> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՍԱ` ԿԼԻՆԻ, ՄԻ ԱՍԱ` ՉԻ ԼԻՆԻ. ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

ԱՍԱ` ԿԼԻՆԻ, ՄԻ ԱՍԱ` ՉԻ ԼԻՆԻ. ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

Տիգրան ՍարգսյանԴերենիկ Դեմիրճյանի եւ Ավետիք Իսահակյանի մասին մի հայտնի զրույց կա: 80-ին մոտ Դեմիրճյանը իր հասակակից ընկերոջ հետ զրույցներից մեկի ժամանակ հետաքրքրվում է, թե արդյոք նա սեռական կյանքի ընդունակություն դեռեւս ունի՞: Իսահակյանը ափսոսանքով բացասական է պատասխանում: Եւ Դեմիրճյանը խոստովանում է, որ ինքն էլ նույն վիճակում է ու այս կապակցությամբ հոգոց է հանում. «Հարեւանս մեր տարիքին է, բայց իր մոտ բոլոր ֆունկցիաները գործում են»: «Ի՞նչ գիտես»,- հետաքրքրվում է Իսահակյանը: «Ինքն է ասում»,-հետեւում է Դեմիրճյանի պատասխանը: «Դու էլ ասա»,-խիստ գործնական առաջարկում է Իսահակյանը: Ինտելեկտուալ-էլիտար խնջույքների պարտադիր մաս կազմող այս պատմությունը Հայաստանում, կարծես, պետական քաղաքական ուղենիշ է դարձել: Իշխանություններն ու նրանց տեսակետներն արտահայտող անձինք հենց նշված տարբերակով են ներկայացնում հայաստանյան իրողությունները: Երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարում էր, որ Հայաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետեւանքները, հայ դասականի պատգամներով էր առաջնորդվում: Նույնը եւ` Էդուարդ Շարմազանովը, որ ճշգրիտ պարբերականությամբ հայտարարում է Հայաստանի իշխանությունների ձեռք բերած դիվանագիտական հաղթանակների մասին: Շարմազանովի դիվանագիտական հաղթանակների պարբերականության հաշվարկը ցույց է տալիս, որ նրա հերթական հաղթական հայտարարությունը վրա է հասնելու հոկտեմբերի 10-ի կողմերը: Նույնը եւ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը հայտարարում է, թե հայոց բանակը վայելում է ժողովրդի բացարձակ վստահությունը: Վարչապետը, մեր մեջ ասած, Իսահակյանի պատգամը, որ վերաբերում է բացառապես այդ խնդրով մտահոգված ընկերոջ սեռական ֆունկցիային, պետական գործելակերպ դարձնելու կնքահայրն է: Եթե հիշում եք, հենց Տիգրան Սարգսյանն էր, որ համաշխարհային շուկաների փլուզման ֆոնին առաջարկում էր, որ մենք` հայաստանցիներս, չխոսենք այդ ճգնաժամի մասին, եւ այն կշրջանցի մեր երկիրը: Հիմա գրում եմ, ու ինձ համար անսպասելի` մի ջղայնացած վարկած է ծագել ներսումս, այսինքն` տրամաբանական հակասություն: Բայց ո՞վ կարող է ապացուցել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը սխալ է արտահայտվել եւ Հայաստանը տնտեսական ճգնաժամի ճիրաններից փրկելու սխալ բանաձեւ է առաջարկել: Եթե հիմնվենք փաստերի վրա, այսինքն` օբյեկտիվ մոտեցում ցուցաբերենք, պետք է արձանագրենք, որ սխալը հենց մենք ենք, ոչ թե վարչապետը: Մարդը ասո՞ւմ էր` տնտեսական ճգնաժամի մասին չխոսենք, եւ այն չի գա Հայաստան: Ասում էր: Չլսեցի՞նք մեր վարչապետին: Չլսեցինք: Սկսեցի՞նք ափըռ-ցփըռ խոսել ճգնաժամի մասին: Սկսեցինք: Եկա՞վ ճգնաժամը: Եկավ: Ասում էր չէ՞ մարդը` մի խոսեք, ճգնաժամ կբերեք Հայաստանի վրա: Կարո՞ղ է որեւէ մեկը ապացուցել, որ եթե չխոսեինք ճգնաժամի մասին, այն կգար Հայաստան: Չի կարող ապացուցել: Ձեր ցավը տանեմ, չբռնե՞նք մեր վարչապետին Նոբելյան մրցանակի ներկայացնենք բոլոր հարցերի լուծման բանալին գտնելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձեւը կոռուպցիայի մասին չխոսելն է, աղքատության հաղթահարման միակ տարբերակը աղքատության երեւույթը չնկատելու տալը: Խեղճ Իսահակյանը մահացավ, նույնիսկ չկռահելով, որ գտել է իմպոտենցիայի անկասելի բուժումը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Jack
    Սեպտեմբեր 30th, 2010 at 12:52 | #1

    :-) Vay Nikol, Vay… ;-)

  1. No trackbacks yet.