> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄՏՔԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

ՄՏՔԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա:

Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Եթե հիշում եք, հոկտեմբերի 14-ին թուրքական Բուրսայում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների հանդիպումից ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ խաղը դիտելու կգնա կամ բաց սահմանով, կամ` եթե գտնվենք սահմանի բացման նախաշեմին: Թուրքերը, սակայն, հնարավոր չհամարեցին մի քանի օրով սահմանը բացել Սերժ Սարգսյանի հայկական շարասյան համար` ստիպելով, որ Հայաստանի առաջին դեմքի անունից հանդես եկող մարդը գործի ի հեճուկս իր հրապարակային հայտարարության եւ Թուրքիա մեկնի փակ սահմանով: Սա ֆուտբոլային դիվանագիտության համատեքստում հերթական նվաստացումը դարձավ Հայաստանի համար: Թուրքական դիվանագիտությունը, ահա, նոր որոգայթն է մտմտում Հայաստանի համար. եթե պաշտոնական Երեւանը համաձայնվի մի քանի օրով սահմանը բացելու տարբերակին, թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները Աթաթուրքի դրոշի առաջնորդությամբ կհատեն Արաքսը եւ կմտնեն Հայաստանի Հանրապետություն: Թուրքերը թերեւս հաշվարկել են, որ եթե պաշտոնական Երեւանը դեմ արտահայտվի այդ տարբերակին, Անկարան հերթական խաղաքարտը կստանա եւ կհայտարարի, որ հայկական կողմի այն պնդումը, թե հայ-թուրքական սահմանը փակված է միակողմանիորեն, այսինքն` Թուրքիայի կողմից, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ՀՀ-ն փակել է սահմանը եւ Թուրքիայի ներկայացուցիչներին թույլ չի տալիս հատել այն: Այսպիսով, միջազգային ասպարեզում կթուլանա Հայաստանի շրջափակված լինելու մասին փաստարկների զորեղությունը: Թե իրավիճակի ինչ լուծում կգտնեն Հայաստանի գործող իշխանությունները,այս պահին դժվար է ասել. ամենահավանականն այն է, որ Սերժ Սարգսյանը մի լավ կլացի ամերիկացիների դոշին` խնդրելով թուրքական տեխնիկան Հայաստան բերել Վրաստանով: Իսկ ընդհանրապես ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքը վկայում է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը գոնե թուրքական ճակատում առայժմ միայն նվաստացումներ է բերում Հայաստանին: Իսկ քաղաքականությունը նախաձեռնողական է միայն պայմանականորեն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախաձեռնություն կարելի է համարել միայն Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրելը: Բայց եթե անգամ դա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն էր, նա չի կարողանում դուրս գալ այդ նախաձեռնության տակից: Դրանից հետո Սերժ Սարգսյանին բերման ենթարկեցին եւ ստորագրել տվեցին 2009 թվականի ապրիլի 23-ի տխրահռչակ հայտարարությունը: Հետո Հիլարի Քլինթոնը սեփական մեքենայով բերման ենթարկեց Էդիկ Նալբանդյանին եւ ստորագրել տվեց Ցյուրիխյան արձանագրությունները: Հետո Սերժ Սարգսյանին փակ սահմանով բերման ենթարկեցին Թուրքիա: Հիմա էլ թուրքերը ցանկանում են հատել Արաքսը եւ մուտք գործել Հայաստան, կարծես թե Աթաթուրքի ամառանոց են այցելելու:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.