> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱՄՆ ՊետդեպարտամենտԳյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագրին հետեւած ամերիկյան արձագանքը շատ հանդուրժող ստացվեց: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարց է: ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի: Ռուսաստանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ դրանում կառուցողական դերակատարում ունի»,- նախորդ շաբաթ 49-ամյա պայմանագրի ստորագրման կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները, եւ սա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է խնդրի վերաբերյալ: Այս հանգստությունը տարօրինակ կարող է թվալ գոնե այն պատճառով, որ 49-ամյա պայմանագիրը Հարավային Կովկասը ռուսական անառարկելի ազդեցության գոտի դարձնելուն ուղղված հերթական քայլն է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԱՄՆ-ը չի կարող համաձայնվել ռուսական այդ նպատակի իրագործմանը: Եթե Մոսկվան գերիշխանություն հաստատի Հարավային Կովկասի նկատմամբ, դա կնշանակի էներգետիկ հերթական այլընտրանքի կորուստ Եվրոպայի համար եւ ուրեմն Ռուսաստանի ազդեցության եւ կշռի մեծացում` սրանից բխող ստրատեգիական հետեւանքներով: Ռուսական ծավալապաշտությունից պաշտպանվելու` արեւելաեվրոպական երկրների կարեւորագույն միջոցը էներգետիկ այլընտրանքների ձեւավորումն է եւ ռուսական գազատարներից կախվածության թուլացումը: Այս ստրատեգիական նպատակի իրագործման հիմնական երաշխավորը ԱՄՆ-ն է, եւ Հարավային Կովկասի կորուստը որպես տրանսպորտային, էներգետիկ եւ մասնավորապես գազային այլընտրանք` ԱՄՆ-ին կթուլացնի նաեւ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում` առաջինին զրկելով գազ ստանալու, երկրորդին` արտահանելու այլընտրանքային կարեւորագույն միջանցքից: Ուշադիր նայեք քարտեզին եւ կտեսնեք, որ Հարավային Կովկասը ԱՄՆ-ին հասանելի միակ ճանապարհն է, որով կենտրոնասիական գազը կարող է հասնել Եվրոպա: Հարավային Կովկասից վերեւ Ռուսաստանն է, ներքեւում` մինչեւ Պարսից ծոց, ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված Իրանը, այնպես որ, Հարավային Կովկասի կորստի դեպքում արեւելքից արեւմուտք տանող ճանապարհները ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար անհասանելի են դառնում. Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից` Բարենցի ծովից, մինչեւ Պարսից ծոց` Հնդկական օվկիանոս: Հարավային Կովկասն, ըստ այդմ, որպես արեւելք-արեւմուտք տրանսպորտային էներգետիկ միջանցք այլընտրանք չունի ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար: Հարավային Կովկասում տեղի ունեցող պրոցեսներին ԱՄՆ-ն չի կարող հարեւանցի վերաբերվել նաեւ այն պատճառով, որ ռուսական ռազմանավերը ոչ վաղ անցյալում հասան նույնիսկ Վենեսուելա, եւ Մոսկվան ակնհայտ աջակցություն է ցուցաբերում Լատինական Ամերիկայում ծավալվող հակավաշինգտոնյան շարժման առաջնորդ, Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսին: Սա Մոսկվայի պատասխանն էր Վաշինգտոնին այն բանի համար, որ վերջինս աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի քթի տակ հակառուսական քաղաքականություն վարող Միխայիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահին: Ռուսաստանն էլ ԱՄՆ-ի քթի տակ սեփական Սահակաշվիլին է գտել` ի դեմս Հուգո Չավեսի, եւ պատահական չէ, որ Վենեսուելան այն քչերից է, որ ճանաչել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը, նույնիսկ պաշտոնական այցով ընդունել վերջինիս նախագահ Սերգեյ Բագապշին: Այս երկարատեւ էքսկուրսը կատարեցի` ցույց տալու համար, որ ԱՄՆ Պետքարտուղարության վերը բերված հայտարարությունը պետք է դիտարկել հայտնի բանաձեւի շրջանակներում, ըստ որի` դիվանագետները խոսում են իրենց մտքերը թաքցնելու եւ ոչ թե բացահայտելու համար: Եւ ուրեմն, ի՞նչ է թաքնված Մարկ Թոների այն հայտարարության տակ, ըստ որի` Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայումը, դրա ժամկետները եւ այլն Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարց են: Մինչ այս հայտարարության ենթատեքստին անրադառնալը նախ եկեք վերծանենք դրա բառացի իմաստը: Ինչ է ուրեմն ասում Մարկ Թոները: Նա ասում է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, Ռուսաստանը ինքնիշխան պետություն է: Հայաստանը որպես ինքնիշխան պետություն ինքն է որոշում` տեղադրի՞ իր տարածքում ռուսական ռազմակայան, թե ոչ, կամ երկարացնի՞ արդեն իսկ տեղակայված ռազմակայանի ներկայության ժամկետը, թե ոչ: Ռուսաստանն էլ է ինքնիշխան պետութուն եւ ինքն է որոշում` Հայաստանի տարածքում ռազմակայան տեղակայի՞, թե ոչ, կամ արդեն իսկ տեղակայված ռազմակայանի ներկայության ժամկետը երկարաձգի՞, թե ոչ:
Ըստ այդմ, որեւէ երկրում որեւէ այլ երկրի ռազմակայան տեղակայել-չտեղակայելը, տեղակայման ժամկետ երկարացնել-չերկայացնելը այդ երկու երկրների երկկողմ հարաբերությունների հարց է եւ չի վերաբերվում երրորդ երկրներին: Երկու ինքնիշխան պետություն, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, իրավասու են ինքնուրույն լուծել իրենց ռազմական համագործակցության չափերն ու ձեւերը, որովհետեւ դրանք ինքնիշխան երկրներ են: Ահա այստեղ է թաղված շան գլուխը, որովհետեւ ինքնիշխան են ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, այլեւ Վրաստանն ու ԱՄՆ-ն, Ադրբեջանն ու Թուրքիան, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն: Ըստ այդմ, եթե ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայումը բացառապես հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարց է, Վրաստանում ամերիկյան ռազմակայան տեղակայելը վերաբերում է բացառապես վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերություններին: Ու եթե Վրաստանն ու ԱՄՆ-ն որոշեն, որ ասենք` Գորիում ամերիկյան ռազմական բազա են հիմնադրում, որեւէ երրորդ երկիր իրավասու չէ այս կապակցությամբ դժգոհություն հայտնել: Նույնը վերաբերում է Ադրբեջանում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու հնարավորությանը, որը, Մարկ Թոների տրամաբանությամբ, բացառապես ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին վերաբերող հարց է եւ որեւէ կերպ չի վերաբերում Ռուսաստանին, այնպես, ինչպես ՀՀ-ում ռուսական ռազմակայանի հարցը որեւէ կերպ չի վերաբերում ԱՄՆ-ին: Այսպես ահա, ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոների մեկնաբանությունը, որ նա արել է հայ-ռուսական 49-ամյա պայմանագրի ստորագրման վերաբերյալ, չնայած արտաքին հանդարտությանը, արտահայտում է այն ողջ աշխարհաքաղաքական լարվածությունը, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած այցից եւ մասնավորապես 49-ամյա պայմանագրի ստորագրումից հետո առաջացել է տարածաշրջանում:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Ishkhan (Beirut)
    Սեպտեմբեր 1st, 2010 at 11:45 | #1

    Amen charakordz vagh te oush ir tzhkhem vakhjan@ anbayman g@ kdne.
    Asdzo Gamqov.
    Ռուսաստանի Դաշնության ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական հետախուզության (ԳՌՈւ) պետի տեղակալ, գեներալ Յուրի Իվանովի gerevarum@ Syriayi yev diaki haytnaberum@ Turkiayi Hatay nahankin mech, mite Astvadzayin batizh che oughvadz Putinin, KGB-in ou GRU-in (Robiki, Serzhiki ou dashnaktsutyan bosser)` Hayots Betakanutyan klkhadman tzhokhayin kordzoghutyun “Hogdemper 27″-i gazmagerbman ou verohishyal deghatsi gordzakalnerou michotsav iraganatsnelou hamar…
    http://www.tert.am/am/news/2010/09/01/turkey/

    P.S. I dep, Syriayi “Moukhabarat”-@ medz ports ouni hsga goumarneri dimats 3-rt koghmin dzakhelou ir het hamagordzaktsogh “partner”-nerin - 1. A.S.A.L.A., 2. PKK & Abdullah Ojalan, 3. Hizbollah…

  1. No trackbacks yet.