> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՕԼԻԳԱՐԽԻԿ ԿԱՅՖԵՐ

ՕԼԻԳԱՐԽԻԿ ԿԱՅՖԵՐ

Մինչ միջազգային կազմակերպությունները զեկուցեցին ու համազեկուցեցին, որ Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող առաջնային գործոնը մենաշնորհների համակարգն է, մինչ այս առիթով տարբեր մակարդակի քննարկումներ են տեղի ունենում, մենաշնորհացման գործընթացը Հայաստանում շարունակվում է: Տվյալ պահին ամենեւին էլ նկատի չունենք այս կամ այն օլիգարխին պատկանող այս կամ այն օբյեկտի վաճառքը իր նման մեկին: Շատ ավելի վտանգավոր են այն պրոցեսները, որ տեղի են ունենում հողագործության ասպարեզում: Ամեն տարվա հետ գյուղացիների համար ավելի ու ավելի դժվար է դառնում աճեցրած բերքը ձեռնտու ձեւով վաճառելը, ինչը նշանակում է, որ նրանք դանդաղ սկսում են հրաժարվել հողագործությունից:

Իսկ հողագործությամբ չզբաղվող գյուղացուն հող պետք չէ, եւ նա պիտի վաճառի այն` կամ Ռուսաստան մեկնելու, կամ պարտքերը փակելու համար: ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական գյուղապետերի մեծ մասն, ըստ այդմ, վարելահողերի եւ բերքատու այգիների վաճառքով զբաղվող բրոկերների են վերածվել, ովքեր համապատասխան օղակների դաբրոյով հուսալքված գյուղացիների եւ նրանց հողերը գնող օլիգարխների միջեւ միջնորդ են հանդիսանում: Ինչպես մի ժամանակ օլիգարխների շրջանում մոդա էր «Բրաբուս» կամ «Բուռան» ունենալը, հիմա էլ հեկտարներով վարելահողեր, խաղողի, ծիրանի, խնձորի եւ այլ պտղի այգիներ ունենալն է մոդա դարձել, եւ սողացող այս գործընթացը մեկնարկել է դեռ 5-6 տարի առաջ: Երկրից չարտագաղթած գյուղացին աննկատ քայլերով իր նախկին սեփականությունը հանդիսացող հողի վրա աշխատող բատրակի է վերածվում: Գիտականորեն ապացուցված է. ժողովրդավարության հենարանը մանր եւ միջին սեփականատերերն են, եւ Հայաստանը աննկատ քայլերով զրկվում է եւս մեկ կենսական ռեսուրսից, որովհետեւ օլիգարխի սեփականությունը հանդիսացող հողերով շրջապատված գյուղում անիմաստ է խոսել ընտրությունների մասին, որովհետեւ գյուղ չէ դա, այլ սովորական ֆազենդա, որտեղ «բնակելի գոտի» կա` բատրակների համար նախատեսված: Եւ այդ գյուղում նաեւ վերակացու կա` ի դեմս գյուղապետի: Դժվար է, իհարկե, ասել, թե ինչ ծավալներ ունի նկարագրված երեւույթը այսօրվա Հայաստանում, բայց որ պրոցեսը գնում է, ակնհայտ է եւ միանշանակ: Ներկայումս մեկնարկած խաղողի մթերման գործընթացը, որն ուղղակի կորստաբեր է գյուղացու համար, դրա ամենավառ ապացույցն է: Հեռուստատեսությամբ հայտարարված գներով մթերվում է միայն օլիգարխների այգիներում աճեցված խաղողը, իսկ «անտեր» գյուղացու բերքը կամ «անորակ» է լինում, կամ «ցածր շաքարայնություն» է ունենում, կամ էլ գյուղացին ստիպված է լինում օրերով սպասել մթերման իր հերթին, այդ ընթացքում կորցնելով բեռնատարները բարձած խաղողի հյութի ինչ-որ մի չափաբաժին: Այս պրոբլեմներն, իհարկե, կարելի է լուծել ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին անդամագրվելով: Բայց ամեն տարի հո չի կարելի նույն կուսակցություններին անդամագրվել:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Arayik
    Հոկտեմբեր 5th, 2010 at 13:26 | #1

    Shat teghin e asvats… es inqs akanates em eghel xaghoghi @ndunman processin… Hayastan@ ughakioren veratsvum e Osmanyan kaysrutyan.

  1. No trackbacks yet.