգում, եւ սանձերը բուռը հավաքած` ուղղություն էր տալիս դեմքերին ու սանձահարում էր օտարոտի լեզուները, թե ինձ` նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը եւ իբրեւ հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին արդեն եկա±ծ աղետները, թե ապագայում սպասվողները:
Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա` ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու: Զարթի¯ր, Երեմիա, զարթի¯ր եւ մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք եւ ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երեւան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասը իսրայելացիների համար:
Ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված եւ ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:
Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր:
Վիճակավորները` հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առեւտուր եւ կատակերգություններ սիրող:
Աշակերտները` սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են:
Աշխարհականները` ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող:
Զինվորականները` անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո:
Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ:
Դատավորները` տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող:
Եւ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած:
Եւ ի±նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ Աստված մեզ անտես է արել, եւ տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրեւային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից եւ երկարատեւ; Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրեւներն անժամանակ եւ անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը` չափազանց. հողի պտուղների անբերրիություն եւ անասունների անաճելություն, այլեւ երկրաշարժեր եւ սասանումներ: Եւ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա:
Որովհետեւ (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախվում է այս ունայն կյանքի համար: Ավազակներ են գալիս անհատնում եւ շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր եւ հիվանդություններ եւ բազմատեսակ համաճարակներ:
Աստվածապաշտությունը մոռացված է, եւ կա դժոխքի ակնկալություն:
Սրանից թող փրկի Քրիստոս Աստված մեզ եւ բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան: Նրան փա°ռք բոլոր արարածներից, ամեն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Tatev Nikolakan
    Հոկտեմբեր 8th, 2010 at 02:37 | #1

    vaaaaaaaaay!!! es el esor <> EI KARDUM!!!;)))

  2. Գեորգի
    Հոկտեմբեր 12th, 2010 at 15:05 | #2

    Այո,Նիկոլ,մեր ողբերգությունը դարավոր է….

  3. Մեղապարտ
    Հոկտեմբեր 14th, 2010 at 22:58 | #3

    Բարև Նիկոլ
    Լավե ես գրում, բայց «առադ ի՞նչ կցուցանէ»
    Դու այս ողբի մեջ տեղ ունե՞ս,թե դու դրսում ես, սպասում էս քո աստղային ժամին :
    Էհ Նիկոլ, շատ կարդա ու մեծացի, «երկու տիրոջ չեն ծառայում»:
    Ինչ ասեմ, ափսոս նստած ես, մի գուցե հենված, չգիտեմ, բայց քո մեջ մի բան կա որը չկա ուրիշների մեջ:
    Լուցիֆերից հեռու մնա Հիսուսին ել շատ մի մոտեցիր:
    Լավ եղիր ցանկություն կունենաս պատասխանիր
    Հարգանքներով Մեղապարտ

  4. Հայ
    Հոկտեմբեր 17th, 2010 at 21:11 | #4

    Ոչ ցանկություն կա, ոչ էլ արձագանք, ու՞ր ե Նիկոլ, մի պատասխան տուր տեսնենք

  5. Գոհար
    Հոկտեմբեր 21st, 2010 at 16:42 | #5

    Նիկոլ ջան ով հայ է նա գիտի հայի պատմությունն ու դաժան ճակատագիրը,ամեն ժամանակաշրջանում գոյատևած ազգուրաց<> շնորհիվ,ուղակի մեր օրերում դրանք շատ են ու բութ,քարոզտ ամեն ուղեղ ընդունակ չէ հասկանալու:Դե արի ու մուսուլմանին բացատրի խաչի զորությունը:

  6. Գոհար
    Հոկտեմբեր 22nd, 2010 at 16:43 | #6

    @Tatev Nikolakan
    բարեվ Տաթև ջան ես ել եմ Նիկլական ու լավ կլինի վոր մերոնցով իրար ճանաչենք

  1. No trackbacks yet.