> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆՑԱԳՈՐԾ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆՑԱԳՈՐԾ

Ո՞վ է այնուամենայնիվ սեւազգեստ այն տիպաժը, որը, ինչպես տեսանք նախորդ գլխում, հսկայական ազդեցություն է գործել միջին հայաստանցու կերպարի եւ մտածողության ձեւավորման վրա: Այդ սեւազգեստը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է: Չնայած այդ աշխարհի մասին հազարավոր գրքեր են գրվել, այսուհանդերձ նրա միջին վիճակագրական ներկայացուցչի մասին ամբողջական պատկերացում չկա: Եւ ուրեմն` ո՞րն է միջինացված այդ կերպարի ապրելակերպի եւ մտածողության առանձնահատկությունը:
Հանցագործությունը, հանցանք գործելը նրա համար ապրելակերպ է, մասնագիտության պես մի բան, որ ձեռք է բերվել կյանքի, հանգամանքների բերումով: Նա իր ապրուստը վաստակում է ապօրինության, հանցանքի, գողության միջոցով, եւ սա նրա համար մշտական գործունեության տեսակ է: Ինչպես, օրինակ, լրագրողը որոշակի պարբերականությամբ հոդվածներ է գրում, հանցագործ աշխարհի միջին վիճակագրական ներկայացուցիչը որոշակի պարբերականությամբ հանցանք է գործում` գողություն, կողոպուտ: Համենայնդեպս` սրանք համարվում են գործունեության ամենանախընտրելի, «անշառ» տեսակները: Ինչպես լրագրողների մեջ կան տաղանդավոր եւ ոչ այնքան, այդպես էլ հանցաշխարհի ներկայացուցիչների մեջ է: Կարելի է լավ նյութ գտնել, կարելի է եւ չգտնել: Կարելի է գողության լավ օբյեկտ գտնել, կարելի է եւ չգտնել: Եւ ինչպես լրագրողի համար լավ նյութ գտնել եւ գրելու մեջ ոչ մի արգահատելի բան չկա, այնպես էլ հանցավոր աշխարհի ներկայացուցչի համար գողությունը խիստ բնական, ընդունելի մի բան է, լավ, հաջողված գողությունը` հպարտության առարկա:
Լրագրողի մասնագիտական պարտքը թելադրում է որեւէ տեղ որեւէ լավ թեմա տեսնելիս գրել այդ մասին, հանցավոր աշխարհի միջին-վիճակագրական ներկայացուցչի «մասնագիտական պարտքն» էլ թելադրում է գողանալու որեւէ լավ տարբերակ տեսնելիս անպայման օգտագործել այն: Իսկ եթե աչքի առաջ որեւէ հարմար բան չկա` փնտրել եւ գտնել:
Իհարկե, կան որոշակի վերապահումներ, բացառություններ, որոնք տվյալ պահին էական չեն: Էականն այն է, որ սեւազգեստ մեր տիպաժի բարոյականության, մտածողության, հոգեբանության մեջ գողանալը, «տանելը» ոչ միայն դատապարտելի եւ ամոթալի չէ, այլեւ այն հողն է, որի վրա հենվում է նրա մտածողությունն ու փիլիսոփայությունը: Ու եթե այս կերպարը ազդել է իր միջավայրի մտածողության վրա, նշանակում է` այդ միջավայրին փոխանցել է ոչ միայն սեւ հագնելու եւ պպզելու սովորությունը, այլեւ բարոյական մի աքսիոմ. գողանալը ամոթ չէ, կողոպտելը ամոթ չէ, թալանելը ամոթ չէ: Ոչ միայն ամոթ չէ, այլեւ ապրելու այն կերպն է, որ անհրաժեշտ է որդեգրել: Այս մտածողությունը, ահա, որ ի սկզբանե հանցագործ աշխարհի կենսափիլիսոփայության հենքն էր, որոշակի պրոցեսների արդյունքում համակում է ողջ հանրությանը:
Գոնե անձամբ ճանաչում եմ մեծ թվով մարդկանց, ովքեր պատանեկության տարիներին հիացել են «հանցագործ արժեքներով» ապրող մեծահասակներով, նրանց, նրանց ապրելակերպը, մտածողությունն ու կանոնները համարել ուղենիշ, դաստիարակվել տեսական այդ արժեքներով եւ մեկ էլ` դարձել ոստիկան, քննիչ, պետական ծառայող: Էական չէ` հիմա նրանք ի՞նչ գույնի շոր են հագնում, բայց ակնհայտ է, որ իրենց հետ ոստիկանության, պետական ծառայության համակարգ են տարել «գողանալը ամոթ չէ», «կողոպտելը ամոթ չէ», «թալանելը ամոթ չէ» մտածողությունը եւ ամենօրյա կյանքում գործում են ըստ այդմ` օգտագործելով գողանալու, թալանելու, կողոպտելու իրե՛նց հասու միջոցները:
Այս մտածողության զանգվածայնացման պրոցեսը, անշուշտ, դեռ խորհրդային տարիներից է սկսվել: Պիոներ-կոմերիտականի օրինակելի կերպարը որոշակիորեն հակակշռում էր այդ պրոցեսը, բայց ժամանակի հետ թուլացավ` արհեստականության պատճառով: ԽՍՀՄ փլուզման արագացումն էլ մեծ հաշվով այս երեւույթի հետ է կապված, հանցավոր աշխարհի եւ ցեխավիկների, ապա եւ` իշխանության սերտաճման հետ: Անկախացման տարիներին սեւազգեստ-պպզելը մի որոշակի շերտի համար դարձավ որակի նշան, եւ այս զանգվածի մի մասը բնական ճանապարհով ներթափանցեց հանրային կյանքի զանազան ոլորտներ: Վերջին տարիներին այդ պրոցեսը ընթանում է սուպերարագ տեմպերով, հանցավոր աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցում են ընտրությունների կեղծմանը, եւ ավելին` նրանց շուրջ են համախմբված կեղծարար հիմնական ուժերը: Այս զանգվածը, ըստ այդմ, ձեւավորում է իշխանություն, եւ ուրեմն` անարգել կերպով ներթափանցում է իշխանության մեջ: Իշխանության ներսում արդեն անարգել կիրառում է «գողանալը ամոթ չէ», «կողոպտելը ամոթ չէ», «թալանելը ամոթ չէ» բանաձեւը: Հայաստանյան միջին վիճակագրական իշխանավորը, սակայն, հանցավոր աշխարհի միջին վիճակագրական ներկայացուցչի նկատմամբ ունի մի «առավելություն». եթե հանցագործը մի հոգու է թալանում, իշխանավորը` մի ամբողջ ժողովրդի:
Նիկոլ Փաշինյան
շարունակելի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Ashot K.
    Սեպտեմբեր 19th, 2010 at 12:37 | #1

    Xorhrdayin tarinerin “goxakan ashxarhy” inch vor imastov handisanum er alternativ ishxanutyun, i hakakshir xorhrdayin barqeri (dra hamar er vor petutyunic goxacoxy aveli hargvac er qan anhatic goxacoxy) uner ir baroyaxosutyuny, vori shnorhiv qich te shat ynduneli er hasarakutyan voroshaki sherteri hamar. Hima ishxanutyunnery nuynpes talanum en zhoxovrdin, votnaharum nra iravunqnery, inchpes naxkinum… miak tarberutyuny erevi na e vor nranq azgutyamb hayer en. Bayc ari u tes vor “goxakan ashxarhy” handes chi galis nranc dem ayl darcel e nranc henaranneric meky. Harc e tsagum- “vorn e hima goxakan ashxarhi baroyaxosutyuny?”, isk aranc baroyaxosutyan, miayn birt uzhov hnaravor che erkar pahpanel hasarakutyan layn sherteri loyalutyuny irenc handep. Miguce inercian e mec… bayc ete hasarak qaxaqacin imana, vor yntrakexcarary, voch mi kap chuni naxkin “goxakan ashxarki” baroyaxosutyan het karcum em baroyakan tesaketic gone kashkandvac chi lini nran dimadrel. Axr na yndameny yntrakexcarar e…

    P.S. miguce karciqners edqan el bazmakoxmani chen, dra hamer hetaqrqir kliner lsel ayl karciqner.

  1. No trackbacks yet.