> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ltp-sd-azswww.nikol.am կայքի այցելու Արթուրը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Հարգելի Նիկոլ, hարցս միգուցե տափակ հնչի, բայց ես ցանկանում եմ հենց քեզանից լսել հնարավորինս օբյեկտիվ եւ ինչու չէ` ` կողմնակալ պատասխան: Քո կարծիքով, երբ կլինի իշխանափոխություն և ինչպես»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Արթուր. իմ վեբկայքի բացումից ի վեր «կոնկրետ, երբ է լինելու իշխանափողությունը» հարցին պատասխանել եմ մի քանի անգամ: Այդ պատասխանները տեղադրված են իմ կայքում եւ, եթե ձեզ դժվար չէ, խնդրում եմ ծանոթացեք այդ գրությունների բովանդակությանը: Իսկ ձեր հարցին ի պատասխան` կխոսեմ ոչ թե այն մասին, որ արդեն խոսել եմ, այլ կփորձեմ հարցին մոտենալ մի ուրիշ տեսանկյունից: Հայաստանյան որոշակի շրջանակներ փորձում են մարդկանց գիտակցության մեջ սերմանել, թե իշխանափոխությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին է հարկավոր, կամ` Հայ ազգային կոնգրեսի լիդերներին, ովքեր, իբր, պաշտոնի են ձգտում: Այսինքն, փորձ է արվում իշխանափոխության պահանջը ներկայացնել որպես ինչ-որ մարդկանց պաշտոնամոլությունից բխող, պաշտոնամոլությունից ծնված նպատակ: Հայ ազգային կոնգրեսի առանցքային դեմքերի շարքում չկա որեւէ մեկը, որ ցանկության դեպքում չէր կարողանա պաշտոն ունենալ կամ պահպանել պաշտոնը: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնակամ է հրաժարվել նախագահի կարգավիճակից, եւ եթե երկրի բարձրագույն պաշտոնը նրա համար նպատակ լիներ, հավատացեք, նա կկարողանար պահպանել այն: Եթե ուրիշ ապացույց չմեջբերենք, կարող ենք հիշել, որ նրա հրաժարականի հենց հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը հրապարակային հայտարարեց, որ ինքը իշխանության պահպանման հարցում օգնություն է առաջարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է: Սա անառարկելի ապացույց է, որ Տեր-Պետրոսյանի գործողությունների դրդապատճառը, մոտիվացիան բոլորովին ուրիշ է, եւ նման ապացույցներ տասնյակներով կարելի է թվարկել: Ստեփան Դեմիրճյանը ցանկացած պահի կարող էր հայտնվել իշխանական բարձրագույն որեւէ պաշտոնում, մանավանդ որ, մի շրջան նրա համաձայնության դեպքում միայն շատ մարդիկ կարող էին դառնալ ԱԺ նախագահ կամ նախարար: Արամ Զավենի Սարգսյանը մինչեւ օրս էլ կշարունակեր պաշտոնավարել որպես վարչապետ, եթե ընդուներ քոչարյանասերժական կլանի խաղի կանոնները: Մենք տեսել ենք օրինակը, թե ինչպես մի քաղաքական գործիչ Քոչարյան-Սարգսյան զույգին, ըստ էության, մեղադրել էր Հոկտեմբերի 27-ի համար, բայց հետո շատ հանգիստ վարչապետ նշանակվեց եւ հաշտ ու խաղաղ պաշտոնավարեց Քոչարյան-Սարգսյան զույգի ընկերակցությամբ: Այսպիսի օրինակներ էլի ունենք, եւ այդ օրինակները հայտնի են: Նկատի ունեմ, եթե, ասենք, Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի գործողությունների մոտիվը պաշտոնը լիներ, նրանք այդ պաշտոնները ստանալու կամ պահպանելու իմաստով որեւէ բարդություն չէին ունենա: Նույնը կարող ենք ասել Գագիկ Ջհանգիրյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Մուշեղ Սաղաթելյանի եւ շատ շատերի մասին: Սա ասում են ցուցանելու համար, որ իշխանափոխությունը ոչ թե Հայ ազգային կոնգրեսին է պետք կամ նրա լիդերներին, այլ Հայաստանի Հանրապետությանը, եւ մենք իշխանափոխության համար պայքարում ենք, որովհետեւ գիտակցում ենք, որ առանց դրա առաջընթացը բացառվում է: Մեր պատկերացրած իշխանափոխությունը անձերի փոփոխություն չէ, այլ իրադարձություն, որը խորհրդանշում է, որ տվյալ երկրի ժողովուրդը հրաժարվում է նախկին ընթացքից, նոր գործելակերպ եւ նոր վարք է որդեգրում: Իշխանափոխությունը երկրի պատմության մի նոր փուլ պետք է խորհրդանշի եւ պետք է բացառի վերադարձը անցյալին, անցյալի խոտոր համակարգին: Ես երկար եմ այս հարցի մասին մտածել, փորձել եմ ռեֆլեկսիայի ենթարկել, այսինքն` կասկածի տակ դնել այս հարցում ունեցած իմ դիրքորոշումը դրա հիմնավորվածությունը գնահատելու համար: Միգուցե մենք անհիմն կենտրոնացել ենք իշխանափոխության մտքի վրա՞, գուցե իսկապես երկրի առաջ ծառացած խնդիրները հնարավոր է լուծել առանց իշխանափոխությա՞ն: Ոչ եւ կրկին անգամ` ոչ: Իմ բազմակողմանի վերլուծությունը ցույց է տվել, ինձ համոզել է, որ առանց իշխանափոխության, առանց ընտրական իշխանափոխության ավանդույթի հաստատման, Հայաստանը ապագա չունի: Առանց իշխանափոխության չի լուծվելու ոչ մի հարց, նույնիսկ, օրինակ, ձեր բակի ապօրինի ավտոտնակի հարցը, որովհետեւ այդ ապօրինի ավտոտնակը կառուցելու արտոնությունը ձեր բակի հաստավիզը ստացել է ընտրությունների կեղծիքներին ակտիվ մասնակցության շնորհիվ: Այդ նրա շնորհիվ է Սերժ Սարգսյանը նախագահ դարձել ու հիմա, եթե նրան թույլ չտա ապօրինի ավտոտնակ կառուցել, նա, այսինքն` հաստավիզը, կխռովի, եւ Սերժ Սարգսյանը կմնա առանց հենարանի: Եթե նույնիսկ հիմա արգելի, հաջորդ ընտրակեղծարարությունից առաջ հաստավիզը նախ կկառուցի ավտոտնակը, հետո ընտրակեղծիք կանի, որ Սերժ Սարգսյանը իրեն քցելու հնարավորությունից զրկվի: Ասինքն երկրում հաստատված բոլոր ապօրինությունները այսօր ունեն շատ հստակ քաղաքական պատճառներ եւ բխում են գործող իշխանության բնույթից, նրա ձեւավորման պատմությունից, նրա գործելաոճից: Պատկերավոր ասած, եթե որեւէ մեկը ուզում է քանդել տալ իր պատուհանը փակող կամ իր երեխային խաղահրապարակից զրկած ապօրինի ավտոտնակը, պետք է նախ երկրի նախագահին փոխի, ապա նախագահական ինստիտուտի բնույթը եւ ունենա երկրի, ժողովրդի վստահությունը վայելող նախագահ, որի համար կարեւոր կլինի ոչ թե ամեն բակի հաստավիզերի, այլ սեփական ժողովրդի աջակցությունը, եւ նա ամեն ինչ կանի ոչ թե հաստավիզերի, այլ ժողովրդի դիրքերը, քաղաքացու դիրքերը ամրապնդելու համար: Այս մի փոքր սրված օրինակը շարադրեցի ցույց տալու համար, որ իշխանափոխությունը այլեւս կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: ՀԱԿ լիդերները կարող են յոլա գնալ առանց իշխանափողության, իսկ Հայաստանը` այլեւս ոչ: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արթուր»:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Օգոստոս 12th, 2010 at 17:17 | #1

    +1

  1. No trackbacks yet.