> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԵՐԺԱԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՍԻԼԼՈԳԻԶՄ

ՍԵՐԺԱԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՍԻԼԼՈԳԻԶՄ

Սերժ Սարգսյանի շրջապատը որպես հեղափոխական նորույթ էր փորձում ներկայացնել ֆուտբոլային դիվանագիտությունը, որպես նոր մոտեցում եւ ճեղքում հայ դիվանագիտության պատմության մեջ: Մինչդեռ հիմա արդեն ակնհայտ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը նույնությամբ կրկնել է այն ցիկլը, որ մեր պատմության մեջ գրանցվել է արդեն: Դրա ամենացայտուն օրինակը հայ-թուրքական մերձեցման փորձն էր 20-րդ դարասկզբին, երբ ավանդական կուսակցությունները` դաշնակների գլխավորությամբ, խիստ ոգեւորված երիտթուրքերի իշխանության գալով, ինքնամոռաց աճապարեցին նրանց հետ եղբայրանալ: Այս պատմության հետեւանքը եղավ այն, որ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց եւ անմնացորդ տրվեց ռուսի քմահաճույքին: Թե ինչ հետեւանքներ կունենա ֆուտբոլային դիվանագիտությունը, դեռ կերեւա առաջիկայում, բայց դարասկզբյան ցիկլի ընդհանրական բնորոշիչները արդեն կրկնվել են. ինքնամոռաց ոգեւորություն հայ-թուրքական սահմանի իբր սպասվող բացման կապակցությամբ, սրան հետեւած` դառը հիասթափություն եւ խուճապահար խոնարհում ռուսական կայսրության առաջ: Պատմությունը հուշում է, որ սրանով պրոցեսը չի սահմանափակվելու, եւ լինելու են նորանոր հետեւանքներ, եթե, իհարկե, հայ ժողովուրդը իրեն դուրս չդնի իր պատմության ողբերգական ցիկլից: Իսկ որ այս ցիկլը մեզ համար գենետիկ հատկանիշ է դարձել, կարելի է նույնիսկ ապացուցել: Դեռ էն գլխից կասկածներ կային, որ չնայած հրապարակային ընդդիմացմանը` ՀՅ դաշնակցությունը ֆուտբոլային դիվանագիտության մեջ ինչ-որ հարազատ բան էր տեսնում, եւ սրա մասին վկայում էր «նախագահ մի՛ զիջիր» «քնքույշ» կարգախոսը, որով առաջնորդվում էր ՀՅԴ նախաձեռնած շարժումը ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Նախօրեին, սակայն, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ցրեց կասկածները, ըստ էության հաստատելով դրանք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Ռուստամյանը հաստատեց, որ հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը ինչ-որ առումով ֆուտբոլային դիվանագիտության տապալման հետեւանք է, ու քանի որ Ռուստամյանի խոսքում 49-ամյա պայմանագրի ստորագրման այլ դրդապատճառ չնշվեց, կարող ենք արձանագրել, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ընդունում է, որ այն ամբողջությամբ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության արգասիք է, որովհետեւ դրա տապալումը կանխատեսելի էր ի սկզբանե: Համենայդեպս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ տապալումը կանխատեսել էին հրապարակային ելույթներով: ՀՅ դաշնակցության դիրքորոշման մեջ, սակայն, մի հետաքրքիր նրբություն ենք նկատում, անկախ ամեն ինչից` ԳՄ պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 49-ամյա պայմանագրի ստորագրումը, որով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2044 թվականը, դրական է համարում: Ըստ Աստվածաշնչյան տրամաբանության` ծառը պտուղից են ճանաչում եւ ուրեմն` նաեւ գնահատում: Ամփոփելով վերը շարադրվածը, կարող ենք կազմել հետեւյալ սիլլոգիզմը.

ՀՅ դաշնակցությունը 49-ամյա պայմանագիրը համարում է
ֆուտբոլային դիվանագիտության արգասիք:

ՀՅ դաշնակցությունը դրական է
գնահատում 49-ամյա պայմանգիրը:
______________________________________________
ՀՅ դաշնակցությունը դրական է
գնահատում ֆուտբոլային դիվանագիտությունը:

Այսպիսով, ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին ընդդիմադիր չէ ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական հարցերով: Սերժ Սարգսյանը 20-րդ դարասկզբի նմուշի դաշնակ է եւ ոչ ավելին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Ishkhan (Beirut)
    Սեպտեմբեր 3rd, 2010 at 10:56 | #1

    Do meg@ arr` myusin zarg! +1

  1. No trackbacks yet.