> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

homelogoՀայկի հարցը - Բարեւ, հարգելի Նիկոլ: Կարծում եմ քաջառողջ ես եւ աննկուն: Հարցս կլինի կարճ եւ շատ հստակ: Ինչպես կվարվես, եթե հանգամանքների բերումով կամ պարզապես մրցակցության մեջ մտնելով` մեկ այլ քաղաքական ուժ ստանձնի առաջին տեղը, ուզում եմ հարցնել, թե դու ինչքանով ես կապված ՀԱԿ-ի հետ եւ որ դեպքում կլքես այդ ուժը: Կանխավ շնորհակալ եմ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, Հայ ազգային կոնգրեսը ինձ համար 2008 թվականի փետրվարին Երեւանի Ազատության հրապարակում արձանագրված զարթոնքի, Մարտի 1-ի քաղաքացիական խիզախումի եւ 10 զոհերի հիշատակի խորհրդանիշն է: Ասել է թե` Կոնգրեսը ձեւավորվել է Ազատ եւ Երջանիկ Հայաստանի երազանքն իրագործելու, անմեղ զոհերի հիշատակին արժանի հայրենիք կերտելու համար: Եվ Ձեր հարցը, թե որքանով եմ ես պատրաստ լքել Կոնգրեսը, նույնն է, թե հարցնեիք` որքանո՞վ եք պատրաստ հրաժարվել այն իդեալներից, որոնց համար մենք բոլորս պայքարում էինք 2008թ. փետրվարին:

Ինչ խոսք, Կոնգրեսը միատարր կառույց չէ, այն բազմաշերտ եւ բարդ քաղաքական միավորում է, որտեղ կարող են լինել տարաձայնություններ, տարբեր տեսակետներ, բանավեճ: Նման տարաձայնություններ, տեսականորեն, կարող եմ ինքս էլ ունենալ: Բայց դա չի կարող Կոնգրեսը լքելու պատճառ դառնալ, որովհետեւ քաղաքական գործիչը պետք է նախ` սեփական մերձավորներին համոզելու ընդունակություն ունենա, ապա` մտածի լայն զանգվածներին գաղափարներ քարոզելու մասին: Ինձ համար հասկանալի չէ այն մոտեցումը, երբ որեւէ քաղաքական սուբյեկտ փախչում է սեփական քաղաքական միջավայրից, եւ հեռվից հեռու սկսում կռիվ տալ նրա հետ` աղջիկ լրագրողների թիկունքում պախկված: Չեմ բացառում, որ երբեւէ Հայ ազգային կոնգրեսում տիրապետող տեսակետի հետ որեւէ անհամաձայնություն ունենամ: Այդ անհամաձայնությունը, սակայն, չի կարող խզման պատճառ դառնալ, որովհետեւ ցանկացած քաղաքական գործիչ հնարավորություն ունի իր կազմակերպության ներսում իր տեսակետն ավելի լսելի դարձնել, իր շուրջը հավաքել համախոհների բանակ, եւ սեփական տեսակետը տիրապետող դարձնել կուսակցության կամ կազմակերպության ներսում: Հենց սա է նորմալ քաղաքական գործունեությունը, եւ հենց այս կուլտուրայի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանում մեկուկես հոգանոց կուսակցությունների պրոֆիցիտ կա: Ասել կուզի` Կոնգրեսը իմ քաղաքական տունն է, անկախ նրանից` տվյալ պահին ես մեծամասնության հետ համաձա՞յն եմ, թե ոչ: Եվ քաղաքական գործունեության իմաստն այն է, երբ մեծամասնությունը, նաեւ կազմակերպության ներսում, մեկ համաձայն է քեզ հետ, մեկ` ոչ: Քաղաքական գործունեության իմաստը հենց մեծամասնության վստահությանն արժանանալն է, սեփական ասելիքը մեծամասնության համար լսելի եւ ընդունելի դարձնելը: Այնպես որ, ես ինձ չեմ տեսնում քաղաքական քոչվորի կարգավիճակում: Ինչ վերաբերում է նոր ուժին, ձեր հարցի այս մասին կպատասխանեմ մի փոքր այլ կերպ. այսօր «Հայկական ժամանակը» Հայաստանի ամենամեծ տպաքանակն ունեցող օրաթերթն է: Եթե որեւէ թերթ անցնի «Հայկական ժամանակին», ես, ինչ է, պետք է թողնեմ իմ թերթը եւ վազեմ այնտեղ` հոդվածներ գրելո՞ւ: Իհարկե` ոչ, պիտի ջանքեր գործադրեմ ինձ հարազատ թերթի նախկին դիրքերը վերականգնելու համար: Նույնը վերաբերում է նաեւ Հայ ազգային կոնգրեսին: Կարծում եմ` սա պարզ եւ հասկանալի տրամաբանություն է: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հայկ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.