> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՈՐԻՑ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ԿՐԿԻՆ

ՆՈՐԻՑ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ԿՐԿԻՆ

Երբ նախօրեին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումից հանեց «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը, պարզվեց, որ դա Հայաստանի խոշոր դիվանագիտական հաղթանակն է: Այս մասին հայտարարեց մեկը` ՀՀԿ-ից: Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀԿ-ի թիվ մեկը հայտարարում էր, որ եթե այդ բանաձեւը ընդունվի ՄԱԿ-ում, մենք փաթթած կունենանք կատարելապես, որովհետեւ դրա արժեքը զրո է, այսինքն` այն ոչինչ չարժե եւ չի կարող ազդել մեզ վրա: Բայց երբ Ադրբեջանը ոչինչ չարժեցող այդ բանաձեւը հանեց ԳԱ քննարկումից, տեղի ունեցածը խիստ ազդեց իշխանական խոսնակների տրամադրության վրա, եւ ՀՀԿ-ից մեկը հայտարարեց, թե դա Ադրբեջանի կապիտուլյացիան է: Մինչդեռ Ադրբեջանը էշ պիտի լիներ նման պայմաններում վերը նկարագրված քայլը չանելու համար: Այդ բանաձեւի հիմնական նպատակը «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» փաստահավաք խումբ ուղարկելն էր:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ափալ-թափալ մեկնեցին Բաքու եւ Իլհամին ասացին, որ պատրաստ են փաստահավաք խումբը ուղարկել նույնիսկ առանց բանաձեւի ընդունման: Հետո համանախագահները եկան Երեւան, հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ եւ Իլհամ Ալիեւին խաբար արեցին, որ Սերժը աղ ու հացով կընդունի «օկուպացված» տարածքներում փաստեր հավաքող խմբին: Իլհամն էլ գումարել-հանել գիտի. նա հաշվեց, որ համանախագահների առաջարկած տարբերակով համ փաստահավաք խումբ է ունենում, համ էլ` «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը մնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում, եւ Բաքուն ցանկացած պահի այն կարող է դնել քննարկման եւ քվեարկության: Երբ պարզվեց, որ 2010 թվականի սեպտեմբերի 9-ին Ադրբեջանը ՄԱԿ-ում քննարկման է դնելու «օկուպացված» տարածքներին վերաբերող բանաձեւը, ՀՀԿ-ական խոսնակները պնդում էին, թե չարժե անգամ, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը աշխատի այդ բանաձեւի ընդունման դեմ: Իսկ երբ Ադրբեջանը, ուշադրություն դարձրեք` Ադրբեջանը, որոշեց հետաձգել հարցի քննարկումը, այդ նույն ՀՀԿ-ական խոսնակները սկսեցին գովել հայ դիվանագիտությունը, տեղի ունեցածը որակելով որպես հաղթանակ: Մինչդեռ փաստն այն է, որ հայ դիվանագիտությունը այնքան սատկած է, որ Ադրբեջանը գիտի` վերը հիշատակված բանաձեւը ՄԱԿ-ում ընդունել կտա ցանկացած պահի. հիմա պապուծի առեւտուր է անում` դիվանագիտական: Բանաձեւը հետաձգելու դիմաց Իլհամ Ալիեւը կոնկրետ արդյունք է ստացել` փաստահավաք առաքելություն, իսկ Սերժ Սարգսյանին բաժին է հասել հաղթանակը: Բարոյական:« Հայլուրի» հորթային ռեպորտաժի տեսքով:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.