> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈ` ՖՈՐՊՈՍՏԻ ԴԻՄԱՑ

ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈ` ՖՈՐՊՈՍՏԻ ԴԻՄԱՑ

Դժվար է պատկերացնել հայաստանյան որեւէ լրջմիտ իշխանություն, որ տեսանելի ապագայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները դուրս բերելու խնդիր բարձրացնի, բայց այն մոտեցումը, որ ցուցաբերում են գործող իշխանությունները, դուրս է պետական գիտակցության շրջանակներից: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ սպասվում է հայ-ռուսական արձանագրությունների ստորագրումը, որով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 25 տարուց երկարաձգվելու է մինչեւ 49 տարի: Շատ ավելի կարեւոր է, որ սպասվող այդ արձանագրությամբ ռուսական ռազմակայանին վերապահվում է Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցություն ունենալու գործառույթ: Այդ ռազմակայանը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, առանց այն էլ Հայաստանի անվտանգության գաղափարաբանության հենասյուներից էր, բայց սպասվող արձանագրության նախագծում նշված ձեւակերպման առկայությունը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի ռուսական ռազմակայանին կառավարման լիազորություններ են տրվում: Անվտանգության ապահովումը Հայաստանի պետական մարմինների թիվ մեկ խնդիրն է, եւ ահա այդ խնդրի լուծմանը ռուսական ռազմակայանի ղեկավարության մասնակցությունը դառնում է անառարկելի եւ դե յուրե հաստատված փաստ: Իրավիճակի վտանգավորությունը հասկանալու համար բավարար է հիշել, որ կայուն քաղաքական հենարան ունեցող ուժային նախարարները Հայաստանում միշտ էլ ավելի են, քան նախարարը, երբեմն ավելի, քան նախագահը: Եւ այս իմաստով պատկերացնել կարելի է, թե ինչի կարող է վերածվել ՀՀ-ում ռուսական ռազմակայանի` թիկունքում գերտերություն ունեցող ղեկավարը վերը նշված արձանագրությունների ստորագրման եւ վավերացման պարագայում: Գեներալ-գուբերնատոր ձեւակերպումն օգտագործելու գայթակղությունը մեծ է, շատ մեծ, եւ այդ արտահայտությունը վախենալու չափ իրական է հնչում «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է» գրիզլովյան հայտնի հայտարարության ֆոնին: Վերը շարադրվածը չէր կարող դուրս մնալ Հայաստանի գործող իշխանության տեսադաշտից, նրանք չէին կարող չնկատել, որ հայ-ռուսական արձանագրությունների վերախմբագրմամբ զիջում են Հայաստանի կիսատ-պռատ ինքնիշխանության եւս մի կտոր: Սա բացատրել նրանց դավաճանական դրդումներով` ճիշտ չի լինի, որովհետեւ ինչ-ինչ, բայց իշխանություն զիջել նրանք չեն սիրում, որովհետեւ իշխանությունից ավելի ոչինչ չեն սիրում: Իսկ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելով` նրանք նաեւ սեփական իշխանությունից են մաս զիջում: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Տպավորությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ուղղակի չգիտի ինչ անել այն պետության հետ, որի ղեկը հայտնվել է իր ձեռքում: Ի սկզբանե էլ պարզ էր, բայց վերջին երկու տարիներին ավելի ակնհայտ դարձավ, որ նա պատկերացում անգամ չունի, թե ինչպես է հարկավոր լուծել Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրները: Այդ հուսահատ անգործությունը բնական եւ հասկանալի անկման զգացողություն է առաջացնում Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի գիտակցության մեջ, եւ նրանք այդ անկումը գերտերություններից կախվելու միջոցով կասեցնելու հուսահատ փորձեր են ձեռնարկում: Նման մի փորձ էր, օրինակ, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, որի տապալումը ավելի խորացրեց անկման զգացողությունը եւ էլ ավելի մեծացրեց լարվածությունը Հայաստանում եւ տարածաշրջանում: Այդ լարվածությունից, ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումից եւ, հատկապես, Ադրբեջանին ժամանակակից զինտեխնիկա վաճառելու ռուսական մտադրությունից խուճապահար, Սերժ Սարգսյանը հերթական անգամ ծնկի է իջել Ռուսաստանի առջեւ: Նման քաղաքականություն վարելով, ընթացիկ շրջանում Սարգսյանը շատ կոնկրետ նպատակ է հետապնդում. հասնել նրան, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս քվոն պահպանելու, այսինքն` ԼՂ հարցի լուծումը էլի ու էլի հետաձգելու հնարավորություն ընձեռի: Հատկանշական է, որ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին արձանագրությունը կարող է ստորագրվել օգոստոսի 19-20-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում, որին կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Մինչդեռ նախկինում խոսք էր գնում այն մասին, որ այս օրերին Մեդվեդեւը Երեւան կբերի ԼՂ հարցի կարգավորման համաձայնագրի վերջնական նախագիծ: Ու եթե անգամ աշխարհագրական խաղաքարտերի այսպիսի փոփոխություն իսկապես տեղի ունենա, դա միայն վատացնելու է Հայաստանի իրավիճակը: Շատ լավ, ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը երկարաձգեցինք մինչեւ 49 տարի եւ, այսպիսով, էլի ձգձգեցինք Ղարաբաղի հարցի լուծումը: Իսկ ի՞նչ ենք անելու հետո, ինչպե՞ս ենք վերականգնելու վստահության մթնոլորտը Հայասատնում, ինչպե՞ս ենք կանգնեցնելու արտագաղթը, ինչպե՞ս ենք կանխելու տնտեսական համակարգի դեգրադացիան եւ այլն, եւ այսպես շարունակ: Այս հարցերի պատասխանն է, որ չունի Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական թիմը, որն իր անելիքը տեսնում է Ղարաբաղի հարցի կարգավորումը ձգձգելու, գերտերություններին հաճոյանալու բոլոր հնարավոր առիթները օգտագործելու, իր ունեցած դրամագլուխը հնարավորինս մեծացնելու, այդ դրամագլուխը որպես իշխանությունը պահելու լծակ կիրառելու մեջ: Սա հասկանալի տրամաբանություն է, հասկանալի եւ կանխատեսելի, ընդհուպ մինչեւ հանգուցալուծում: Հանգուցալուծումն էլ, երբ էլ այն տեղի ունենա, մոտավորապես այսպիսին է. սերժանտները առնում են Հանրապետության փողերը եւ հայդե Փարիզ, որից հետո Հայաստանի կառավարումը ստանձնում է, ասենք, ռուսական ռազմակայանի գեներալ-գուբերնատորը: Այս սցենարի դեմ է, որ հզոր պայքար պետք է ընթանա Հայաստանում, եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը, ՀՀՇ վերջին համագումարում, ահազանգ էր հատկապես այս մասին: Վերջին 12 տարում Հայաստանի իշխանությունը մի նպատակ է հռչակել. ստատուս քվոյի պահպանումը ԼՂ հակամարտության գոտում, եւ մոլախոտով պատված ու ամայի ազատագրված տարածքները այդ գաղափարաբանության սիմվոլն են դարձել եւ դրա տապալման անառարկելի վկան:

լրջանալու պահը
Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ են հիշում նախագահ Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որը լույս տեսնելով 1997 թվականի աշնանը, նրա հրաժարականի նախերգանքը դարձավ: Որ հատկապես այս օրերին այդ հոդվածը իսկապես հրատապ է դարձել` ակնհայտ է: Հրատապ է նաեւ նրա ընկալման հարցը, որովհետեւ 13 տարի անց էլ այն ընկալված չէ, շատ դեպքերում` նույնիսկ չընթերցված: Արդյո՞ք այդ հոդվածը այն մասին է, որ մենք պետք է հանձնենք Ղարաբաղը: Միանշանակ` ոչ: Արդյո՞ք այդ հոդվածը այն մասին է, որ մենք պետք է հանձնենք ազատագրված տարածքները: Միանշանակ` ոչ: Այդ հոդվածն այն մասին է, որ ինչքան երկար տեւի ԼՂ հակամարտությունը եւ Հայաստանի շրջափակումը, մենք մեր ինքնիշխանության ավելի ու ավելի մեծ չափաբաժին ենք ստիպված լինելու զիջել էական չէ ում` ռուսին, ֆրանսիացուն, թե ամերիկացուն: Եւ կարող է մի պահ գալ, երբ Հայաստանի ինքնիշխանության զիջման այդ պրոցեսը դուրս գա մեր վերահսկողությունից: Վերջին շրջանում մենք, կարծես, արագացված տեմպերով ենք ընթանում դեպի նման իրավիճակ, եւ հենց այս ընթացքի կասեցումն է մեր պետական թիվ մեկ խնդիրը: Լեռնային Ղարաբաղի հարցը իսկապես պետք է լուծել օր առաջ եւ բոլոր հնարավոր եւ անհնար ջանքերը գործադրել, որ լուծումը մեզ համար լինի առավել նպաստավոր: Որքան ձգձգվում է լուծումը, մեզ համար այն ավելի աննպաստ է դառնում, եւ ծովից-ծով Հայաստանի երազանքին տրված, կորցնում ենք մեր գետից-գետ հայրենիքը, ու չենք նկատում, որ կորչում ենք, չենք նկատում, ավաղ, որ կորցնում ենք:

ի դեպ
Հայաստանում սպասվող իշխանափոխությունը, որի համար պայքար է մղում Հայ ազգային կոնգրեսը, շատերը դիտում են որպես ԼՂ հարցի կարգավորումը կրկին ու կրկին ձգձգելու միջոց: ՀՀՇ համագումարում ունեցած ելույթում Տեր-Պետրոսյանը այս թեմային անուղղակի անդրադարձ կատարեց, ընդգծելով, որ իշխանափողությունը կարգավորման արհեստական ձգձգման միջոց չի կարող լինել: Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները ԼՂ հարցում հենց այս գաղափարական տարբերությունն ունեն. Սերժ Սարգսյանի համար բանակցային գործընթացը լուծումից խուսափելու, հարցը ձգձգելու միջոց է, Տեր-Պետրոսյանի համար` լուծումներ գտնելու միջոց:

հատուկ կարծիք
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը տեսականորեն կարող է նաեւ ԼՂ հարցի կարգավորման նախանշան լինել: Տվյալ տրամաբանությունը կարող է լինել հետեւյալը. ռուսները հաշվարկում են, որ ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանին այլեւս անհրաժեշտ չի լինի իրենց ռազմական ներկայությունը, եւ ուրեմն Ղարաբաղի հարցի կարգավորումից առաջ որոշել են երարաձգել Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակը: Բայց սա տվյալ պահին քիչ հավանական տարբերակ է թվում եւ այն շարադրեցի բոլոր հնարավոր վարկածները քննած լինելու համար:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikolpashinyan.com

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.