ՆՐԱՆՔ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Քաղաքականությամբ չզբաղվող մտավորականի կերպարը, թերեւս, ամենամոդայիկն է Հայաստանում: Մարդկային մի տեսակ, որ վերնաշապիկի օձիքի տակից մետաքսե թաշկինակ է կապում, շաբաթը մեկ պիձիկյուր անում, սրճարանային երեկոներում տնկում միջնամատն ու ցուցամատը եւ երկար-բարակ ծխախոտ պահում դրանց արանքում: Մշտապես լողացած է եւ սափրված` անհրաժեշտության դեպքում իշխանությանը քսմսվելուն պատրաստ լինելու համար: Քսմսվել` ցանկացած պահի պատրաստ է, բայց քաղաքականությամբ չի զբաղվում: Կարող է անվերջ գովել Սերժ Սարգսյանին, որը մի անգամ իմացել է, որ ինքը` բազմիցս առնական հայ տղամարդու կերպար մարմնավորած այդ մեծանուն արտիստը, եղունգների լաքի փող չունի եւ փող է ուղարկել իրեն: Ինչպե՞ս կարող է մեծանուն արտիստը մոռանալ նյութական իմաստով փոքր, բայց բարոյական իմաստով ահռելի այդ արարքը, որը վկայում է, որ ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք գործ ունենք անգերազանցելի լիդերի, մեծության հետ` բառիս ոչ թե ֆիզիկական, այլ բարոյախրատական եւ խոհափիլիսոփայական իմաստով:
- Իսկ ի՞նչ կասեք բանակում ծայր առած սպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին:
- Գիտե՞ք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց կարող եմ միանշանակ պնդել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեծություն է եւ ամիսը 50 լիտր բենզին է հատկացնում հայ արվեստի զարգացմանը: Նման մեկենասության մասին կերազեր անգամ Մովսես Խորենացին: Օհանյանը գիտի, որ արվեստի մեջ է ազգի ապագան, եւ արվեստը հովանավորելով` նա հովանավորում է մեր ազգի պայծառ ապագան:
- Մաեստրո, իսկ ինչպե՞ս հաղթահարել անարդարության զգացումը, որ համակել է մեր երկրի քաղաքացիներին:
- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Աթոռակռիվը ինձ չի հետաքրքրում, ես բարձր արժեքների ստրուկ եմ, ես չեմ իջնի իմ բարձրությունից: Չեմ թաքցնի` այո, քվեարկել եմ Սերժ Սարգսյանի օգտին եւ այդպես վարվելու եմ միշտ: Ինչ վերաբերվում է արդարադատության նախարարին, ես ուղղակի ցնցված եմ նրա գրագիտությունից, խորաթափանցությունից: Վերջերս, օրինակ, իմ ուսանողուհիներից մեկը շառ էր անում ինձ վրա, թե քննություն նշանակելու դիմաց ցանկացել եմ կրծքերը համբուրել: Բայց արդարադատության նախարարի գրագիտության եւ խորաթափանցության արդյունքում գործը կարճվեց: Այնպես որ, արդարություն կա՛ մեր երկրում:
- Բայց ոստիկանության գործունեությունը մտահոգություններ է առաջացնում: Նույնիսկ քաղաքացիներ են մահանում ոստիկանության բաժիններում, մինչդեռ ոստիկանապետը որակում է դա որպես ինքնասպանություն:
- Մեր ոստիկանապետը հզոր անձնավորություն է եւ արդարամիտ: Վերջերս, օրինակ, իմ ուսանողներից մեկը շառ էր արել ինձ վրա, թե քննություն նշանակելու դիմաց ցանկացել եմ համբուրել նրա… էական չէ թե ինչը: Մինչդեռ ոստիկանական քննությունը պարզեց, որ հենց այդ ուսանողն է ցանկացել համբուրել ինձ, որպեսզի քննություն ստանա: Ես չեմ ուզում այս հարցազրույցի մեջ խոսել ցուրտ եւ մութ տարիների մասին, երբ մարդիկ զուրկ էին նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներից: Եղունգի լաքն ինչ է, չէր ճարվում եւ ոչ էլ` ձեռքերի կրեմը: Հիմա զարգացումն ակնհայտ է. եղունգի լաքը գնում է շան ոտքի հետ, ձեռքերի կրեմը` տեսակ-տեսակ… Արվեստը գնահատվում է, եւ ես դրա ամենավառ ապացույցն եմ: Ես զարմանում եմ, թե որքան ուշադիր է մեր նկատմամբ ոստիկանապետը: Նույնիսկ ոստիկանությանը կից հանրային խորհուրդ է ստեղծել, որտեղ հավաքվել են ամենաակնառու մտավոռականները: Ամիսը մեկ անգամ հավաքվում ենք խաշ ու խորոված ուտելու: Ես, իհարկե, նախընտրում եմ ժուլյենը:
- Իսկ օլիգարխները ձեզ չե՞ն անհանգստացնում:
- Չէ՞ որ ձեզ ասացի` ես չեմ զբաղվում քաղաքականությամբ: Լեւոնականին հարիր հարցեր եք տալիս: Մի՞թե մեր երկրում լավ բան չկա, ինչո՞ւ եք ուզում սեւացնել մեր բազմաչարչար հայրենիքը: Մի՞թե դուք չեք տեսնում մեր հսկաներին, ովքեր բլինչիկից բռնած` նոր տարվա օգնություն են տալիս արվեստի նվիրյալներին: Բազմիցս եմ ասել` ինձ համար այդ ճարպոտ, սալոտ խոզի բդից մի՛ բերեք, մի՛ բերեք, բերեք միայն նրբահամ կերակուրներ: Բայց չեն լսում ինձ այդ լկտիները, եւ նրանց լկտիության մեջ ինչ-որ գրավիչ բան կա:
Այսպես, ահա` նյութս տիպային հարցազրույց ստացվեց քաղաքականությամբ չզբաղվող մտավորականների համար: Նրանցից յուրաքանչյուրը իր նախասիրությունն ունի` մեկը ժուլյեն է սիրում, մյուսը` խաշլամա, մեկը աղջիկներին է սիրում, մյուսը` բացառապես տղաների: Նրանք բոլորը, սակայն, մի ընդհանրություն ունեն. նրանք չեն զբաղվում, բացարձակապես չեն զբաղվում քաղաքականությամբ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Պարո՛ն Փաշինյան, պարզապես հիացած եմ ու հպարտ, որ այս դժվարին ժամանակներում կան ձեզ պես հայեր:
имена? пожалуйста … карен, сос, нарек, азат, грант, армен и еще много много раз…-1, -1, -1, -1….
а покидают родину в год 60 тыс. то есть -3%, -3% .. еще чуть чуть и турция откроет границу
Es spasum em te erb hertakan mtavorakany khaytnvi eterum ev “qaxaqakan” kochvox azgayin baroyakanutyun het kapvac harceric nexacac kxosi “barcr arzheqneric”. Cankanum em ushadir nayel nra anhetetutyun artahaytox demqin u haskanal te inchqan cacr karox en linel ayd “barcr arzheqnery”
Չափազանցված ոչինչ չկա. Ցավոք հենց այսպիսին է մեր իրականությունը:
Լավն եր Նիկոլ, ապրես, պինդ մնա: Կ.Հ.