> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՅԱՆ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՅԱՆ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, չհերքելով Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու` Ռուսաստանի մտադրությունը, փորձել է հանգստացնել հայ հանրությանը, ասելով, որ դրանք պաշտպանական նշանակություն ունեն եւ նախատեսված են միայն տվյալ տարածքը հրթիռային հարվածներից պաշտպանելու համար. «(…) եկեք չմոռանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում C-300 զենիթահրթիռային համակարգերը. դրանք պաշտպանական սպառազինություններ են` կոչված պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային հարձակումներից: Ահա և վերջ»,-ասել է նա նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լավրովը այսպիսով փորձում է համոզել, որ Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելը չի խախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, որովհետեւ վաճառվող զինատեսակը հարձակողական նշանակություն չունի: Նման բացատրությունը, սակայն, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Ընդամենը մեկ-երկու տարի առաջ ռուս-ամերիկյան հարաբերությունները ծայրաստիճան սրված էին այն պատճառով, որ Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր էին հակահրթիռային համակարգեր տեղադրել Եվրոպայում` Լեհաստանում ու Չեխիայում: Ռուսները կտրականապես դեմ էին արտահայտվում այդ մտադրությանը: Ամերիկացիները տարակուսում էին. չէ՞ որ դա ընդամենը պաշտպանական համակարգ է եւ նախատեսված է Եվրոպան եւ ԱՄՆ-ն հրթիռային հարձակումից պաշտպանելու համար: Ռուսները, ի պատասխան սրա, հայտարարում էին, որ եթե Արեւմուտքը երաշխավորված պաշտպանություն ունենա հրթիռային հարձակումից, Ռուսաստանին հարվածելու որոշում ավելի հեշտ կկայացվի: Ռուսների այս փաստարկը շատ հիմնավոր է. եթե ԱՄՆ-ն երաշխիք ունենա, որ իր վրա արձակված ոչ մի հրթիռ տեղ չի հասնելու, որեւէ մեկին հարվածելը նրա համար շատ ավելի հեշտ կդառնա, ավելի դյուրին:

Նույնը եւ Ադրբեջանի պարագան. ԼՂ ուղղությամբ հնարավոր հարձակմանը Հայաստանը այսօր կարող է պատասխանել Կիրովաբադի, Մինգեչաուրի, Շամքորի, Բաքվի ռազմավարական օբյեկտների հրթիռակոծությամբ: Այս հեռանկարն իսկ Ադրբեջանին կստիպի շատ երկար մտածել պատերազմ սկսելուց առաջ: Իսկ երբ Ռուսաստանը Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառի, Բաքուն երաշխիքներ կունենա, որ հայկական հրթիռները նշանակետին չեն հասնի, ինչը ամուր թիկունք կապահովի ադրբեջանական բանակի համար: Այսպիսով, Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելով` Ռուսաստանը մեծացնում է ադրբեջանական հարձակման հավանականությունը, ակնհայտորեն բարձրացնելով նրա բանակի մարտունակությունը: Մյուս կողմից, սակայն, ռուս պաշտոնյաները վերջին շրջանի իրենց հայտարարություններում բացառում են պատերազմի վերսկսումը հայ-ադրբեջանական ճակատում: Հենց այստեղ է իրավիճակի աշխարհաքաղաքական նենգությունը: Ռուսները, փաստորեն, փորձում են կրկին մի իրավիճակ ստեղծել, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղությունը հիմնված լինի ոչ թե ռազմական հավասարակշռության, այլ Ռուսաստանի խոսքի ու ցանկության վրա: C-300 համակարգերը էապես մեծացնելու են ադրբեջանական բանակի հարձակողական պոտենցիալը, ու քանի որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը նման վիճակում նաեւ Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթ է ստանում, հարձակվելուց առաջ Ադրբեջանը պետք է Ռուսաստանից չեզոքության երաշխիքներ ստանա: Խնդիրն այն չէ` կստանա՞ այդ երաշխիքները, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ, պատկերավոր ասած, C-300-ից առաջ Ադրբեջանը պիտի մտածեր` կկարողանա՞ հաղթել Հայոց բանակին: C-300-ից հետո արդեն փոխվում է ադրբեջանական հարցադրումը, եւ նա պիտի մտածի` կկարողանա՞ համոզել Ռուսաստանին: Սերգեյ Լավրովը ցույց է տալիս, որ այս հարցում առեւտուրը հնարավոր է. նույն հարցազրույցում նա ասել է, որ 49-ամյա պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի կարգավիճակը չի փոխվելու, չնայած պայմանագրի տեքստում սեւով սպիտակի վրա ուրիշ բան է գրված: Ռազմակայանի կարգավիճակն, ըստ այդմ, կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կարձանագրվեն ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. David
    Օգոստոս 23rd, 2010 at 23:38 | #1

    Ruskan bazanery petq e zham araj durs hanven Hayastanic. orhnvi en shaty, erb rusi votqy kchqvi Hayastanic!

  1. No trackbacks yet.