> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՐՑԻՆ

www.nikol.am կայքի այցելու Հովհաննեսը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Բարեւ, հարգելի Նիկոլ: Ցավով ընդունեցի Հայոց բանակում տեղի ունեցած երկու ողբերգությունները: Ես կուզենայի իմանալ ձեր կարծիքը, թե ինչպես կարելի է վերացնել սպանությունների երեւույթը մեր բանակում: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է բարեփոխվի մեր բանակը: Եվս մեկ հարց` բանակի թեմայով: Արդյո՞ք ճիշտ կլինի բանակը դարձնել պրոֆեսիոնալ` այն դեպքում, որ մենք գտվում ենք կիսապատերազմական վիճակում»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Հովհաննես. կարծում եմ` հատկապես կիսապատերազմական վիճակը մեզ պետք է ստիպեր լրջորեն մտածել Հայոց բանակը պրոֆեսիոնալ դարձնելու մասին: Զուտ տեսականորեն այդ քայլը հնարավորություն կտար էապես կրճատել արտագաղթի ծավալները, եւ հայ տղամարդը ոչ թե կմեկներ Ռուսաստան բատրակություն անելու, այլ ընտանիքը կկերակրեր զենքը ձեռքին հայրենիքի սահմանը պաշտպանելով: Նման վիճակի հասնելու համար, սակայն, Հայոց բանակի պրոֆեսիոնալ զինվորի աշխատավարձը պետք է լինի ծանրակշիռ, եւ այսօրվա ռազմական բյուջեն` ստվերային եւ ոչ ստվերային, նման հնարավորություն տալիս է: Եթե որեւէ մեկը կասկածում է այս պնդման ճշմարտացիությանը, թող մի հայացք գցի մեր գեներալների ավտոմեքենաներին, վզերին եւ տներին: Բայց վերը շարադրված տեսական թեզի իրագործումը գործնականում էական բարդություններ ունի: Իսկ ո՞վ կարող է համոզված պնդել, որ նույնիսկ բարձր աշխատավարձի դեպքում հայ տղամարդը կնախընտրի պայմանագիր կնքել բանակի հետ եւ ոչ թե Ռուսաստան մեկնել` բատրակություն անելու: Այսօրվա Հայաստանում հավանական է, որ քաղաքացիների մի ստվար զանգված օտարերկրյա բատրակությունը նախընտրի հայրենիքին ծառայելուց: Սա` այն պատճառով, որ չկա վստահություն պետության, նրա իշխանության, նրա չինովնիկների եւ գեներալների նկատմամբ: Մարդիկ նախընտրում են հնարավորինս հեռու մնալ բորենիների այդ զանգվածից. նկատի ունեմ` պրոֆեսիոնալ բանակի մասին հնարավոր կլինի խոսել միայն մեր երկրում վստահության մթնոլորտ հաստատելուց հետո: Երբ պետության, իշխանության խոսքը քաղաքացու համար վստահելի կլինի եւ ընկալելի, այդ ժամանակ միայն մարդիկ ականջալուր կլինեն բանակում ծառայելը ոչ միայն որպես պարտք, այլեւ աշխատատեղ եւ սոցիալական ապահովության երաշխիք դիտելու` իշխանության կոչերին: Չի կարող լինել նորմալ բանակ, եթե զինվորը չի վստահում հրամանատարին. իսկ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը մեր երկրում նախագահն է: Ուստի պրոֆեսիոնալ, այսինքն` վճարովի-կամավորական բանակ ունենալու համար նախ պետք է ունենալ պոտենցիալ զինվորի վստահությունն ու հարգանքը վայելող գերագույն գլխավոր հրամանատար, որ մարդիկ պատիվ համարեն նրա հրամանատարության ներքո ծառայելը, որ պատրաստ լինեն այդ մարդ-ինստիտուտին վստահել իրենց կյանքը` համոզված, որ նա իրենց կյանքի նկատմամբ նույնպիսի պատասխանատվություն կցուցաբերի, ինչպիսին ցուցաբերում է սեփական կյանքի նկատմամբ: Հիմա, ուրեմն, Հայաստանում դժվար է գտնել մի հարյուր հոգի, որ նման զգացողությամբ համակված լինի Սերժ Սարգսյանի կամ նախագահական ինստիտուտի նկատմամբ: Բայց սրանով թեմայի խնդրաբանությունը չի սահմանափակվում: Ենթադրենք` մենք ունենք մի քանի տասնյակ հազարանոց պրոֆեսիոնալ բանակ. մի՞թե դրանով երկրի պաշտպանունակության հարցը պետք է լուծված համարենք: Միանշանակ` ոչ. դպրոցներում, ԲՈՒՀ-երում, այլ կրթօջախներում, պետական եւ ոչ պետական հիմնարկներում պետք է ռազմական պատրաստության պարտադիր պետական ծրագիր իրագործվի` պրոֆեսիոնալ բանակի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից: Պետք է երկրում գոյություն ունենա մոբիլիզացիոն հստակ եւ իրագործելի պլան, որտեղ ՀՀ յուրաքանչյուր զինապարտ քաղաքացի իմանա, թե պատերազմի եւ համընդհանուր զորահավաքի դեպքում ուր պիտի ներկայանա, ինչ ժամկետներում եւ ինչպիսի գործառույթներ պետք է իրականացնի: Այսինքն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա իր անելիքը պատերազմի դեպքում: Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, որն իրագործի երկրի անվտանգության ընթացիկ ապահովումը: Մնացած, այսինքն, բանակում չծառայող զինապարտ քաղաքացիները պետք է ամրակցված լինեն կոնկրետ բանակային ստորաբաժանումների, ունենան կոնկրետ զինվորական մասնագիտացվածություն, անվանական զենք, զինվորական հագուստ եւ այլ պարագաներ եւ իրենց քաղաքացիական կյանքի մի հատվածը` լինի դա ԲՈՒՀ-ում, աշխատավայրում, թե այլուր, նվիրեն իրենց զինվորական հմտությունների մշակմանն ու պահպանմանը, եւ պետության կանչի դեպքում մի քանի ժամվա մեջ ներկայանան իրենց զորամաս: Ես հասկանում եմ, որ ծրագիրը քաղաքական ռիսկեր նույնպես պարունակում է: Այս է պատճառը, որ դրա իրագործման մասին կարելի կլինի մտածել միայն անշրջելի ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն հաստատելու դեպքում, երբ երկրում կլինի վստահության մթնոլորտ եւ ազգային-սահմանադրական միասնություն, երբ յուրաքանչյուր քաղաքացի իրեն տեր կզգա Հայաստանում, եւ բանակի գործադրումը քաղաքական նպատակներով միանշանակ կբացառվի: Իսկ մինչ այդ մենք ստիպված կլինենք այսպես խարխափել փսեւդոարժեքների, փսեւդոհայրենասիրության, փսեւդոմարտունակության հորձանուտում: Ինչ վերաբերում է բանակում սպանությունների խնդրին, այստեղ էլ հարցի պատասխանը նույնն է. օրենքի գերակայություն: Երբ բանակում կամ երկրում հարգանք չկա օրենքի նկատմամբ, յուրաքանչյուրը փորձում է հաստատել ի՛ր օրենքը: Այստեղ է, որ պրոցեսները դուրս են գալիս վերահսկողությունից, քանի որ յուրաքանչյուրը ձգտում է իր քմահաճույքը օրենք դարձնել դիմացինի համար: Օրենքը օրենք է, երբ այն պարտադիր է բոլորի համար. այլապես դառնում է դանդաղ գործողության ռումբ` դրված պետության, հանրության, բանակի հիմքում: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հովհաննես: Հույս ունեմ` իմ պատասխանը ձեզ բավարարեց»:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Հովհաննես
    Օգոստոս 5th, 2010 at 20:35 | #1

    Շնորհակալություն, հարգելի Նիկոլ:

  1. No trackbacks yet.