> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ՀԱՂԹԱԿԱՆ ՆԱՀԱՆՋԻ» ՏԵՍԼԱԿԱՆԸ

«ՀԱՂԹԱԿԱՆ ՆԱՀԱՆՋԻ» ՏԵՍԼԱԿԱՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շուրջ ձեւավորված փաստահավաք առաքելությունը, որ մեկնարկում է Լեռնային Ղարաբաղին հարակից` օկուպացված-ազատագրված տարածքներում, ըստ պաշտոնական Երեւանից եւ Ստեփանակերտից հնչող գնահատականների, որեւէ բան չի փոխում ԼՂ հարցի կարգավորման բովանդակության մեջ: Առաջին հայացքից լավատեսական այս հայտարարությունները իրականում հոռետեսական են: Փաստահավաք առաքելությունն, ինչ խոսք, որեւէ աշխարհացունց բան չի հայտնաբերի, որովհետեւ ազատագրված տարածքներում առկա ընդհանուր վիճակը հայտնի է թե հայ, եւ թե միջազգային հանրությանը: Ադրբեջանն էլ, ըստ այդմ, ԼՂ-ին հարակից տարածքներ փաստահավաք առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ հանդես է եկել ոչ թե ինչ-որ սենսացիոն ՓԱՍՏ հայտնաբերելու եւ միջազգային հանրությանը մատուցելու, այլ այդ տարածքների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքի ՓԱՍՏ-ը եւս մեկ անգամ արձանագրելու համար: Եւ ուրեմն` Ադրբեջանն իր նպատակը իրագործված կարող է համարել փաստահավաք խմբի գործուղման իրողությամբ միայն, անկախ նրանից, թե ինչ կարձանագրի կամ ինչ չի արձանագրի այդ խումբը: Հենց այս համատեքստում են պաշտոնական Երեւանից եւ Ստեփանակերտից հնչող հայտարարությունները երեւակվում հոռետեսական լույսի ներքո: Չնայած ազատագրված տարածքները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, մենք չենք կարողանում այլեւս դրանք դարձնել մեզ համար կենսական նշանակության սակարկությունների առարկա: Մենք չենք կարողանում այդ տարածքներում արգելել Ադրբեջանի հարուցած փաստահավաք առաքելությունը, քանի դեռ պաշտոնական Բաքուն չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախ գոյության իրավունքը: Նման իրողություն հաստատվել է այսօր. վաղը մենք չենք կարողանալու ազատագրված տարածքները վերադարձնել-չվերադարձնելու հարցը կապել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման գործընթացի հետ: Այսօր արդեն չենք կարողանում. մի տեսակ չի հասկացվում, թե փաստահավաք առաքելությունը ի՞նչ է տալիս հայկական կողմին: Սթափ եւ բազմակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ որեւէ բան չի տալիս. այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք համաձայնել դրան: Ընդամենը Ադրբեջանի քմահաճույքը կատարելու եւ շփման գծում առկա լարվածությունը թուլացնելու համար: Այսպիսով, հայկական կողմը բացահայտել է, որ վախենում է լարվածության աճից, ինչը ստեղծված վիճակում հերթական դիվիդենտն է Ադրբեջանի ձեռքին: Հենց սրանում է քոչարյանասերժական «հաղթողական» քաղաքականության սնանկությունը: Գործող վարչախումբը լայնածավալ հարձակում է ձեռնարկում փոխզիջման անհրաժեշտությանը վերաբերող ելույթների հեղինակների ուղղությամբ, պնդելով, թե նմանօրինակ շեշտադրումներով ընդդիմությունը ոգեւորում է Ադրբեջանին: Մինչդեռ գործնական քաղաքական բնագավառում սերժանտները անում են քայլեր, որոնք Ադրբեջանին համոզում են ետ կանգնել փոխզիջման գաղափարից եւ ընթանալ Հայաստանին եւ Ղարաբաղին միակողմանի զիջումներ պարտադրելու ճանապարհով: «Ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով իշխանության եկած վարչախումբը արդեն երկու անգամ ազատագրված տարածքներում փաստահավաք առաքելության համաձայնություն է տվել, այն դեպքում, երբ այդ առաքելությունները մեկ իմաստ ունեն. արձանագրել ազատագրված տարածքների ադրբեջանական լինելը` անկախ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հայ-ադրբեջանական պատկերացումների տարբերությունից:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.