> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ

pakughiՀայաստանի դրության բազմակողմանի վերլուծությունը հանգեցնում է պարզագույն մի եզրակացության. փակուղի: Ընթացիկ ժամանակաշրջանն էլ կարեւոր է նրանով, որ մի տեսակ ընդգծում է փակուղային վիճակը: Ընդ որում, սա չի վերաբերում զգայական կամ հոգեբանական ոլորտին. փակուղու առաջ են հայտնվել հայաստանյան օրակարգի բոլոր հարցերը: Հայ-թուրքական հարաբերությունները հստակ եւ երկաթյա փակուղու առաջ են, եւ եթե անգամ սեպտեմբերին սահմանը ժամանակավորապես բացվի, դա ընդամենը կնշանակի, որ մի քանի հոգի անցան փակուղու տակով եւ հետ դարձան:

Փակուղային զգացողություն է առաջացնում նաեւ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը, եւ ակնհայտ է, որ եթե մինչեւ տարեվերջ կոնկրետ լուծումներ չգտնվեն` փակուղին այստեղ էլ շատ շոշափելի է դառնալու: Փակուղային է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման վիճակը: Պարզից էլ պարզ է, որ կառավարությունը չգիտի` ինչ անել տնտեսության հետ: Առայժմ տնտեսության մեջ գործում է պարզագույն մի սխեմա` վարկեր վերցնել, բաժանել օլիգարխներին, որ սրանք իրավիճակը տեղերում պահեն վերահսկողության տակ, մինչեւ կվերականգնվեն տրանսֆերային երբեմնի հոսքերը: Հայաստանը, ըստ այդմ, ժամանակ է ձգում, ժամանակ են ձգում նաեւ ներքաղաքական կյանքի հիմնական սուբյեկտները` իշխանությունը եւ ընդդիմությունը, որովհետեւ երկուսն էլ հայտնվել են մի վիճակում, որ ավելի շատ մտահոգված են սեփական դարպասը գոլ չընդունելու խնդրի լուծմամբ, քան թե գոլ խփելու ցանկություն ունեն: Այս մոտեցումը, սակայն, չի կարող վերացնել Հայաստանին համակած փակուղու զգացողությունը, չնայած` ընդդիմության հերթական պարտությունը փակուղու զգացողությունը կարող է դարձնել երկաթբետոնյա: Այս իմաստով ընդդիմության մեջ, այսինքն Հայ ազգային կոնգրեսում ընթացող պրոցեսները կարեւոր են, որովհետեւ ընթացիկ գլոբալ-փակուղային իրավիճակում անհրաժեշտ է ունենալ ոչ միայն ամուր ճակատ, այլեւ ամուր թիկունք, որովհետեւ երբ թիկունքում չբարձրաձայնված մտքեր կան, վճռական գրոհ ձեռնարկելն անիմաստ է: Հիմա, ըստ էության, Կոնգրեսը գտնվում է թիկունքն ամրացնելու գործընթացի մեջ, անկախ նրանից, թե դա ինչպես է արտահայտվում: Նույն գործընթացի մեջ գտնվում է նաեւ իշխանությունը, եւ այս պրոցեսները թելադրված են փակուղու զգացողությամբ: Արդեն բավական երկար ժամանակ Հայաստանն ապրում է կանխատեսելիության նվազագույն գծից ցածր, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի կարողանում շոշափելիորեն կանխատեսել, թե ինչ է լինելու վաղը: Իսկ երբ քիչ թե շատ հավատ ներշնչող կանխատեսում չկա, բոլորը սկսում են ապրել անկանխատեսելիի զգացողությամբ: Այս է պատճառը, որ քաղաքական խաղի մասնակիցները նախընտրում են ոչ թե ինչ-որ բան ձեռնարկել, այլ պատրաստվել իրադարձությունների զարգացման վատթարագույն տարբերակներին, կամ էլ` պատրաստ լինել հնարավոր առավելագույն տարբերակների: Այնպես որ, Հայաստանում այսօր տեղի ունեցող եւ չունեցող որեւէ բանի մեջ որեւէ տարօրինակ բան չկա: Փակուղու զգացողությունը գնալով խորանում է Հայաստանում, նյարդերը ավելի պրկված են դառնում, մեծանում է հիստերիկ նոպաների հնարավորությունն ու հավանականությունը: Այնպես որ, համբերությունն ու ինքնատիրապետումը իսկապես դառնում են հաղթաթղթի արժեք ունեցող հատկանիշներ: Բաց տարածության մեջ խոսքն ընդամենը մեկ ուղղություն ունի, փակ տարածության մեջ այն զարկվում է պատերին եւ ռիկոշետի սկզբունքով կարող է դիպչել ոչ միայն նրանց, ում հասցեագրված է: Հայաստանը փակ տարածություն է արդեն երկար ժամանակ, եւ ուրեմն` պատասխանները կարող են չհերիքել հարցերի համար: Լավ կլինի` չմոռանանք այս մասին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հուլիսի 22, 2010
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.