> ՀՈԴՎԱԾՆԵՐ > 49-ԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ

49-ԱՄՅԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիրը, որ նախատեսվում է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, տրամաբանական դրսեւորումն է քաղաքական այն կուրսի, որ «ապազգային» իշխանության հեռացումից հետո վարում է Հայաստանի «ազգային» իշխանությունը: Նույնիսկ տարօրինակ է, որ սպասվող պայմանագրի վերաբերյալ քննադատական խոսք են ասում նաեւ Հ.Յ. դաշնակցության ներկայացուցիչները եւ, մասնավորապես, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Վերջինս, փաստորեն, չի էլ նկատել, որ ինքը այդ պայմանագրի ճարտարապետներից մեկն է, եւ դրա հիմքը դրել է այն պահին, երբ հայտարարել է, թե Հայաստանը երեք ճակատ ունի եւ ընդամենը` մեկ սահման: Խնդիրն այն չէ, թե որքանով է այդ հայտարարության բովանդակությունը համապատասխանում իրականությանը, խնդիրն այն է, թե ինչ գաղափարաբանություն է այն արտահայտում: Երեք ճակատ ունեցող ցանկացած երկիր ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ստրկական կախվածության մեջ պետք է ընկնի իր միակ ռազմական մատակարարից: Եթե իրավիճակը գնահատենք բացառապես «ռեալ պոլիտիկի» տեսակետից, այսօրվա Հայաստանը չի կարող չստորագրել այդ կամ որեւէ այլ պայմանագիր, որ իրեն կառաջարկվի Ռուսաստանից: Չի բացառվում անգամ, որ նման պայմանագիր Հայաստանն ինքը առաջարկած լինի, որովհետեւ երբ ԵՐԵՔ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՄ լարվածությունը աճում է եւ վստահություն չկա սեփական ուժերի նկատմամբ, ցանկացած պետություն անվտանգության հավելյալ երաշխիքների կարիք է զգում: Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը (2008թ) ցույց տվեց, որ Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, եւ ուրեմն, անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Թվում է` այս փաստը պետք է ուրախացներ Հայաստանին, որովհետեւ վերջինս Ռուսաստանի ՄԻԱԿ ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում: Բայց ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական սիլի-բիլիները ուղղակի խուճապ են առաջացնում Հայաստանում իշխող էլիտայի գիտակցության մեջ, եւ նրանք կորցնում են ՄԻԱԿԻ զգացողությունը, որի վրա հիմնված է «երեք ճակատի» հայ ավանդական հայրենասիրական բռավադան: Միակի այդ զգացողության վերականգման եզակի ճանապարհը մնում է նորանոր դրսեւորումների փնտրտուքը, որոնք կապացուցեին, որ Ռուսաստանը Հայաստանին ավելի է սիրում, քան Ադրբեջանին, Ռուսաստանը Հայաստանին չի փոխի ոչ ոքի հետ, նույնիսկ` Թուրքիայի: Արդյունքում ծնվում են այնպիսի պայմանգրեր, որոնք Հայաստանին դնում են աշխարհաքաղաքական հարճի կարգավիճակում:

սկիզբը Լեւոնն է դրել
Վստահաբար կարելի է կանխատեսել, որ 49-ամյա պայմանագրի կապակցությամբ հնչող քննադատությանը գործող իշխանությունները մի իքս պահի կհակադարձեն այն փաստարկով, որ այս ամենի սկիզբը, այսինքն` հայ-ռուսական այսօրինակ հարաբերությունների հիմքը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է դրել, որի օրոք էլ կնքվել է Հայաստանում ռուսական ռազմակայան տեղակայելու մասին պայմանագիր: 1995 թվականին կնքված այդ փաստաթղթով ՀՀ-ում ռուսական բազայի տեղակայման ժամկետ է սահմանված 25 տարին: Եւ ուրեմն, եթե 49-ամյա պայմանագիրը տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական վիճակին «ռեալ պոլիտիկի» տրամաբանությունից բխող պատասխան է, մի՞թե արդարացի չի լինի վերը նշված հակադարձումը, ըստ որի հենց Տեր-Պետրոսյանն է դրել այս տրամաբանության հիմքը: Փաստարկման այս ալգորիթմը 1998 թվականից հետո եւ այսօր էլ հաճախ է օգտագործվում: Մամուլում, քաղաքական դեմքերի եւ վերլուծաբանների ելույթներում հազվադեպ չեն պնդումները, թե Հայաստանում հաստատված այս կամ այն բացասական երեւույթի հիմքերը Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին են դրվել: Ու չնայած այս պնդումը հիմնավորող ֆորմալ փաստարկումներ կարելի է բերել, առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին եւ այսօր առկա շատ երեւույթներ ձեւով նման, բայց բովանդակությամբ եւ մոտիվացիայի մեջ բացարձակապես տարբեր են: Այս պնդումը շատերին տարօրինակ կարող է թվալ, բայց հետահայաց բազմակի վերլուծությունը հանգեցնում է եզրակացության, թե 90-ականների առաջին կեսերին հայաստանյան իշխանության մեջ ծայր առած առանցքային բացասական երեւույթները պետականության կոնկրետ խնդիրների սպասարկման հարակից էֆեկտներ էին, եւ այդ երեւույթները արմատախիլ անելու տեր-պետրոսյանական վճռականության ցուցադրումը ի վերջո հանգեցրեց 1998 թվականի իշխանափոխությանը: Այս համատեքստում պետք է դիտարկել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության մեծ պայմանագիրը, որով Հայաստանում 25-ամյա գրանցում ստացավ 104-րդ ռուսական ռազմակայանը: ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը նշված պայմանագիրը ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 1994 թվականի մայիսին կնքած զինադադարից հետո, որը հաղթական դարձավ Հայաստանի համար: Զինադադարը Ադրբեջանին ըստ էության պարտադրվեց Լեռնային Ղարաբաղի ազատագրման եւ նրա շուրջ անվտանգության հուսալի գոտի ձեւավորելու միջոցով: Այս արդյունքին Հայաստանը հասել էր նաեւ Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցության շնորհիվ եւ ուրեմն չէր կարող լրիվությամբ սեփականել ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի պտուղները: Իրավիճակի սթափ գնահատականից բխում էր, որ հաստատված զինադադարը կենսունակ կգտնվի, եթե Ռուսաստանը իր բաժինը ստանա ղարաբաղյան պատերազմի հաղթանակից: Այս պայմաններում ահա ծնվեց հայ-ռուսական մեծ պայմանագիրը: Հայաստանին դա անհրաժեշտ էր տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը բացառելու նպատակով: Ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում առաջիկա 25 տարվա համար երաշխավորված էր, եւ այդ երկիրը նոր ռազմական խառնակություններ ձեռնարկելու անհրաժեշտություն չուներ:
49-ամյա պայմանագիրը, որը պատրաստվում են ստորագրել Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը, բխում է այդ նույն տրամաբանությունից: Նույն տրամաբանությունից էին բխում նաեւ «Գույք պարտքի դիմաց» շարքի գործարքները, որոնցով Հայաստանի ազգային հարստության մի զգալի մասը Ռոբերտ Քոչարյանը նվիրաբերեց Ռուսաստանին: Գործողությունների տրամաբանության այդ նույնությունը, սակայն, ամենեւին չի նշանակում, թե Քոչարյան-Սարգսյան զույգի քաղաքականությունը Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության շարունակությունն է: 90-ականների առաջին կեսին Տեր-Պետրոսյանը օրհասական հարց էր լուծում` Հայոց պետության լինել-չլինելու հարցը: Եւ տարածաշրջանում բորբոքվող հակառուսական տրամադրությունների ֆոնին Ռուսաստանի հետ մերձեցումը դարձավ այն հիմնական խաղաքարտը, որը ոչ միայն երաշխավորեց Հայոց պետության գոյությունը, այլեւ հաղթանակ բերեց Ղարաբաղին: Այդ հետո պիտի պարզվեր, որ Ռուսաստանը Հայաստանին մեկ միլիարդ դոլարի զենք-զինամթերք է մատակարարել: Սակայն, եթե վերլուծենք նախագահ Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը, ակնհայտ կդառնա, որ նա հրաժարվելով Ռուսաստանի հետ հարաբերություններում կտրուկ գործողություններ ձեռնարկելուց, նախատեսում էր սահմանափակել նրա ազդեցությունը Հայաստանի վրա: Այս խնդրի լուծման բանաձեւը Տեր-Պետրոսյանի համար հետեւյալն էր` կարգավորել ԼՂ հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը թուլացնելու միայն մեկ տարբերակ կա` նվազեցնել վերջինիս ռազմական կարիքները: Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հաղթական զինադադարը, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները Տեր-Պետրոսյանին հարկավոր էին ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու համար, որովհետեւ նա գիտակցում էր, որ լավագույն լուծումը կգտնվի այն պարագայում, երբ Հայաստանը բանակցային սեղանի մոտ լինի ուժեղի կարգավիճակով: Նրա հրաժարականից հետո, սակայն, Հայաստանում սկսեց իշխել այն գաղափարաբանությունը, թե ԼՂ հակամարտության իմաստով Հայաստանն արդեն իսկ արել է իր բոլոր հնարավոր զիջումները, այնքանով, որ չի գրավել Բաքուն, եւ ուրեմն ԼՂ հարցը լուծված է: Չի կարելի ասել, թե սա վատ կամ սխալ դիրքորոշում է. դա ոչ թե վատ, այլ թանկարժեք դիրքորոշում է, եւ Հայաստանը մինչեւ օրս վճարում է դրա դիմաց:
Տեր-Պետրոսյանը նույնպես վճարում էր, բայց նրա վճարածի դիմաց մենք ստանում էինք այն, ինչ չունեինք: Հայաստանը դարձավ ԱՊՀ հիմնադիր անդամ, եւ մենք զենք ունեցանք: Հայ-ռուսական մեծ պայմանագիրը կնքվեց, եւ մենք ունեցանք հաղթանակ ու տեւական զինադադար: Այս կետում է, որ տեղի ունեցավ գաղափարական բեկումը: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր հաղթանակի բերած կապիտալը ներդնել (ծախսել) Ղարաբաղի հարցը լուծելու գործում, բայց «պատերազմի կուսակցությունը», որի առանցքային դեմքերից էին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, որոշեց կենտրոնանալ ստատուս քվոն պահպանելու վրա, համարելով, թե Ղարաբաղի հարցը արդեն լուծված է: Այսպիսով, Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կուտակված աշխարհաքաղաքական կապիտալը սառեցվեց, եւ Հայաստանը ոչ միայն դիվիդենտներ չէր ստանում դրանից, այլեւ ստիպված էր վճարել: Եւ վճարում է մինչեւ հիմա: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը 49-ամյա պայմանագիրը ստիպված է ստորագրել միայն այն պատճառով, որ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, եւ վերստին մեծացել է պատերազմի վերսկսման հավանականությունը: Մինչդեռ եթե Ղարաբաղի հարցը կարգավորված լիներ, հայ-ռուսական հարաբերությունները բոլորովին այլ ոճաբանություն եւ տոնայնություն կունենային:
49-ամյա պայմանագրի ստորագրման ամենամեծ թերությունը, սակայն, այն է, որ մենք չգիտենք, թե Հայաստանը ինչպես է օգտագործելու դրա ընձեռած ժամանակը: Եթե ստատուս քվոն պահպանելու քաղաքականությունը շարունակվի, այսօրվանից պետք է մտածենք այն մասին, թե էլ ինչով ենք այդ ճոխության դիմաց վճարելու: Էներգետիկ համակարգը տվել ենք, երկաթուղին տվել ենք, հեռահաղորդակցությունը տվել ենք, գազաբաշխիչ ցանցը տվել ենք, Իրան-Հայաստան գազամուղը տվել ենք, ռուսական ռազմակայանին տալիս ենք բոլոր հնարավոր եւ անհնար արտոնությունները: Եւ ուրեմն, փիքր անենք` ինչ ենք տալու հաջորդ անգամ:

լուծման տաբերակ
Հայաստանն, ըստ այդմ, ԼՂ հարցի կարգավորման եւ անկախության ամրապնդման իմաստով առնվազն մեկ տասնամյակ է կորցրել: Եւ այս ընթացքը ակնհայտ է դարձնում, որ ամեն հաջորդ պահի ԼՂ հարցի հնարավոր լուծումը ավելի վատն է լինելու, քան նախորդ պահին հնարավորը: Ավելի սարսափելի է այն, որ Ղարաբաղի անկախության նպատակի իրագործման քոչարյանա-սերժական տարբերակը որպես ռեսուրս մսխում է Հայաստանի անկախությունը: Այս քաղաքականության շարունակությունը կորստաբեր կարող է լինել: Բայց արդյո՞ք քաղաքականության հունը փոխելու հնարավորություն կա: Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի փորձը Ռուսաստանին ցուցանեց, որ սառեցված հակամարտությունների ապասառեցումը հարմար պահի հզոր լծակ են դառնում իր ձեռքին: Եւ ուրեմն, հակառակ Հայաստանի, Ռուսաստանին ձեռնտու է ԼՂ հակամարտության անժամկետ սառեցումը, քանի դեռ վերջնականապես հստակեցված չեն հայտնի հարցերը Ադրբեջանի հետ: Սառեցված վիճակում էլ այն կարեւոր խաղաքարտ է Ռուսաստանի ձեռքում, եւ 49-ամյա պայմանագիրը դրա վառ ապացույցն է: Այսինքն, Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար Հայաստանը պետք է ոչ միայն թշնամիների, այլեւ դաշնակիցների դիմադրությունը հաղթահարի: Սրան ավելանում է նաեւ ներքին դիմադրությունը, որը կապված է ոչ այնքան ԼՂ հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի բովանդակության, որքան ներքին քաղաքական մթնոլորտի հետ: Դժվար է անհիմն համարել այն պնդումը, թե 1997 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում ավելի լայն հանրային ընկալում կստանային, եթե չլիներ Հայաստանում հաստատված վստահության ճգնաժամը: Այս իմաստով Սերժ Սարգսյանը զուրկ է որեւէ շանսից, եւ նա չի կարող հանրության համար ընկալելի դարձնել փոխզիջման վրա հիմնված որեւէ լուծում: Ամերիկան եւ Եվրոպան հասկանում են սա. այս է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ մամուլի էջեր են նետում Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան դաշինքի թեման: Իբր եթե Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցում աջակցի Սերժ Սարգսյանին, լուծման հավանականությունը կմեծանա եւ Ռուսաստանին համոզելու դեպքում կարգավորումը կդառնա ռեալություն: Արեւմուտքը ԼՂ հարցի կարգավորման իմաստով շահագրգիռ է այնքանով, որքանով հակամարտության սառած լինելը ազդեցության լուրջ լծակներ է ստեղծում Ռուսաստանի համար եւ թուլացնում Արեւմուտքի ազդեցության լծակները Հարավային Կովկասում: Անկախ այս իրողությունից, սակայն, ավելի ու ավելի ակնհայտ է, որ ԼՂ հարցի կարգավորման իմաստով էլ օրակարգի թիվ մեկ խնդիրը հանրային վստահություն վայելող իշխանության հաստատումն է Հայաստանում: Ոչ թե կեղծ եւ արհեստական գումարումները, այլ ժողովրդի կողմից ընտրված իշխանության հաստատումը, որը ոչ միայն հանրության հետ անկեղծ խոսելու ուժ կունենա, այլեւ նրա կողմից լսելի դառնալու հնարավորություն: Վերջին հանգամանքը շատ կարեւոր է, շատ ավելի կարեւոր:

Սահակաշվիլիի սինդրոմի բացառումը
Ոչ հեռու անցյալում ամերիկահպատակ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս հրապարակած խառնիճաղանջ հոդվածում տարօրինակ մտքեր էր արտահայտել: Նա առաջարկում էր դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառի C-300 հակահրթիռային համակարգեր: Դժվար է ասել. Հովհաննիսյանը լո՞ւրջ էր խոսել այդ մասին, թե մտածել է, որ Ռուսաստանը կվախենա իր սպառնալիքից եւ կհրաժարվի Ադրբեջանին C-300-ներ վաճառելու մտքից: Քաղաքական այս գործիչը նախագահական ակնհայտ ամբիցիաներ է ցուցաբերում, եւ զարմանալի է, որ նույն հոդվածը սկսելով 2008 թվականի օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությամբ, ըստ էության, Հայաստանին առաջարկում է հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Այսինքն ինչպես Սահակաշվիլին Վրաստանը մատաղ արեց ամերիկյան ռուսաֆոբիային,Հովհաննիսյանն էլ փաստացի առաջարկում է Հայաստանը որպես խայծ դնել Ռուսաստանի առաջ, տեսնելու համար ռուսները շարունակո՞ւմ են կատաղած մնալ, թե արդեն զահլա չունեն փոքր երկրներ կուլ տալու: Ի դեպ Րաֆֆի Հովհաննիսյանի տվյալ հոդվածի բառապաշարը ֆելիետոնի փայլուն նյութ կլիներ: Ափսոս, սակայն, որ այս պահին ֆելիետոնային խնդիրներ չունենք: Նկատենք, սակայն, որ Հովհաննիսյանի հնչեցրած քննադատությունը հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա ընթացքի վերաբերյալ նույնպես զարմանալի է. չէ՞ որ նա եւս «հաղթողական» քաղաքականության ջատագով է:

Իրանի պարագան
Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է ԼՂ հակամարտության կագավորմանը: Եթե Ռուսաստանը կարգավորման գործընթացում կարող է առեւտուր անել գլոբալ խաղացողների հետ եւ ինչ-որ բան զիջելով ավելի կարեւոր բան ստանալ, Իրանին ձեռնտու է միայն այն տարբերակը, որ այսօր կա, գոյություն ունի: Բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնք ունեցող այս երկիրը ցանկանում է, որ Ադրբեջանի օրակարգում Ղարաբաղը լինի թիվ մեկ եւ ամենացավոտ խնդիրը, որովհետեւ կոնֆլիկտի կարգավորումից հետո Իրանի ադրբեջանցիների շրջանում կարող են կենտրոնախույս խմորումներ սկսվել: Մանավանդ որ, ԼՂ հակամատության լուծումը ենթադրում է Արեւմտյան խաղաղապահների տեղակայում Իրանի հյուսիսային սահմանների մոտ: Այս է պատճառը, որ Իրանի ներկայացուցիչները հայաստանցիների հետ հանդիպումներում ավելի ղարաբաղասեր են, քան նույնիսկ իրենք` ղարաբաղցիները: Պրոցեսների վրա ազդելու Իրանի հնարավորությունները, սակայն, սահմանափակ են, չնայած դրանք չի էլ կարելի թերագնահատել: Այսուհանդերձ Իրանը չի կարող վճռորոշ դերակատարում ունենալ ստատուս քվոի պահպանման գործում:

ՀԱԿ-ի պարագան
ԼՂ հարցում Հայ ազգային կոնգրեսի քաղաքական դիրքորոշումը ձեւակերպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի դեկտեմբերի 21-ի ելույթում: Ըստ այդմ, ՀԱԿ-ի համար ընդունելի է հարցի կարգավորման ցանկացած լուծում, որ ընդունելի է Ղարաբաղի համար: Ղարաբաղը, սակայն, կատարյալ լեթարգիայի մեջ է. Ռոբերտին ու Սերժին խոպան են ուղարկել եւ հանդարտ սպասում են բարի խաբարների:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikolpashinyan.com

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.