ՁԱՆ ԱԶԱՐԲԱՁԱՆ
Սերժ Սարգսյանի խորագետ եղբայրը` Լեւոն Սարգսյանը, դարձավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ: Չմտածեք հանկարծ, թե փառամոլությունից կամ բրեժնեւյան սինդրոմից դրդված: Միմիայն ազգի համար, կամ ավելի ճիշտ` ազգային մշակույթի: Դե փառատոն է, պահվել է ուզում. փող է, բան է, սպոնսոր է, ռեկլամ է, դահլիճ է, տարածք է: «Լեւոն Ազատի Սարգսյան» բառակապակցությունը նման իրավիճակում «Սիմ-Սիմ, բացվիր»-ի նման է հնչում, ու չկասկածեք, այդ բառակապակցության շնորհիվ «Ոսկե ծիրանը» փաթաթելու է Կաննի փառատոնին: Լեւոնը կզանգի Սերժին, Սերժը Շառլին` Ազնավուր, Ազնավուրն էլ բոլոր աստղերին կուղարկի Երեւան` ոսկե ծիրան ուտելու: Իսկապես հայ ժողովուրդը չպետք է կորցնի պատմական պահը եւ Սարգսյանների անհատական հեղինակությունը պետք է օգտագործի ազգի ինտելեկտուալ, մշակութային եւ կրթական մակարդակը բարձրացնելու համար: Շատ լավ գաղափար է Երեւանի պետական համալսարանը Ազատ Սարգսյանի անունով կոչելն ու ԵՊՀ խորհրդի նախագահի եւ ռեկտորի պաշտոնը նրա տոհմի ժառանգական սեփականությունը դարձնելը: Ընչի, արա՛, ընչի Բաքվի համալսարանը Իլհամ Ալիեւի հոր անունով կկոչվի, իսկ Երեւանի պետական համալսարանը Սաշիկ Սարգսյանի հոր անունով չի կոչվի՞: Կարճ ասած` պետք է մտածել, թե որ ոլորտում ինչպես է պետք օգտագործել Սարգսյանների անհատական հեղինակությունը: Հանրապետության բոլոր դպրոցների աշխատանքի ուսուցման դասասենյակները պետք է անվանակոչել Սաշիկ Սարգսյանի անունով, իսկ «Պազ»-ի տրամլյորի քանդել-հավաքելը պետք է ներառվի կրթական պարտադիր ծրագրի մեջ եւ պետք է վերաբերվի նույնիսկ օտարալեզու էլիտար դպրոցներին` պայմանով, որ հարգարժան Սաշիկը հոգ տանի այդ դասասենյակների բարեկարգման եւ տեխնիկական հագեցվածության մասին: Նաեւ չմոռանանք, որ ժամանակին հանրապետության ամենաբարեկարգ տարածքները Վ. Ի. Լենինի արձանների շրջակայքն էր: Այդ արձանները հանվեցին, եւ հազարավոր հեկտարանոց հողակտորները անտերության մատնվեցին: Լենինի արձանների պատվանդանները հիմնականում պահպանվել են, արձանները նույնպես պահպանվել են գյուղապետարանների պադվալներում: Շատ բան փոխել պետք չէ. Լենինի ձեռքում սեղմված գլխարկը փոխարինվում է խաղաքարտերի կալոդով, Վլադիմիր Իլյիչի գլուխը փոխարինվում է Սերժիկ Ազատովիչի գլխով: Չմտածեք, թե Թուրքմենբաշու սինդրոմից դրդված: Ընդամենը անտերության մատնված տարածքների բարեկարգումը պատշաճ հիմքերի վրա դնելու համար: Եւ, բացի այդ, Սերժ Ազատովիչի չուգունե գլուխների ձուլումը լենինյան տպաքանակով` էական ազդեցություն կունենա հայրենական ծանր արդյունաբերության վերականգման իմաստով: Պիլոտային էս ծրագիրը հորով-մորով անենք, հետո կմտածենք փեսա Միշիկին ոնց ենք հավերժացնում: Չէ` կներեք, նրա պոտենցիալը ոնց ենք օգտագործում, մի որեւէ ոլորտի զարգացում կայուն հիմքերի վրա դնում: Ձան Ազարբաձան:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Inchpes mish shat sramit u dipuk…
Vat shet es hiacac em, mnum e toxnel u PAXNEL aistexic
http://lratvakan.am/?p=4116