> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. WELCOME TO KOSH!

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. WELCOME TO KOSH!

ՔԿՀՔննչական մեկուսարանից ուղղիչ հիմնարկ տեղափոխված, այսինքն` կալանավորից դատապարտյալ դարձած ցանկացած մարդու մի պահ թվում է, թե ազատության մեջ է հայտնվել: Այսպիսի զգացողություն ես էլ ունեցա` Նուբարաշենի մեկուսարանից Կոշի գաղութում հայտնվելով: Շուրջ յոթ ամիս անց եմ կացրել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` 7.5 քառակուսի մետրանոց խցում, «Նուբարաշենի» խուցը, որտեղ բնակվում էինք 3 հոգով, 24 քառակուսի մետր էր:
Կոշի գաղութում դատապարտյալների բնակելի գոտին շուրջ երեք հեկտար տարածք ունի, այդ երեք հեկտարի վրա` 11 շինություն: Դատապարտյալների հիմնական մասը բնակվում է երեք հանրակացարանային շենքերում, որոնցից յուրաքանչյուրը եռահարկ է եւ իր անունն ունի «Կոշ» ՔԿՀ բառապաշարում: Շենքերից մեկն անվանում են «քարի բարաք»` ըստ ամենայնի այն պատճառով, որ ժամանակին այստեղ բնակվել են գաղութին կից քարհանքում աշխատող դատապարտյալները: Ներկայումս քարհանքը, իհարկե, չի գործում` համենայնդեպս «Կոշ» ՔԿՀ կազմում:
Հաջորդը «սանչաստի բարաքն» է, որն այսպես կոչվում է, որովհետեւ գտնվում է միհարկանի բուժմասի կողքին: Երրորդը «դպրոցի բարաքն» է, որտեղ բնակվում եմ նաեւ ես: Մեր մասնաշենքը այսպես կոչվում է, որովհետեւ խորհրդային տարիներին դատապարտյալների դպրոցն է եղել այստեղ: Դպրոցի ավարտական ատեստատ չունեցող դատապարտյալներին Սովետական Միությունը կրթել է: Հիմա այդ հարցը հանված է օրակարգից, չնայած դատապարտյալների մեջ քիչ չեն մարդիկ, որ գրել-կարդալ չգիտեն:
Կոշի գաղութը, սակայն, ունի՛ գրադարան, որտեղ բացակայում է ընթերցասրահը: Գրքեր, ինչ խոսք, կան, բայց ՔԿՀ վարչակազմը պետական մտածողություն է ցուցաբերում` խնայում է բյուջեի փողերը եւ գրադարանի համար թերթեր չի բաժանորդագրվում. նույնիսկ` իշխանամետ: Թերթերի ամենապարտաճանաչ մատակարարը Հայ առաքելական եկեղեցին է, որի սպասավորները ժամանակ առ ժամանակ ՔԿՀ են բերում Մայր աթոռ սբ. Էջմիածնի եւ Արարատյան հայրապետական թեմի «Քրիստոնյա Հայաստան» եւ «Շողակն» թերթերի թարմ համարներ: Հոգեւոր գրադարանը, սակայն, տարանջատված է աշխարհիկ գրադարանից եւ ի տարբերություն վերջինի` ունի ընթերցասրահ:
Կոշի գաղութում եկեղեցի էլ կա, որն օծվել է 2008 թվականին: Նրան կից երկհարկանի շենքում են գտնվում հոգեւոր գրադարանն ու ընթերցասրահը, միջոցառումների դահլիճն ու աշխարհիկ գրադարանը: Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտված եւ Կոշում պատիժ կրող Եհովայի վկաների կացարանը եկեղեցու հակառակ կողմում է, բուժ մասից մի քիչ ներքեւ: Վկաների կացարանից ավելի ներքեւ մի շինություն է, ուր տեղավորված են բաղնիքը, լվացքատունը, հագուստի պահասենյակը, վարսավիրանոցը, կոշիկի վերանորոգման եւ կարի արհեստանոցը: Սրանից ներքեւ` մեկ ուրիշ միհարկանի շինություն է, որտեղ այլոց շարքում տեղավորված է «Կոշ» ՔԿՀ կրպակը` «Կոշ» հինգ աստղանի «սուպերմարկետը», որտեղից դատապարտյալները առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու հնարավորություն ունեն: Սրանից դեպի արեւմուտք ճաշարանն է, սրան կից` հավաքարարների հանրակացարանը: Հետո գալիս է սննդի պահասենյակը, ուր դատապարտյալները պահում են հանձնուքով ստացած սնունդը: Սրա ետնամասում` հյուսիս-արեւմտյան պատի երկայնքով, հին եւ նոր արտաքնոցներն են ու լվացարանը:
Այս ամենը եզերված-շրջափակված է մոտ երեք մետրանոց արգելապատով, որի գագաթը «զարդարում են» ժանգոտ փշալարերը: Պատերից ներս, ահա, դատապարտյալների բնակելի գոտին է, «զոնը»: Շենք-շինությունները զբաղեցնում են բնակելի գոտու մակերեսի կեսը միայն: Մնացածը զրուցարաններ են, ծառեր, ֆուտբոլի հողե դաշտ, վոլեյբոլի ասֆալտապատ հրապարակ, շարահրապարակ, քայլուղիներ: Օրվա ցերեկային ժամերին դատապարտյալները ազատ են եւ նկարագրված տարածքում կարող են տեղաշարժվել իրենց ցանկությամբ: Եւ բնական է, որ 7 կամ 24 քառակուսի մետրանոց խցերի համեմատ, որտեղից օրը մեկ ժամով ես զբոսանքի դուրս գալիս եւ զբոսնում ճաղապատ երկնքի ներքո` 20-30 քառակուսի մետրանոց մի տարածքում, գաղութը, զոնը, քաղաքային կյանքի զգացողություն են առաջացնում: Այդ զգացողությունը, սակայն, միայն տարածքի մեծությունը չի հարուցում. շատ ավելի կարեւոր է մեկ ուրիշ գործոն: Գաղութային կյանքի որոշ դրվագներ ստիպում են մտածել, որ հայաստանյան դրսի կյանքում առկա բազմաթիվ կաղապարներ հենց այստեղ են ձուլվել եւ կալանավայրից տարածվել Երեւանով, Հայաստանով: Սկսել եմ նույնիսկ մտածել, որ ի դժբախտություն Հայաստանի` կալանավայրերը, գաղութները հանրային բարոյականության, հանրային հարաբերությունների կերպի կարեւոր եւ ազդեցիկ աղբյուր են հանդիսանում մեր երկրում: Գուցե նաեւ սա՞ է պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցին կալանավայրերում եկեղեցաշինության հզոր արշավ է սկսել: Ինչ-որ մեկը, ոչ առանց հիմքի, թերեւս հաշվարկել է, որ եթե Եհովայի վկաները իրենցով անեն ուղղիչ հիմնարկները` քրեակատարողական գաղութները, իրենցով կանեն ողջ Հայաստանը: Այս ձեւակերպումը տարօրինակ կարող է թվալ շատերին, եւ դրա մեջ գուցե չափազանցության հատիկ կա: Բայց որ Հայաստանում ավելի ու ավելի լայն տարածում են ստանում գաղութային, հանցավոր կյանքի արժեքներն ու ձեւերը, կարծում եմ` ակնհայտ է, եւ այդ մասին դեռ կխոսենք առաջիկայում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Anushik
    Սեպտեմբեր 16th, 2010 at 17:09 | #1

    Nikol jan, erb mecn Gyotein harcrel en “Ete dzez cmah bantarkein ev tutl tain miayn mi ban vercnel, duq inch kvercneiq” na patasxanel e “Astvacashunch@”, aynpes vor karevor e Araqekan ekexecu der@ ays paragayum, sakayn cavoq srti voch bolr@ karox en kardal u haskanal ays girq@ vor@ bazmics avetum e vor hogov azatnerin hnaravor che bantarkel, es chgitel du axotel gites te voch, bayc gitem vor shatern en axotum qo azatutyan hamar, vor du ujex kamq unes da kaskacic ver e sakayn ete husahatves hetevir Gyotei orinakin

  2. Armen
    Սեպտեմբեր 21st, 2010 at 00:29 | #2

    @ndhanrapes hodvatsner@ inchvor ban petq a tan mardkanc, es hodvatsic vochmiban chqaxeci, avelin asec Anushiki koxmic storhev grvats meknabanutyun@ ! chem kartsum vor inchvor mekin hetaqrqir e te inch anunner unen Gaxuti korpusner@, inc orinak hetaqrqir e te inch@ Nikolin dur chekav, isk inch@ na havanec ayntex! isk Gyoten shat chisht e asel!

  3. Galya
    Մարտ 5th, 2014 at 23:51 | #3

    Պրն Արմեն,ի զուր եք մտածում թե հոդվածն աննպատակ է և անպիտան,այն բանտային նկարագրության հազվագյուտ նմուշ է,ինչը չեք գտնի գրականության մեջ:

  1. No trackbacks yet.