> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՍԿ Ո՞Վ Է ՑԱՎԻ ՏԵՐԸ

ԻՍԿ Ո՞Վ Է ՑԱՎԻ ՏԵՐԸ

Հայոց բանակՀայոց բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ողբերգական սարսուռ են առաջացնում մեզնից յուրաքանչյուրի մեջ, որովհետեւ ամեն տուն, ընտանիք զինվոր ունի բանակում, կամ ունենալու է շուտով: Կասկած չունեմ` Չայլուի, Մարտունու, Չինարիի իրադարձությունները դեռ կքննարկվեն մամուլում, եւ տեղի ունեցածը բազմաթիվ վերլուծությունների առիթ կտա: Մեզնից շատերը վարկած առաջ կքաշեն տեղի ունեցածի խորքային պատճառների մասին: Ինքս սակայն ընթերցողի ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի փաստի կամ ավելի ճիշտ` երեւույթի վրա, որն առավել թանձրացնում է տեղի ունեցած մարդկային ողբերգությունը:

Ինձ պարզապես ամոթալի թվաց, թե ինչպես է սեփական զավակի մահվան մասին իմացել Մարտունու միջադեպի զոհերից մեկի` Անդրանիկ Սարգսյանի հայրը` Սարգիս Սարգսյանը: Գույժը նրան հայտնել է հարեւանը, ով նախորդ գիշեր իրենց շենքի բակում պատահաբար հանդիպել է բակ այցելած ոստիկանների եւ զինկոմիսարիատի ներկայացուցիչների ու նրանցից իմացել մահաբեր լուրը: Փաստորեն, Սարգսյանների ընտանիքից զինվոր տարած պետությունը երեք սպա չուներ, որ վաղ առավոտյան կոկիկ եւ պաշտոնական հագնված բախեին այդ ընտանիքի տան դուռը եւ նրանց հանձնեին, ասենք, պաշտպանության նախարարի ստորագրած պաշտոնական գրությունը, որում շարադրված կլիներ այդ պահին հայտնի կամ թույլատրելի տեղեկատվությունը: Փոխարենը Հայոց բանակը որդեկորույս ծնողին խաբար է ուղարկել, ապսպրել է, թե բա` գիտես, բալեդ զոհվել է, եթե որեւէ ուրիշ բան քեզ հետաքրքիր է, վեր կաց, արի զինկոմիսարիատ: Այս դրվագի մեջ խտացված է թերեւս մեր բանակի, մեր պետության ողջ խնդրաբանությունը: Ով է քաղաքացին պետության համար, ով է պետությունը քաղաքացու համար: Ով է զինվորը բանակի համար, եւ ինչ է բանակը զինվորի համար: Այս հարցերն են ահա, որ նույնիսկ հարց չեն արդեն մեր իրականության մեջ, այլ դարձել են պատասխաններ եւ խորհրդանշում են պետության արհամարհանքը քաղաքացու նկատմամբ, քաղաքացու արհամարհանքը պետության նկատմամբ: Զինվորի արհամարհանքը բանակի նկատմամբ, բանակի արհամարհանքը զինվորի նկատմամբ: Ի վերջո` բոլորի արհամարհանքը բոլորի նկատմամբ. չնայած դժվար է ասել, սա պատճառ է, թե հետեւանք: Մեծ հաշվով զոհերի հարազատները մենակ են իրենց դժբախտության հետ: Մի քանի օր լրագրողները կգրեն` քանի դեռ դա հրատապ նյութ է համարվում, բանակի ղեկավարությունը մի քանի ինտերվյու կտա անհրաժեշտ հետեւություններ անելու աներկբա խոստմամբ, որից հետո շրջանառության մեջ կդրվի տխմար մի գաղափարաբանություն. բոլոր երկրներում էլ այդպես պատահում է, ոչ ոք չի կարող բացառել նման դեպքերի կրկնությունը, յարեն տիրոջն է ցավ տալիս: Եւ տպավորություն կա, թե մինչեւ բովանդակ Հայաստանն ամբողջությամբ յարաներով չպատվի, էս երկրի ցավը տեր չի ունենալու:

Հ.Գ. Վերը ասվածը ավելի է ամբողջանում այն փաստի հիման վրա, որ Մարտունու միջադապի զոհերից մեկի` վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի դիակը հարազատներին է հասել որդնած վիճակում: Տեղի ունեցածի մեղավորներին դեռ կփնտրեն ու կփնտրեն: Ինձ համար էական էլ չէ` կգտնեն արդյոք: Շատ ավելի էական է, որ գտնվի էս ցավի իրական տերը ու սեփական վերքը բուժելու իմաստնություն ունենա:

Նիկոլ Փաշինյան
Օգոստոսի 3, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.