> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՕԼԻԳԱՐԽԸ ՆԱԵՎ ՃԱԿՆԴԵՂԱԳՈՐԾ Է

ՕԼԻԳԱՐԽԸ ՆԱԵՎ ՃԱԿՆԴԵՂԱԳՈՐԾ Է

Խորհրդային Միության իշխանության բարձրագույն մարմնի` ԽՄԿԿ համագումարի լրակազմը, այսինքն` պատվիրակներին, հավաքում էին կթվորուհիներից, ճակնդեղագործներից, խառատներից, քարտաշներից: Վերջիններս համագումարներում ձեռք բարձրացնողի ու ծափ տվողի դերակատարում ունեին եւ հիմնականում չէին էլ հասկանում, թե ինչի օգտին էին քվեարկում եւ ինչի համար էին ծափ տալիս: Նման համագումարներ ուղղորդելու համար երեք-չորս գրագետ պատվիրակները, որ կարող էին ներքեւից, այսինքն` ոչ նախագահությունից խոսել, բավարար էին: Այսպիսով, կթվորուհի-ճակնդեղագործները ապահովում էին Խորհրդային Միության կայունությունը եւ հանդիսանում Կոմունիստական կուսակցության անխոս հենարանը, որը միշտ եւ ամեն ինչում համաձայն էր հարազատ կուսակցության հետ: Երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին գիտակները պնդում էին, թե վերականգնվում են խորհրդային կառավարման վատագույն ավանդույթները, շատերը դա չափազանցություն էին համարում: Այսօր, սակայն, Հայաստանի Ազգային ժողովի արձակուրդի այս օրերին, երբ վերլուծում ես հայրենի խորհրդարանի լրակազմը` հասկանալի է դառնում, որ վերը նշվածը ոչ միայն համապատասխանում է իրականությանը, այլեւ չափազանց դիպուկ է բնորոշում այն: Քոչարյանասերժական Ազգային ժողովում, պարզապես, կթվորուհիներին, ճակնդեղագործներին եւ բանվոր-շինարարներին փոխարինելու են եկել օլիգարխները եւ նրանց շքախմբերը: Սրանք, իհարկե, որոշակիորեն տարբերվում են սոցիալիստական աշխատանքի հերոսներից. ավելի քիչ ոսկե ատամներ ունեն, ոչ թե «Կլարա Ցետկինի» անվան կարի ֆաբրիկայի, այլ «Զիլի» ընկերության արտադրած խալաթ ու չուխա են հագնում: Ընդհանրությունները սակայն շատ ավելի ընդգծված են ու շատ ավելի կարեւոր: Կթվորուհի-ճակնդեղագործների նման` օլիգարխները եւ նրանց սվիտան լուռ են եւ համաձայն: Նրանք ոչ գվվում են, ոչ բվվում, եւ կատարում են ավազակապետական իշխանության հենարանի իրենց դերակատարումը, գաղափարապես հիմնավորում այդ իշխանության գոյությունը: Համագումարի պալատներում հայտնվող կթվորուհի-ճակնդեղագործները խորհրդանշում էին խորհրդային կարգերը` հիմնված սոցիալիզմի գաղափարների եւ մասնավորապես` կոմունիզմի կառուցման տեսլականի վրա: Այսօրվա Հայաստանի Ազգային ժողովում հայտնված օլիգարխները ավազակապետական իշխանությունն են խորհրդանշում` հիմնված ապօրինության, լկտիության, բեսպրեդելի վրա: Հայաստանն այսօր, փաստորեն, կառավարվում է կթվոր-կթվորուհիների ոչ անհայտ սխեմայով, եւ այդ սխեման իջել-հասել է նույնիսկ ընտրական տեղամասեր, երբ պրոլետարիատը դեպուտատ էր ընտրում` առանց տեղի ունեցող գործընթացի նրբությունների մեջ խորանալու: Սովետական փակ համակարգում, որտեղ տեղեկատվական հոսքերը սահմանափակ էին, եւ գաղջ իրականությունը շպարված էր գաղափարական բարձրագույն լոզունգներով, այդ ամենը ինչ-որ տեղ նայվում էր, մանավանդ` ԽՍՀՄ միջազգային հզորության ֆոնին: Այսօրվա Հայաստանում, սակայն, դեպուտատ-օլիգարխների բութ դեմքերը որպես նախատինք են կախված Հայաստանի վրա եւ խորհրդանշում են այն հանրահայտ իրողությունը, որ չնայած ֆորմալ ատրիբուտների գոյությանը` Հայաստանը դեռ Հայրենիք չի դարձել իր քաղաքացիների համար:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,