> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵԺԱՎՅՈՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵԺԱՎՅՈՒ

Հեղինակ` Արզօ

Հեղինակ` Արզօ

ՌԴ նախագահը նորից գալիս է Հայաստան: Նորից մեծ ոգեւորություն է Հայաստանում: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են` անվտանգության նկատառումներով: Թուրքիայի նախագահը նորից գնացել է Բաքու: Ադրբեջանի նախագահը նորից հոխորտում է, եւ մեր հույսը նորից Ռուսաստանի նախագահն է: Մենք նորից զենք ենք խնդրում Ռուսաստանից եւ հոգեբանական աջակցություն եւ նորից փող չունենք դրա դիմաց վճարելու` վճարում ենք հայրենիքով: Իշխանությունը նորից սա հաղթանակ է համարում, որովհետեւ կարողացավ հետաձգել ջրհեղեղը, որի ժամկետները տեղափոխվեցին իրենցից հետո: Թեկուզ: Սարկոզին-Օբաման-Մեդվեդեւը նորից հայտարարություն են արել եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նորից հանձնարարել են նորից ջանքեր գործադրել: Համանախագահները նորից այցելելու են տարածաշրջան, նորից մեկնելու են Ստեփանակերտ կամ նորից չեն մեկնելու, եթե եղանակը լինի ոչ թռիչքային: Բայց նորից Բաքու են մեկնելու, նորից գալու են Երեւան, եթե եղանակը նույնիսկ ոչ թռիչքային լինի: Աշնան դեմը նորից փակելու են պատուհանը, որ գարնան դեմը նորից բացեն: Նորից չեն հասկանալու, որ պատուհանով մտնել- դուրս գալը վատ բանի նշան է, հարկավոր է դռնով ելումուտ անել: Հայկական դիվանագիտության դիրքերը նորից ուժեղանալու են, ազատագրված տարածքներում նորից Տիգրանակերտ են հայտնաբերելու: Թուրքերը նորից հայկական եկեղեցի են նորոգում, դաշնակները նորից խորհուրդ են տալիս չուտել կուտը եւ եկեղեցին շպրտել թուրքերի կեղտոտ երեսին: Հայաստանում նորից եկեղեցի չեն նորոգում: Հայաստանում եկեղեցի կառուցում են` 28-րդ Բրաբուսը գնած եւ 30-րդ մերձավորին պադյեզդում գյուլլած բարերարների անունով: Հայաստանցիները Հայաստանից նորից հեռանում են` հայրենիքը հեռվից սիրելու: Մասիս սարի յուղաներկ նկարի գները նորից բարձրանում են Վերնիսաժում, իսկ «Հայլուրը» նորից նորությունների է սպասում Ներկայացուցիչների պալատից: Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը նորից ընդունել են ու նորից չեն ընդունում: Պարզից էլ պարզ է, որ նորից չեն ընդունելու, բայց նորից բացառված չէ, որ ընդունեն, ու նորից այս մասին քննարկումը զբաղեցնում է «Հայլուրի» եթերը: ԱՄՆ նախագահի թեկնածուները նորից խոստանում են ճանաչել ցեղասպանությունը ու նորից չեն ճանաչում, բայց նորից խոստանում են, որ նորից կմտածեն իրենց հին խոստումների մասին: Ֆրանսիայի սենատը նորից քննարկում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը ու նորից հասկանալի չէ` սահմանե՞ց, թե՞ ոչ: Շառլ Ազնավուրը նորից խոսում է իր հայկական արմատների մասին, ու նորից դա անասելիորեն հուզում է հայ հանրությանը: Հացը նորից թանկացել է ու թանկանալու է նորից: Օլիգարխները նորից հաբռգել են ու հաբռգելու են նորից: Ընդդիմությունը նորից հանրահավաք է հրավիրել ու հրավիրելու է նորից: Գյուղացու մասին նորից մտածող չկա, գյուղացին նորից երազում է կոլխոզից գողանալու մասին: Քաղաքացին նորից հիշում է այն երանելի օրերը, երբ ինքը անարգել գողանում էր գործարանից: Եզրակացությունը նորից նույնն է. ՀՀՇ-ն է, որ քանդեց Սովետը: Բայց հույսը նորից արթնանում է, որովհետեւ նորից ՌԴ նախագահը գալիս է Հայաստան: Դիտահորերի կափարիչները նորից զոդում են անվտանգության նկատառումներով: Եւ հիշարժան այդ սհաթը օրհնվում է նորից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.