> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՂԴԱՄԸ ԻՎԱՆԻ՛ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

ԱՂԴԱՄԸ ԻՎԱՆԻ՛ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Աղդամ գյուղԵթե իրադրությունը վերլուծենք «Ռեալպոլիտիկի» տեսանկյունից, պետք է խոստովանենք, որ Հայաստանը չի կարող պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթության մեջ` ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչմանը Ադրբեջանի պատասխանը պետք է լինի հարձակումը Ստեփանակերտի ուղղությամբ: Բայց այսօրվա պայմաններում նման բան տեղի չի ունենա, որովհետեւ հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը, որով ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթներ են դրված, որոշակիորեն սառեցրել է Ադրբեջանի պատերազմական կրքերը: Սա նշանակում է, որ հայկական ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է հարցնի Ռուսաստանին եւ ստանա նրա համաձայնությունը:

Ասել է, թե այսօրվա դրությամբ Հայաստանի վրա ռազմական հարձակումը կանխող թիվ 1 գործոնը ոչ թե Հայաստանի զինուժի գերակշռությունն է ադրբեջանականի նկատմամբ, այլ ՀՀ-ում ռուսական ռազմակայանին վերապահված նոր լիազորությունները: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանին ռազմական գործողությունների սադրող որեւէ քայլ անելիս Հայաստանը պետք է ստանա Ռուսաստանի համաձայնությունը. այդպիսի քայլերից կարեւորագույնը հենց ԼՂՀ անկախության ճանաչումն է, որ Հայաստանը չի կարող անել առանց Մոսկվայի: Բայց մի՞թե Մոսկվան թույլ կտա իրադարձությունների նման զարգացում: Այս հարցի պատասխանը տվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ԼՂՀ անկախության օրը, սեպտեմբերի 2-ին պաշտոնական այցով մեկնելով Բաքու եւ նույն օրը ծաղկեպսակ դնելով ԼՂ պատերազմում զոհված ադրբեջանցիների պանթեոն Շահիդների ծառուղում: Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի բովանդակությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայ-ադրբեջանական խաղի կանոնները հստակեցրեց: Ըստ այդմ, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը իրավունք չունեն միակողմանի գործողություններ ձեռնարկել, եւ սա վերաբերում է ԼՂ հարցի գրեթե բոլոր ասպեկտներին: Այս պրոցեսը փաստացի մեկնարկել է 2008թ. Մայնդորֆյան հռչակագրով, որ ստորագրեցին Դ. Մեդվեդեւը, Ս. Սարգսյանը, Ի. Ալիեւը: Այդ կետից սկսած` ԼՂ հարցի կարգավորման հիմնական ձեւաչափը սկսեց դառնալ ռուսակենտրոն. Հայաստանը բանակցում էր Ռուսաստանի հետ` աջակցություն հայցելով ԼՂ հարցում, Ադրբեջանը բանակցում էր Ռուսաստանի հետ` աջակցություն հայցելով ԼՂ հարցում: Այս ձեւաչափը լրումին հասավ ՌԴ նախագահի` տարածաշրջան կատարած այցերով, եւ այսպիսով Ռուսաստանը դառնում է ԼՂ հարցով թիվ 1 սուբյեկտ, որը բանակցություններ է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Եւ պետք է նկատել` գոնե այս փուլում Մոսկվան ամեն ինչ անում է անաչառ հայրիկի դերակատարում ստանձնելու համար. նա հօդս ցնդեցրեց (առանց Ռուսաստանի համաձայնության) պատերազմով Ղարաբաղը վերադարձնելու` Ադրբեջանի հույսերը եւ Հայաստանին զրկեց (առանց Ռուսաստանի համաձայնության) ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոն պահպանելու կամ որեւէ ինքնուրույն քայլի գնալու հնարավորությունից: Հայաստանում որեւէ մեկը չնկատեց անգամ, որ իրականացան բոլոր այն կանխատեսումները, ըստ որոնց` Սերժ Սարգսյանը հանձնելու է ազատագրված տարածքները: Ազատագրված տարածքները հանձնված են, առայժմ` միայն Ռուսաստանին: Ռուսական մեծապետականները լրիվ իրավունք ունեն Աղդամը իրենց հայրենիքը համարելու:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.