> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ

Ավագ դուստրս` Մարիամը, տեսակցություններից մեկի ժամանակ ինձ հարց ուղղեց. թե բա` ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ այդքան սիրում սեւ զգեստներ հագնել: Խոսքը սգավորների մասին չէ, այլ ընդհանրապես` առօրյա կյանքում: Որտեղից է բխում սեւամետ այս ավանդույթը, այս մոդան: Այդ տեսակցության ժամանակ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում էի եւ ի պատասխան դստերս հարցի` կարկամեցի: Նույնիսկ չկարողացա առաջ քաշել շատ թե քիչ տրամաբանական որեւէ վարկած: «Կոշ» ՔԿՀ-ում, ահա, ինձ թվաց, թե գտել եմ դստերս հարցի պատասխանը:
Երբ մարդը մեկուսարանում է եւ դեռեւս գտնվում է դատապարտյալի կարգավիճակում, կարող է կրել ցանկացած հագուստ` իր նախընտրությամբ: Նուբարաշենի մեկուսարանից Կոշի գաղութ տեղափոխվելուս օրը սպիտակ շապիկով էի, սպիտակ գծերով սպորտային շալվարով: «Կոշ» ՔԿՀ ներկայացուցիչները, սակայն, մեզ ընդունելուն պես առաջարկեցին հանձնել այդօրինակ հագուստը եւ հատկացրին դատապարտյալի միասնական նմուշի սեւ հագուստ: Դատապարտյալին թույլատրելի է միայն սեւ հագուստ հագնել, եւ առաջին հայացքից ոչ այնքան ցայտուն այդ փաստը առանձնահատուկ կերպով ընդգծվում է առավոտյան եւ երեկոյան հաշվառումների ժամանակ, երբ սեւ հագած մարդկային զանգվածը դուրս է գալիս հանրակացարաններից եւ մեկտեղվում շարահրապարակի` պլացի վրա: Հաշվառում անունն իսկ հուշում է արդեն, որ միջոցառման նպատակը դատապարտյալներին հաշվառելն է` պարզելու համար` տե՞ղն է նրանց թիվը, թե՞ ոչ: Այսինքն` ՔԿՀ-ում կա՞ն արդյոք այնքան թվով դատապարտյալներ, որքան պետք է լինեն ըստ փաստաթղթերի:
Հաշվառումը տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ կերպ. շարահրապարակ դուրս եկած դատապարտյալները շարվում են հինգ-հինգ եւ այսպես հնգյակներով` իրար ետեւից: Շարասյան սկզբում` առաջին շարքի աջ ու ձախ կողմերում կանգնում են ՔԿՀ մեկական աշխատակիցներ: Դատապարտյալները հնգյակներով անցնում են նրանց առջեւով, ու նրանք սկսում են բարձրաձայն հաշվել հնգյակները` մեկ, երկու, երեք, չորս, հինգ: Եթե հասել են 40-ի, նշանակում է հաշվել են 40 հնգյակ, այսինքն` 200 հոգի:
Հաշվառումը տեւում է բավական երկար, որովհետեւ ինչ-որ մարդիկ միշտ էլ մնացած են լինում հանրակացարաններում: Այսպես վարվում են հիմնականում առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալները: Հնգյակների մեջ հաշվառված դատապարտյալները, նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց հաշվառել են, ստիպված են սպասել մինչեւ ՔԿՀ աշխատակիցները հաշվառեն նաեւ հանրակացարաններում մնացածներին, գումարեն թվերը եւ այսպիսի թվաբանական գործողությունների արդյունքում համոզվեն, որ բոլոր դատապարտյալները տեղում են: Գումարման արդյունքում ստացված թվերը հաճախ չեն համապատասխանում անհրաժեշտ ցուցանիշներին, եւ հաշվառման գործընթացը երբեմն տեւում է մեկ ժամ, նույնիսկ` ավելի: Շարահրապարակում գտնվող դատապարտյալները այս ողջ ընթացքում շարունակում են մնալ տեղում. նրանց առայժմ թույլ չի տրվում հեռանալ, որպեսզի հաշվառվածները չխառնվեն չհաշվառվածներին: Այդքան երկար սպասելուց, բնականաբար, հոգնում են, իսկ մոտակայքում նստելու տեղ չկա, եւ ուրեմն` հոգնածները ստիպված են պպզել: Անկախ հոգնածությունից, դա ժամանակի հետ սովորույթ է դառնում, եւ շատ դատապարտյալներ հաշվառման ավարտին պպզում են` անկախ հոգնածության աստիճանից: Այս երկար պատմությունը շարադրեցի` ցույց տալու համար, թե որտեղից է ծագել քուչում պպզած սեւազգեստ երիտասարդի տիպաժը, որ վերջին տասնամյակում այնքա՜ն քննարկվել է մամուլում, վերլուծական զրույցների եւ բանավեճերի ընթացքում: Հենց այստեղ` քրեակատարողական հիմնարկի շարահրապարակում: Այդ տիպաժը երկարատեւ ազատազրկումից հետո դուրս է եկել ՔԿՀ-ից, սեւ հագնելու եւ երկար պպզելու սովորույթը իրենց թաղամաս ու բակ տարել, սեւազգեստ եւ պպզած` բակի եւ թաղի երիտասարդներին էկզոտիկ պատմություններ պատմել բանտային կյանքի ռոմանտիկայի մասին, եւ իրեն էտալոն` նմանակման օբյեկտ դարձրել ներշնչանքի աղբյուրից զրկված, կյանքի ուղենիշները կորցրած, ապրելու եւ պաշտպանվելու ալգորիթմ փնտրող երիտասարդության համար, որի արժեքային բացը լրացնելու մասին ոչ ոք չի էլ մտածել: Այդ բացը լրացրել է պպզած-սեւազգեստի կերպարը, սրանից բխող բոլոր հետեւանքներով: Հետո ձեւը ծնել է բովանդակություն, բովանդակությունը տեղավորվել է ձեւի մեջ, անհրաժեշտությունը դարձել է կեցվածք, կեցվածքը դարձել է օրինակելի իմիջ, ինքնահաստատման միջոց, խառնակ ժամանակներում կողմնորոշվելու ուղենիշ: Հետո մեր երկրում սկսել են սեւ հագնել եւ պպզել նույնիսկ ուսանողները, եւ այսպիսի տեսարանները սկսել են գերիշխել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակում: Այսպես` սեւազգեստ դատապարտյալը մի ամբողջ սերնդի մտածողություն է ձեւավորել, ինքն էլ, թերեւս, չկռահելով այդ մասին: Ավելի ճիշտ, մուտացիոն մի պրոցես է սադրել, որը դուրս գալով որեւէ կոնտրոլից` դատարկության մեջ դարձել է անվերահսկելի, ինչի արդյունքում երկրում ձեւավորվել է սեւազգեստ եւ պպզող երիտասարդություն, եւ այս միջավայրից դուրս են եկել սեւազգեստ եւ պպզող ոստիկաններ, սեւազգեստ եւ պպզող դատախազներ, սեւազգեստ եւ պպզող դասախոսներ, սեւազգեստ եւ պպզող գեներալներ, սեւազգեստ եւ պպզող պատգամավոր-նախարարներ, սեւազգեստ եւ պպզող էլիտա: Խնդիրը, իհարկե, ֆիզիկական վիճակի մեջ չէ, ֆիզիկական վիճակն ինքնին ոչինչ չի նշանակում: Խնդիրը տիպաժի, կերպարի, դարաշրջանի հերոսի մեջ է, աշխարհի ընկալման նրա տեսանկյունի մեջ, որը գերիշխող է դարձել` ժամանակի հետ մի կողմ թողնելով նույնիսկ ֆիզիկական վիճակը եւ հագուստի գույնը:
Ես հիմա գիտեմ, թե ինչու են Հայաստանում մարդիկ նախընտրում սեւ զգեստներ հագնել: Այդպես հագնվում էր այն նախատիպը, որի կերպարը մտածողություն է ձեւավորել, մի ամբողջ դարաշրջանի ճաշակ եւ հոգեբանություն, եւ այդ կերպարը հաշվառման մասնակցող դատապարտյալն է` քրեակատարողական հիմնարկում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
շարունակելի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Ազատ Հայ
    Սեպտեմբեր 15th, 2010 at 18:12 | #1

    Հրաշալի է, պարո՛ն Փաշինյան: Ձեզ համբերություն, քիչ մնաց:

  2. MM
    Սեպտեմբեր 20th, 2010 at 00:43 | #2
  1. No trackbacks yet.