> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԹՆՋՈՒԿԸ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԹՆՋՈՒԿԸ

Հայաստանում շատերը քամահրանքով են վերաբերվում դատապարտյալի իրավունքներին: Եթե մարդը հանցանք է գործել, պետք է, ուրեմն, կատարյալ արհամարհանքի եւ նվաստացման արժանանա, որովհետեւ դեմ է գնացել հանրության եւ պետության շահերին. այսօր շատերն են այսպես մտածում: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ պետության իրական կերպարը կարելի է երեւակել ըստ այնմ, թե ինչպես է նա վերաբերվում իր ամենաանպաշտպան քաղաքացիներին, որպիսիք են նաեւ դատապարտյալները: Խոսքն, իհարկե, մաֆիոզ կապեր կամ ամուր թիկունք ունեցողների մասին չէ. նրանք իրենց գլխի ճարը կտեսնեն եւ մի բան էլ ավելի:
Խնդիրն առավելապես սուր է այն անձանց դեպքում, ովքեր չեն կարող ապավինել հարազատների, ընկերների կամ այլոց աջակցությանը, եւ նրանց միակ ապավենը, պոտենցիալ ընկերն ու հարազատը մնում է Սահմանադրությունը, օրենքն ու պետությունը: Դժբախտությունն այն է, ահա, որ Հայաստանի Հանրապետությունը այստեղ էլ վատ ընկեր է, վատ բարեկամ:
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը» որպես փաստաթուղթ` վատը չեն: Բայց ի՞նչ կապ ունեն դրանք իրականության հետ: Այնքան քիչ, որ, կարելի է ասել, գործնականում` ոչ մի: Քրեակատարողական հիմնարկներն ապրում են իրենց օրենքներով եւ կանոններով, որոնց նպատակը թույլին, անպաշտպանին ծամելն է, կալանավորին թալանելն ու կողոպտելը, նրան զրկելը մարդկային նկարագրից:
Քրեակատարողական համակարգը վերածվել է գերշահութաբեր բիզնեսի, որ աներեւակայելի եկամուտների տեր է դարձնում դրա ղեկավարներին եւ նրանց հետ կապեր ունեցող այլ անձանց: Այս է պատճառը, որ Հայաստանում գործող յուրաքանչյուր ՔԿՀ սեփական բիզնես ռեյտինգն ունի: Այս իմաստով ամենաթանկարժեքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է, որի պետի պաշտոնը գնահատվում է շուրջ մեկ միլիոն դոլար: Կոռուպցիոն այս սանդղակում երկրորդը «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» ՔԿՀ-ն է, որի պետի պաշտոնի հավակնորդները, ասում են, պատրաստ են ծախսել մինչեւ յոթ հարյուր հազար դոլար: Սրանց հաջորդում են «Կոշ», «Էրեբունի», «Վարդաշեն» եւ մյուս ՔԿՀ-ները, որոնց հնարավորությունները ավելի համեստ են առաջին երկուսի համեմատությամբ: Ողջ համակարգը, ահա, հսկայածավալ եկամուտներ է ապահովում Հայաստանի կոռուպցիոն բուրգի համար: Թե կոնկրետ ինչպես են գոյանում այդ եկամուտները, ծավալուն խոսակցության նյութ է: Բայց ՔԿՀ-ների գործունեության հենց մակերեսին առկա են աղաղակող փաստեր, որոնք կարող են պատկերացում տալ տեղի ունեցողի մասշտաբների մասին: Որպես կանոն` գողացվում են դատապարտյալների սննդի համար նախատեսված գումարները: Օրենքով նախատեսված սննդի հսկայական մասը ուղղակի չեն տալիս: Եղածն էլ տրվում է աներեւակայելի կրճատումներով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնվելով, օրինակ, զարմանքով արձանագրեցի, որ կալանավորների հացը տրվում է օրենքով նախատեսվածի կեսից ոչ ավելիի չափ: Խուցը, որում գտնվում էի, ՔԿՀ-ի կողմից ոչ մի անգամ շաքարավազ չէր ստացել: Բավարար չափով հաց, շաքարավազ ստանալու պահանջս անարձագանք մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չբերեցի կալանավորված անձանց եւ դատապարտյալների սննդի նվազագույն չափաքանակներին վերաբերվող կառավարության որոշումը եւ պահանջներս չհիմնավորեցի կոնկրետ իրավական ակտերով: Դրանից հետո հացը սկսեցին տալ բավարար չափաքանակով, շաքարավազը տալիս էին` ինչպես կարգն է:
Նաեւ հյութ պահանջեցի, ինչը նույնպես նախատեսված է կառավարության համապատասխան որոշմամբ: Սկսեցին բերել` մի մեծ թեյամանով: Մի քանի օրից պարզվեց, սակայն, որ «Նուբարաշենի» վարչակազմը ամեն օր խանութից մեկ լիտրանոց «Նոյան» հյութ էր գնում, դատարկում տասնհինգ լիտրանոց թեյամանի մեջ, որ տպավորություն ստեղծի, թե այդ հսկայական տարայով հյութ է տրվում բոլոր դատապարտյալներին: Մինչդեռ այդ հյութը կարող էր բավարարել մի միայն մեր խցին:
Իրավիճակի նրբությունն այն է, որ պետական բյուջեն, այսպես թե այնպես, վճարում է կալանավորված անձանց եւ դատապարտյալներին հասանելիք հացի, շաքարավազի, հյութի, պանրի, այլ սննդի եւ կարիքների համար:
Բայց օրենքով նախատեսված այդ կարիքները կամ չեն բավարարվում, կամ բավարարվում են մասնակի: Այսինքն, հարկատուների վճարած գումարները պետական բյուջեից գուրս են գալիս եւ գրեթե ամբողջությամբ լռվում համապատասխան պաշտոնյաների գրպաններում:
Մոտավորապես այսպիսին է վիճակը նաեւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Յուրաքանչյուր ՔԿՀ, սակայն, իր նրբություններն ու առանձնահատկություններն ունի: Իմ այստեղ հայտնվելուն պես` «Կոշ» ՔԿՀ վարչակազմի եւ նրանց սպասարկուների շրջանում մի իսկական խուճապ է տիրում այն մտքից, որ բազմաթիվ դատապարտյալներ ինձ են մոտենում աղաղակող ապօրինությունների մասին բացահայտումներով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ, մարտիմեկյան սպանդի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը այս առիթով նույնիսկ արտահայտվել է, թե ես լուրջ պրոբլեմ եմ իրենց համար եւ հարկավոր է ինչ-որ «լուծում» գտնել: Իրենք էլ ինձ համար են պրոբլեմ, որովհետեւ, պատկերացրեք, որքան զզվելի է ամեն օր շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց երեխաներին կերակրում են կալանավորի հացը գողանալով:

Հ.Գ. Բոլորովին վերջերս իմ եւ ՔԿՀ` փոխգնդապետի կոչումով մի պաշտոնյայի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ խոսակցությունը.
- Փաշինյան, դրսում օրը մի երեք հազար դոլարանոց տղա էիր, չէ՞:
- Այսինչյան, իմ պատկերացմամբ որեւէ չափի «դոլարանոց» կամ «դրամանոց» լինում է ավտոն, ավտոյի զապչասծը, մագնիտոֆոնը, հեռուստացույցը, դիվիդին, քրեակատարողական հիմնարկի կոռումպացված աշխատակիցը, ոստիկանը, քննիչը: Իսկ մարդը, «տղեն» դոլարանոց եւ դրամանոց չի լինում, որովհետեւ անգին է: Բայց դա քեզ ու քո ղեկավարությանը չի սպառնում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
շարունակելի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Anushik
    Սեպտեմբեր 29th, 2010 at 10:38 | #1

    Nkiol jan dzer erkxosutyunic erevac vor poxgndapet@ irakanum qez shat barcra gnahatum ir chapanishnerov iharke, hishum em mer mankutyan tarinerin mi film kar “Tankarjeq txan”, esor du mer hanrapetuyan amenatankarjeq txan es chnayac vor amen mek@ ir chapanishova da chapum u ir arjehamakargov, bayc nuyn hetevutyanna hangum

  2. Armen
    Հոկտեմբեր 22nd, 2010 at 14:32 | #2

    Isk inchu “mer hanrapetuyan amenatankarjeq txan” chi bardzradzaynum POKHGNDAPETI anun@?

  1. No trackbacks yet.