> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՉԻՆՉ ՉԻ ԱԶԴԻ ՄԵԶ ՎՐԱ. ԱՐԴԵՆ

ՈՉԻՆՉ ՉԻ ԱԶԴԻ ՄԵԶ ՎՐԱ. ԱՐԴԵՆ

unԻնչպիսին կլինի Հայաստանը 2010թ. հոկտեմբերի 5-ին, եթե ՄԱԿ-ի ԳԱ-ն 2010թ. հոկտեմբերի 4-ին քվեարկությամբ ընդունի «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը: Հոկտեմբերի 5-ին Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին էր հոկտեմբերի 4-ին ԳԱ-ում տեղի ունեցած քվեարկությունից առաջ: Էլիտար պատուհաններից կերեւա Արարատը` յուր բիբլիական հանդարտությամբ, բոլոր սաունաներն ու խաշանոցները կաշխատեն սովորական ռեժիմով, նույնիսկ արեւը նախկինի պես կծագի Արեւելքում եւ մեծ հավանականությամբ մայր կմտնի Արեւմուտքում: Այս է պատճառը, որ իշխանության ներկայացուցիչները ստոիկյան հանդարտություն են ցուցաբերում առաջիկայում ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունենալիք գործընթացներին ընդառաջ: Նրանք պնդում են, որ եթե անգամ վերը հիշատակված բանաձեւը ընդունվի, դա որեւէ կերպ չի ազդի Հայաստանի եւ Արցախի կյանքի վրա: Այնպես, ինչպես որեւէ կերպ չեն ազդել միջազգային տարբեր ատյաններում մինչ այդ ընդունված բանաձեւերը: Կարճ ասած` ըստ սերժանտական իշխանության, անհանգստանալու որեւէ բան չկա, եւ այստեղ-այնտեղ Ադրբեջանի նախաձեռնությամբ ընդունված բանաձեւերը որեւէ արժեք չունեն: Բայց այստեղ, ահա, հարց է ծագում. եթե այդպես է, ինչո՞ւ ուրեմն Հայաստանն էլ ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, Եվրախորհրդարանում նույնիպիսի անարժեք, բայց հայամետ բովանդակությամբ բանաձեւեր ընդունել չի տալիս: Չէ՞ որ դրանք ոչինչ չարժեն, ուրեմն` ոչինչ չարժե նաեւ դրանց ընդունումը: Եւ եթե այս ընթացքում ԼՂ հարցով հայամետ որեւէ բանաձեւ որեւէ ատյանում չի ընդունվել, կնշանակի, որ հայաստանցի դիվանագետները զրոյից մի քանի կիլոմետր ցածր մակարդակ ունեն, ոչինչ չարժեն, եթե չեն կարողանում ընդունել տալ ոչինչ չարժեցող բանաձեւեր: Իշխանական ասուլիսիչների մի խումբ էլ կա, որ սկսել է հայ հանրությանը համոզել, թե ՄԱԿ-ում սպասվող բանաձեւը Ադրբեջանի քարոզչական հնարքն է, եւ Հայաստանը անհանգստանալու ոչինչ չունի: Այս նույն դեմքերը, սակայն, սեզոնային սրացումների շրջանում առավոտից իրիկուն վնգստում են ադրբեջանական քարոզչությունից պաշտպանվելու անհրաժեշտության մասին, այդ քարոզչությունը ներկայացնելով որպես հայի գլխին կախված թիվ 1 մահացու սպառնալիք: Իշխանական եւ մերձիշխանական պատգամավորները պնդում էին, թե բոլորով բոլոր գործերը պիտի թողնենք եւ դիմակայենք ադրբեջանական քարոզչամեքենային: Հիմա, արդեն, ՄԱԿ-ի ԳԱ-ում քննարկման դրված բանաձեւը որակում են որպես քարոզչական, այսինքն տուֆտա մի բան, այսինքն` արդեն չեն վախենում ադրբեջանական քարոզչությունից: Իրականությունն այն է, սակայն, որ Հայաստանը` ի դեմս գործող վարչախմբի, միջազգային ասպարեզում կորցրել է դիմադրողականությունը: Սերժանտական իշխանությունը ի վիճակի չէ հակադարձել միջազգային ասպարեզում Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ հարձակմանը եւ հայ հանրությանը փաստացի առաջարկում է թուլանալ եւ հաճույք ստանալ: Միջազգային ասպարեզում Հայաստանն ու Արցախը հայտնվել են պաշարված բերդի վիճակում, եւ ամեն մի բանաձեւ, ընդունված լինի դա ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, թե Եվրախորհրդարանում, ամրացնում են այդ պաշարումը: Իսկ իշխանությունը հանգստացնում է զարտուղի ճանապարհներով պաշարված բերդից փախչող ժողովրդին, թե` մի անհանգստացեք, դեռ մի 100 տարի էլ կարող ենք այսպես պաշարված ապրել: Եւ, այնուամենայնիվ, հարց է ծագում. ինչպե՞ս վերաբերվել ՄԱԿ-ում եւ միջազգային այլ ատյաններում ընդունվող բանաձեւերին, որոնք ԼՂ հարցում ոչ հայանպաստ դիրքորոշումներ եւ սկզբունքներ են արտահայտում: Իշխանական խոսնակները ճիշտ են. այդ բանաձեւերը իրավական պարտադիր ուժ չունեն: Բայց դրանք այն հիմքն են, որի վրա կառուցվելու են իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները: Ի վերջո, մենք ապրում ենք աշխարհում եւ ԼՂ հարցը միջազգայնացնելով` համաձայնել ենք, որ աշխարհը, միջազգային հանրությունը դատավորի, արբիտրի դեր կատարի ԼՂ հարցի կարգավորման համատեքստում: Եւ «ոչինչ չնշանակող» բանաձեւերը արտահայտում են այն կարծիքը, որը բանակցային գործընթացում ձեւավորվում եւ կարծրանում է միջազգային հանրության գիտակցության մեջ: Նաեւ այս իմաստով Հայաստանն ու Արցախը պաշարված ամրոցի են նման, որովհետեւ Հայաստանի ներսում քարոզվող հաղթական շեշտադրումները արտահայտված չեն «որեւէ միջազգային թղթի վրա» եւ բացի հայկական միջավայրից, որեւէ այլ տեղ չեն ընկալվում: Իսկ «ադրբեջանական քարոզչությունը» արդեն դադարում է զուտ ադրբեջանական լինելուց: Այդ քարոզչության բառապաշարով արդեն խոսում են միջազգային կառույցները: Բայց մենք փաթթած ունենք այդ բառապաշարը, որովհետեւ եթե միջազգային հանրությունը իրեն հանգիստ չպահի, Ստրասբուրգը կդարձնենք արյան ծով: Ստամբուլից հետո, իհարկե:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.