> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ

Լուր տարածվեց, թե «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հայտարարությունների տախտակին նոր փաստաթուղթ է հայտնվել: Այն վերնագրված էր. «Ցուցակ` սեպտեմբեր ամսի 14-ից 30-ը դատապարտյալներին հեռախոսազանգերի տրամադրման»: Ստորագրված էր «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի կողմից` հենց սեպտեմբերի 14-ին: Իմ` Կոշ տեղափոխվելուց հետո սա հերթական նորամուծությունն է քրեակատարողական հիմնարկի կյանքում: Մինչ իմ այստեղ գալը Կոշի դատապարտյալները տաքսաֆոն-հեռախոսից օգտվել են որքան ուզեն, քանի անգամ ուզեն: Իմ հայտնվելուց հետո, սակայն, այս ասպարեզում բարդություններ են առաջ եկել, անհաղթահարելի բարդություններ:
Վերադառնալով ՔԿՀ պետի ստորագրած, կնքած, հաստատած ցուցակին, միանգամից ասեմ, որ այն ինձ շատ ուրախացրեց, քանի որ դրանում նշված էր, որ ես ամեն օր ժամը 12.00-12.15-ը կարող եմ զանգահարել «Կոշ» ՔԿՀ տաքսաֆոններից, որոնք հիմա գտնվում են հսկիչ անցագրային կետից անդին. մինչդեռ իմ` Կոշ գալու դրությամբ տեղադրված էին դատապարտյալների բնակելի գոտում` զոնում, այսինքն, դատապարտյալների համար մատչելի էին օրը 24 ժամ: Իմ գալուց եւ հատկապես «Ազատություն» ռադիոկայանին իմ տված հարցազրույցից հետո տաքսաֆոնները նախ 25 օր շարունակ չաշխատեցին, ապա տեղափոխվեցին ՔԿՀ հերթապահ մաս, այսինքն, դատապարտյալները դրանցից օգտվելու համար պետք է հսկիչ անցագրային կետում թույլտվություն ստանան, գրանցվեն, անցում կատարեն դեպի վարչական շենք, որից հետո միայն կկարողանան մոտենալ զույգ տաքսաֆոններից որեւէ մեկին:
Սեպտեմբերի 14-ին, ահա, ՔԿՀ պետի հաստատած ժամանակացույցի համաձայն` տասներկուսին հինգ պակաս մոտեցա հսկիչ անցագրային կետին եւ խնդրեցի զանգելու հնարավորություն տալ ինձ. անցագրային կետում գտնվող սպան զարմացած ինձ ասաց, որ տաքսաֆոնը մեկ շաբաթից ավելի է` չի աշխատում: Ես դա, իհարկե, գիտեի եւ այդ մեկուկես շաբաթվա ընթացքում ամեն օր, օրը մի քանի անգամ դրանում համոզվել եմ անձամբ: Բայց այդ դեպքում, ահա, շատ տրամաբանական մի հարց է ծագում. ինչո՞ւ է ՔԿՀ պետը, որ փոխգնդապետի ուսադիրներ է կրում, գրել, հաստատել, կնքել եւ ստորագրել չաշխատող տաքսաֆոնից օգտվելու գրաֆիկ` հստակ իմանալով, որ այն իրագործել հնարավոր չէ: Եթե ցուցակը հաստատվեր, եւ միայն դրանից հետո տաքսաֆոնները փչանային, դա կհասկանայի, բայց ո՞վ է այն մարդը, որ չաշխատող տաքսաֆոններից օգտվելու ցուցակ է կազմել, կնքել, ստորագրել եւ մի հատ էլ փակցրել ՔԿՀ հայտարարությունների տախտակին: - Ձեր պետը պատահաբար ընկնավորությամբ չի՞ տառապում, - հարցնում եմ ՔԿՀ պաշտոնյաներից մեկին:
- Ինչպե՞ս կարելի է, - իբր զայրանում ու սրտնեղում է պաշտոնյան:
- Այս ցուցակը ՔԿՀ պե՞տն է կազմել,- հարցնում եմ ես:
- Այո,- պատասխանում է պաշտոնյան:
- Այստեղ գրված է, որ ես այսօր, հիմա, այս պահին պետք է զանգահարեմ: Ընձեռեք ինձ այդ հնարավորությունը,- պնդում եմ ես:
- Փաշինյա՛ն, բայց դու ինձնից լավ գիտես, որ տաքսաֆոնները չեն աշխատում, ես որտեղի՞ց զանգելու հնարավորություն տամ, - արդեն լուրջ սրտնեղում է պաշտոնյան:
- Ձեր պետը գիտի՞, որ չեն աշխատում:
- Գիտի՛,- պատասխանում է պաշտոնյան:
- Դե ուրեմն` գնացեք եւ նրան հարցրեք, թե ես ինչպես կարող եմ զանգահարել փչացած տաքսաֆոնից, ամեն օր, այն էլ` 12.00-12.15:
- Փաշինյան, դե էդ ցուցակը երեւի ստուգողների համար են գրել-կպցրել, որ իբր ձեզ զանգելու հնարավորություն են տալիս էլի, - անկեղծանում է պաշտոնյան` փարատելով բոլոր կասկածները ՔԿՀ պետի ընկնավորության մասին:
Իսկ տաքսաֆոնների հերթական խափանման պատմությունը շատ հետաքրքիր է: Իմ` «Կոշ» ՔԿՀ տեղափոխվելուց հետո դրանք առանձնակի հաճախությամբ փչանում են, հիմա էլ պատճառն այն է, որ քարտի բնիկը խցանված է, եւ քարտը հնարավոր չէ մտցնել դրա մեջ: Այսինքն հեռախոսը, որպես այդպիսին` աշխատում է, բայց դրանով հնարավոր չէ զանգել: Նախկինում էլ «ինչ-որ չարամիտներ» խցանել էին քարտի բնիկը: Այն ժամանակ, երբ տաքսաֆոնները գտնվում էին բնակելի գոտում, ՔԿՀ վարչակազմը չքմեղանում էր, թե դատապարտյալների ձեռքի գործն է դա: Հիմա, սակայն, ինչպես նշեցի, տաքսաֆոնները գտնվում են վարչական մասում, որտեղ 24 ժամ հերթապահում են ՔԿՀ հսկիչները: Դեռ ավելին, զանգելու համար տաքսաֆոնին մոտենալուց առաջ ամեն դատապարտյալ գրանցվում է համապատասխան մատյանում եւ ստորագրում զանգելուց հետո: Այս պայմաններում, ահա, «Կոշ» ՔԿՀ վարչակազմը, որ տաքսի վարելու սիրահար ուժեղ օպերներ ունի, չի կարողանում բացահայտել, թե ով, ինչպես եւ ինչ նպատակով է փչացրել տաքսաֆոնը: Իսկ եթե պետք լինի մեկի ջեբը մի բան գցել եւ «բացահայտել», որ նրա գրպանում արգելված բան կա` կանեն դա 5 րոպեում: Ահա այդպիսիք են բարքերը «Կոշ» ՔԿ հիմնարկությունում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ww.nikol.am
շարունակելի

Խմբ. կողմից. - Երեկվա դրությամբ «Կոշ»-ի տաքսաֆոնները շարունակում էին չաշխատել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Armen
    Հոկտեմբեր 22nd, 2010 at 13:07 | #1

    ընկնավորությունը էպիլեպսիան է, դա ինչ կապ ունի ?

  1. No trackbacks yet.