> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > Նիկոլի պատասխանը Շանթի հարցին

Նիկոլի պատասխանը Շանթի հարցին

www.nikol.am կայքի այցելու Շանթը նախօրեին Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Սիրելի Նիկոլ, ճի՞շտ է, որ ԿԳԲ-ն ձեզանից հայկական Սահակաշվիլի է պատրաստում: Կարո՞ղ եք միարժեքորեն հաստատել կամ ժխտել այս ասեկոսեները»:

Նիկոլ Փաշինյանը այս հարցին տվել է հետեւյալ պատասխանը. «Սիրելի Շանթ. նախ ասեմ, որ Սահակաշվիլիի օրինակը ինձ համար այնքան էլ ոգեւորիչ չէ, որովհետեւ չի կարելի Վրաստանի նման պետության ղեկին հայտնվել եւ հակամարտության քաղաքականություն վարել այնպիսի մի հարեւանի հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Այդ քաղաքականության հետեւանքները Վրաստանը դեռ երկար չի կարողանալու հաղթահարել: Այնպես որ, եթե ձեր ասած ԿԳԲ-ն ինձնից ինչ-որ հայկական երեւույթ է պատրաստում, երեւի ծանոթ-մանոթ մեջ գցենք, որ ուրիշ տարբերակ ընտրի: :) Իսկ ընդհանրապես, ձեր առաջադրած հարցի նման հարցեր կարելի է ձեւակերպել հարյուրներով: Վերջին տարիներին ես իմ մասին տասնյակ խոսակցություններ եմ լսել: Եթե հիշում եք` իմ ընդհատակից դուրս գալուց հետո ձեր նշած ԿԳԲ-ն (ենթադրում եմ` նկատի ունեք ՀՀ ԱԱԾ-ն) իր հրապարակային գործակալների միջոցով լուրեր էր տարածել, թե այդ ողջ ընթացքում իմացել է իմ տեղը, բայց չի ձերբակալել, որովհետեւ իրեն այդպես է պետք եղել: Փաստն այն է, սակայն, որ իմ ընդհատակում գտնվելու ողջ ընթացքում ԱԱԾ-ն անիմաստ վատնել է պետական միջոցները` անիմաստ քարշ գալով իմ ընտանիքի անդամների եւ մերձավորների ետեւից, անընդհատ լսելով նրանց հեռախոսազրույցները: Մի այդպիսի դրվագ պատմեմ. իմ երկու ընկերներ` իմ ընդհատակում գտնվելու ընթացքում հեռախոսով զրուցում են եւ պայմանավորվում` առաջիկա շաբաթ օրը գնալ ձուկ որսալու: Հաջորդ օրը խոսակցության մասնակիցներից մեկին հրավիրում են ԱԱԾ եւ լուրջ դեմքով պահանջում բացել ծածկագիրը, քանի որ իրենք` ԱԱԾ մասնագետները, համոզված են, որ վերը նշված հեռախոսազրույցը ծածկագրային բնույթ է ունեցել եւ առնչություն է ունեցել իմ կոնսպիրատիվ գործունեության հետ: Այս օրինակը, կարծում եմ, պիտի համոզի ձեզ, որ, ինչ-որ տեղ` ցավոք, Հայաստանի հատուկ ծառայությունները ի վիճակի չեն նմանօրինակ բարդ օպերացիաներ իրականացնել եւ ես, օգտվելով առիթից, հերթական անգամ ահազանգում եմ այս մասին, ահազանգում եմ, որ մեր երկրի ԱԱԾ-ն շուտափույթ եւ լրջագույն բարեփոխումների կարիք ունի` առաջին հերթին գաղափարական, բարոյահոգեբանական եւ ինտելեկտուալ բարեփոխումների: Մինչեւ այսօր ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան սպաների սենյակներում Ֆելիքս Ձերժիսկու նկարներն են փակցված, ինչը նշանակում է, որ ՀՀ ԱԱԾ գոյություն չունի: Գոյություն ունի ԽՍՀՄ ԿԳԲ-ի Հայաստանի բաժին, որը զբաղված է մանր, միջին եւ խոշոր չափերի գրդոնով, նայած` որ օրը ինչ կկպնի: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, հավաստիացնում եմ, որ անձամբ դուք իմ մասին, իմ քաղաքական գործունեության մասին գիտեք ամեն ինչ: Ես երեք երեխաների հայր եմ, եւ ինձ համար դա մի կարգավիճակ է, որ անհնար է դարձնում իմ ներգրավվելը ինչ-որ մութ գործարքների, կեղծիքների եւ խաղերի մեջ: Անկեղծությունը իմ քաղաքական գործունեության հիմքն է, եւ եթե նույնիսկ ինձնից ինչ-որ բան պատրաստում են, միայն այն մարդիկ, ՀՀ այն քաղաքացիները, «Հայկական ժամանակ» թերթի այն ընթերցողները, ովքեր հավատում են իմ անկեղծությանը: Եվ ամենակարեւորը. իմ քաղաքական գործունեության հիմքում դրված է շատ կարեւոր մի սկզբունք. «Առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»: Ասել եմ եւ ասում եմ` իմ կյանքը դրված է հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի պայքարելու եմ մինչեւ վերջ, եւ ակնթարթ անգամ չեմ կասկածում, որ մեր երեխաները ապրելու են մեր երազած այդ Հայաստանում: Լավագույն մաղթանքներս, սիրելի Շանթ»:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. trdat
    Օգոստոս 3rd, 2010 at 22:20 | #1

    Ինչքան պարոն Փաշինյանը կարող է լինել ԿԳԲ-ական այնքան ես կարող եմ լինել տիեզերագնաց!!!))))ԱԱԾ-ն կարիք չի ունենա մի մարդու որը քաղաքականության մեջ գործում է քաղաքականության դասական կանոններին չենթարկվելով, ավելին հակառակվելով:
    Հարգելի Փաշինյան ինձ երբեմն թվում է թե Հայաստանն ինքն իրեն այդքան չի հավատում որքան Դուք Հայաստանին: ԱՍՏՎԱԾ Ձեզ Պահապան

  2. Օգոստոս 5th, 2010 at 12:29 | #2

    1+1+1+1+1+1+1+1+1+1

  3. Hakob
    Դեկտեմբեր 23rd, 2010 at 07:32 | #3

    inch himar harca:))))) Astva& dzez het sireli Nikol

  1. No trackbacks yet.