> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԵՅՐԱՆ/ՍՈՒՐՈ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՍԵՅՐԱՆ/ՍՈՒՐՈ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

surik1Հայ հանրությունը վերջապես թեթեւացած շունչ քաշեց: Զորակոչային տարիքի զավակներ կամ բանակում ծառայող զինվոր ունեցող ծնողները զանգահարում են իրար եւ շնորհավորում: Կարճ ասած, խնդալի տոն է Հայաստանում, քանի որ Սուրեն Սուրենյանցը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ հավաստիացել, որ վերջինս ցավում է բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ եւ ամեն ինչ անելու է, որ լավ լինի: Սուրենյանցը հավատացել է նախարարին, քանի որ, ինչպես ինքն է ասում, Օհանյանը հստակ կամք ցուցաբերեց: Հանրությանը ահա միայն էս մոմենտը այնքան էլ պարզ չէ, եւ դեռ պետք է հասկանալ, թե հատկապես ինչպես է Պնախարարը ցուցաբերել այդ կամքը Սուրենյանցի հետ հանդիպման ընթացքում: Իսկ Օհանյան-Սուրենյանց գագաթաժողովի լեյտմոտիվը հասկանալի է. իշխանությանը մի ընդդիմադիր է պետք եղել, որ կոտրի Չայլու, Չինարի, Մարտունի եռադեպի նկատմամբ ձեւավորված սուպերբացասական եւ այդ բացասականության մեջ միասնական հանրային կարծիքը: Նրանք էլ որոշել են այս նպատակի համար կիրառել Սուրենյանցին: Այն, որ վերջինս կիրառելի էր, իշխանությունները թերեւս բոլորից լավ գիտեին, որովհետեւ երկու անգամ նրան ազատ են արձակել բանտից` ձերբակալած լինելով ընդամենը բոցաշունչ ելույթներ ունենալու համար: Առաջին անգամ 2004 թվականին Սուրենյանցը բանտից դուրս է եկել գործուն զղջման շնորհիվ: Երկրորդ անգամ` 2008 թվականին, երբ երկրում մոլեգնում էր քաղաքական տեռորը, նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բռնել-զանգահարել է «իր ընկերներ» Էդիկ Շարմազանովին եւ Արմեն Աշոտյանին ու վերջիններիս համոզել Սերժ Սարգսյանի առաջ միջնորդել իր համար: Վերջիններս էլ միջնորդել են, հասկանալի է` որպես փաստարկ բերելով ոչ միայն նրա առողջական վիճակը, այլեւ այն կարեւոր հանգամանքը, որ Սուրենյանցը զղջում է եւ դեռ պատրաստ է երկար ժամանակ զղջալ: Մարդն էլ ահա իր տղամարդավարի տված խոսքի տերն է. զղջում է գործուն կերպով եւ այդ մասին համապատասխան հայտարարություններ անում իր բլոգում: Իր նախաձեռնած G-2-ի ժամանակ Սուրենյանցը փաստորեն չի հիշել, որ հենց Սեյրան Օհանյանն էր, 2008 թվականի մարտին, սպառնում Երեւանի փողոցներում գնդակահարել երկուսից ավելի խմբերով հավաքված քաղաքացիներին, չի հիշել, որ հենց Օհանյանն էր տեղի ունեցած պետական հեղաշրջման առանցքային իրագործողներից մեկը, չի հիշել Մարտի 1-ի 10-ը զոհերին, չի հիշել ղարաբաղյան պատերազմի հերոս Սասուն Միքայելյանին, որը ատամ-ատամի դրած տառապում է բանտում մի քանի կատաղի հիվանդությունների ճիրաններում հայտնված: Մինչդեռ ինքը` Սուրենյանցը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից համաշխարհային սուտի աղաղակ էր բարձրացրել, թե ինքը կորցնում է տեսողությունը, մինչդեռ հիմա ակնհայտ է, որ նամուսն է կորցրել` միմիայն նամուսը: Համենայնդեպս նրա տեսողությունը հերիքել է Օհանյանի կամքը տեսնելու համար: Իսկ առաջիկայում նախատեսված է Աղվան Հովսեփյան- Սուրեն Սուրենյանց գագաթաժողովը` վերջում հայտարարություն Հովսեփյանին հավատալու եւ նրա ցուցաբերած կամքի մասին: Հետո Սուրենյանցը կհավատա Ալիկ Սարգսյանին, հետո Էդիկ Նալբանդյանին: Կյանքն իսկապես փոխում է երանգը, երբ սկսում ես հավատալ հայրենի իշխանություններին եւ գործուն կերպով զղջում ես նախկինում ցուցաբերած քո անհավատության համար: Ցնծա բյուրվիշապ Հայաստան աշխարհ, փրկության արեւ Սուրենցին տեսար:
Նիկոլ Փաշինյան
www.nikolpashinyan.com
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Օգոստոս 11th, 2010 at 17:08 | #1

    Inchi veragrel “hanrapetutyun” kousaktsutyan medzahoki handourzhoghakanutyun@ souyn stazhavor GORDZUN ZGHCHATSADZIN? Kazmakerpchakan khakhututyan?

  1. No trackbacks yet.