> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հայ-ռուսական 49-ամյա պայմանագիրը հօդս ցնդեցրեց 2020 թվականից հետո օտարերկրյա ռազմական ներկայությունից զերծ տարածաշրջան ունենալու թեկուզ տեսական հնարավորությունը: ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման վերաբերյալ 1995 թվականին կնքված պայմանագրի ժամկետը հենց 2020-ին էր սպառվում, ու եթե օտարերկրյա ռազմական ներկայություն ապահովելը Հարավկովկասյան երկրների օրակարգի առաջնային հարցերից չլիներ, դա մի յուրահատուկ ուղերձ կդառնար առ այն, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտադիր են կենտրոնանալ առկա հակասություններն ու հակամարտությունները կարգավորելու վրա: Բայց վիճակը նետված է, 49-ամյա պայմանագրի ստորագրմամբ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացված մինչեւ 2044 թվականը, եւ այս փաստը մեր հարեւանների կողմից ընկալվում է որպես հակամարտությունների եւ հակասությունների ռեժիմը երկարաձգելուն ուղղված հեռահար քայլ: Տեղի ունեցածի իր այս ընկալումը Ադրբեջանը կփորձի հերքել կամ հաստատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքու կատարելիք առաջիկա այցի ընթացքում: C-300 հակահրթիռային համակարգերի առքուվաճառքի մասին ադրբեջանառուսական պայմանագիրը, որ թերեւս սեպտեմբերին Բաքվում կստորագրեն Ալիեւն ու Մեդվեդեւը, կդառնա այն հակակշիռը, որով Ռուսաստանը կփորձի փարատել հայ-ռուսական 49-ամյա պայմանագրի վերաբերյալ Բաքվում առաջացած մտահոգությունները: Ադրբեջանի նպատակը, սակայն, ոչ թե C-300 համակարգեր գնելն է, այլ ԼՂ հարցի կարգավորումը, եւ Մեդվեդեւի սեպտեմբերյան այցի ընթացքում Ալիեւը վերջնականապես կհամոզվի` արժե՞ Ռուսաստանի վրա հույս դնել ԼՂ հարցի կարգավորման իմաստով: Եթե Ռուսաստանի նախագահի փաստարկները կամ հաթաթաները Ալիեւին համոզիչ չթվան, վերջինս կաշխատի լրջացնել Նախիջեւանում թուրքական ռազմակայան տեղակայելու մասին խոսակցությունները: Խնդիրն այն է, սակայն, թե թուրք-ադրբեջանական համարձակությունը որքան կհերիքի, եւ նրանք այս հարցում ինչքան առաջ կգնան: Ասել, որ թուրքական զորքի հայտնվելը Նախիջեւանում անհավանական է, չի կարելի, բայց գնահատել, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ սրված հարաբերությունների ֆոնին որքանով կցանկանան թուրքերը սրել հարաբերությունները նաեւ Ռուսաստանի հետ, իսկապես դժվար է: Ավելի հավանական է թվում, որ թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը Նախիջեւանում թուրքական ռազմակայան տեղակայելու հնարավորությունը օգտագործի որպես Ռուսաստանի վրա Ղարաբաղի հարցում ճնշում գործադրելու լծակ: Ռուսաստանն էլ սրան կհակադրի Հարավօսական սցենարը Ղարաբաղում կրկնելու սպառնալիքը, ու այս կետից կսկսվի նյարդերի ձգված պայքար: Որոշումը, սակայն, թուրքերը պետք է կայացնեն: Այսինքն, իրենք իրենց համար հստակեցնեն` մտնո՞ւմ են արդյոք նման խաղի մեջ: Եթե մտնում են` Հարավային Կովկասը վերջնական եւ անշրջելիորեն վերածվում է վառոդի տակառի, չնայած` այս պահին էլ այդպիսին է: Ռուսները փաստորեն Հարավային Կովկասի երեք կետերում ունեն մշտական ռազմական ներկայություն` Աբխազիա, Հարավային Օսիա, Հայաստան, ու գլոբալ խաղացողները այս պահին պետք է որոշեն` արդյո՞ք Հարավկովկասյան տարածաշրջանը զիջում են հյուսիսային արջին: Այս պրոցեսից դուրս չի մնա նաեւ ԱՄՆ-ն, որն արդեն ռազմակայան հիմնադրելու հրավեր ունի Վրաստանից: ԱՄՆ նախկին նախախագահ Ջորջ Բուշի վարչակազմը նույն թեմայով խորհրդակցություններ էր վարում նաեւ Ադրբեջանի հետ: Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը այս հարցում դեռ որոշակի հստակեցումների կարիք ունի, բայց եթե Ռուսաստանի գործողությունները Ադրբեջանին անբավարար թվան, վերջինս կփորձի հասնել նրան, որ թուրքական ռազմակայան տեղակայվի Նախիջեւանում, իսկ ամերիկյանը` բուն Ադրբեջանում: Այս սցենարի մոլի հակառակորդներ Ռուսաստանն ու Իրանը դիվանագիտական լծակներից բացի կարող են հույս դնել նաեւ ռազմական սպառնալիքի վրա, որի դերում հանդես կարող է գալ Հայաստանը: Վերջինիցս նման դերակատարում Ռուսաստանը ակնհայտորեն ակնկալում է, նաեւ` Վրաստանի ուղղությամբ, մանավանդ եթե Սահակաշվիլին որոշակի հաջողություններ գրանցի իր երկրի տարածքում ամերիկյան ռազմակայան տեղակայելու գործում: Մի բան հստակ է` հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը դառնում է ավելի ամբողջատիրական: Այդ քաղաքականությանը ռազմաքաղաքական իմաստով հավասարակշռելու հայտ առայժմ միայն Թուրքիան է ներկայացնում Ադրբեջանի մասով: Գլոբալ առումով նման հակակշիռ կարող է միայն ԱՄՆ-ն դառնալ, եթե, իհարկե, ուզում է: Եթե չի ուզում` Հարավային Կովկասը ամբողջապես կդառնա Ռուսաստանի գործուն ազդեցության գոտի: Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս քվոյի երկարաձգմամբ ուրախացողները, սակայն, պետք է փորձեն պատասխանել մի հարցի. իսկ ի՞նչ է լինելու հետո, երբ Ադրբեջանը նույնպես դառնա ռուսական ֆորպոստ: Ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի հարցը այս պարագայում: Թերեւս` այնպես, ինչպես լուծվեց Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո, 20-րդ դարասկզբին: Այն ժամանակ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, ու եթե այդպես չլիներ, Ռուսաստանը հիմա վաղուց լքած կլիներ տարածաշրջանը: Ամեն դեպքում 49-ամյա պայմանագիրը ստորագրելով` Ռուսաստանը ողջ Հարավային Կովկասը իրենով անելու հայտ է ներկայացնում: Վրաստանի հույսը Ամերիկան է, Ադրբեջանինը` նաեւ Թուրքիան: Արեւմուտքը, ըստ տրամաբանության, պետք է ինչ-որ բան անի նաեւ էներգետիկ անվտանգության սեփական կոնցեպցիան պաշտպանելու համար, բայց ոչ ԱՄՆ-ն, ոչ Թուրքիան կտրուկ շարժումներ չեն անի եւ կփորձեն առաջ ընթանալ այնպիսի քայլերով, որ Ռուսաստանին կտրուկ քայլերի չսադրեն: Նույնը վերաբերվում է նաեւ Ռուսաստանին: Վերջինս կցանկանա, որ իրեն կտրուկ քայլեր անելու առիթ տան, բայց ինքը դժվար թե ցանկանա նման առիթ ընձեռել Թուրքիային եւ ԱՄՆ-ին: Այս ամենը կարող է նշանակել, որ մեր տարածաշրջանը սառը պատերազմի շրջան է թեւակոխում: Այս պատերազմի գլոբալ մասնակիցները, սակայն, ոչ թե սպառնում են միմյանց, այլ բարեհամբույր ժպտում եւ հուզիչ բարեմաղթանքներ շռայլում: Սպառնալիքներով հանդես են գալիս միայն այս խաղի փոքր մասնակիցները:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikolpashinyan.com

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.