> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹՈՒՐՔԻ ՋՐԱՂԱՑԻ ՖԵՆՈՄԵՆԸ

ԹՈՒՐՔԻ ՋՐԱՂԱՑԻ ՖԵՆՈՄԵՆԸ

«Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է» դասական խոսքը ժամանակ առ ժամանակ նյութական արտահայտություն է ստանում Հայաստանում: Բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ հանրային բուռն քննարկումներն ըստ այդմ նոր կորով են հաղորդել պրոֆեսիոնալ հայրենասերներին: Նրանք սկսել են աղաղակել, որ Չայլուի, Չինարիի, Մարտունիի միջադեպերի կապակցությամբ բանակը քննադատողները ազգային դավաճանություն են գործում: Այսօրինակ պնդումների հեղինակների տրամաբանությամբ փաստորեն դավաճանություն չգործելու միակ տարբերակը լռելն ու համակերպվելն է մնում այնպիսի փաստերի հետ, ինչպիսիք ոչ կանոնակարգային հարաբերություններն են բանակում, ինքնասպոնթյուն որակվող սպանությունները, հայ զինվորի որդնած դիակների «առաքումը» ծնողներին: Պրոֆեսիոնալ հայրենասերների ձայնը տաք տեղից է դուրս գալիս. նրանց բալեքին չեն խոշտանգում, ջարդուփշուր չեն անում, կյանքից չեն զրկում: Կան նաեւ այնպիսիք, որոնք բավարար փոխհատուցում են ստացել իրենց երբեմնի կորուստների համար եւ մտածում են, որ ուրիշները իրենցից լավը չեն, որ խուսափեն նույնատիպ կորուստներից: Ու հիմա փաստորեն պնդում են, թե լռությունը Հայոց բանակի նկատմամբ միակ հայրենասիրական վերաբերմունքն է: Սրանով կանխում են իրենց ուղղվելիք պոտենցիալ հարցը, թե ինչու են լռել եւ ինչու են լռում: Պատասխանը հիմա արդեն կարդացվում է ինքնին. որովհետեւ իրենք հայրենասեր են: Այսպիսով ամբողջանում է ավազակապետական պատկերացումը հայրենասիրության մասին, ըստ որի այդ հասկացությունը երկու հիմնական հենասյուն ունի` կեղծիք եւ լռություն: Բանակի գեներալները զինվորին եւ նրա ծնողին թալանում են եւ իրենց համար ասաբնյակներ կառուցում Երեւանի կանաչ տարածքների հաշվին, բայց մենք պետք է լռենք, որպեսզի ջուր չլցնենք թուրքի ջրաղացին: Ոչ կանոնակարգային հարաբերություններ են մտցնում բանակում` իրենց մութ գործերը բանակային յախշիների ձեռքերով անելու համար, մենք պետք է լռենք, որպեսզի ջուր չլցնենք թուրքի ջրաղացին: Ոստիկանությունում եւ բանակում ՀՀ քաղաքցիների են խոշտանգում եւ սպանում, մենք պետք է լռենք, որպեսզի ջուր չլցնենք թուրքի ջրաղացին: Այդ նույն զինվորների ու ոստիկանների ձեռքերով կոտորում են ՀՀ քաղաքացիներին, բայց մենք պետք է լռենք, որպեսզի ջուր չլցնենք թուրքի ջրաղացին: Անմեղ մարդկանցով լցնում են բանտերը, բայց մենք պետք է լռենք, որպեսզի ջուր չլցնենք թուրքի ջրաղացին: Ընտրությունները կեղծում են, քաղաքացիներին հետապնդում, ընտրական տեղամասերում բռնությունների ենթարկում վստահված անձանց եւ լրագրողներին, բայց մենք պետք է լռենք, որպեսզի ջուր չլցնենք թուրքի ջրաղացին: Ի վերջո, թալանում-կործանում են երկիրը, բայց մենք պիտի լռենք, որպեսզի ջուր չլցնենք թուրքի ջրաղացին: Պրոբլեմը սակայն գիտե՞ք որն է. որ իշխող կլանի մտքով չի անցնում դադարեցնել թալանը` թուրքի ջրաղացին ջուր չլցնելու համար: Օլիգարխները չեն մտածում հավաքել իրենց ու իրենց լակոտներին թուրքի ջրաղացին ջուր չլցնելու համար: Բանակի բոսերը չեն մտածում վերջ տալ այնտեղ տիրող բեսպրեդելին, թուրքի ջրաղացին ջուր չլցնելու համար: Իրականում թուրքի ջրաղացին ջուր չլցնելու մի տարբերակ կա. Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը, օրենքի եւ իրավականության հաստատումը: Այնպիսի Հայաստանի կերտումը, որտեղ քաղաքացին իրեն կզգա ինչպես տանը: Ուրիշ տիպի ցանկացած հայրենասիրություն ջուր է լցնում թուրքի ջրաղացին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikol.am
«Կոշ» քրեակատարողական հիմնակից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.