> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

kosova2Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որով Կոսովոյի անկախացումը Հարավսլավիայից համարվել էր օրինական, հասկանալիորեն ոգեւորություն առաջացրեց Հայաստանում: Ինչ խոսք, մենք պետք է քարոզչական նպատակներով գործադրենք այդ որոշումը` պնդելով, որ այն կարող է նախադեպային նշանակություն ունենալ Ղարաբաղի համար, մյուս կողմից, սակայն, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ չնկատել այն իրողությունները, որոնց պարտադրանքի ներքո Հաագայի դատարանը նման եզրակացության հանգեց: Շատ ավելի ճիշտ կլիներ արձանագրել, որ դատարանի որոշումը կայացված էր վաղուց, եւ տվյալ դեպքում գործ ունենք փաստերի պարզ արձանագրման հետ: Ի վերջո, Կոսովոյի անկախությունը մինչեւ Հաագայի դատարանի որոշումը ճանաչված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության երկրների մի հսկայական մասի եւ աշխարհի շուրջ 65 երկրների կողմից:

Այսինքն, եթե իրավիճակը լրջորեն վերլուծենք, կհասկանանք, որ միջազգային դատարանը արձանագրել է ընդամենը սա` 65 երկրների կողմից Կոսովոյի ճանաչված լինելու փաստը: Եվ այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ միջազգային դատարանը չէր կարող ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային պարտադրել, որ նրանք չեղյալ անեն Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին իրենց որոշումը: Ըստ այդմ` Հաագայի միջազգային դատարանի վճիռն ընդամենը մեկ բան է նշանակում. Կոսովոյի անկախության կողմնակիցներն աշխարհում ավելի հզոր են, քան հակառակորդները: Եվ եթե այս դիտակետից իրավիճակը տեղափոխենք Ղարաբաղ, հասկանալի կլինի, որ ոգեւորվելու շատ բան չկա, այն պարզ պատճառով, որ ոգեւորվելուց առաջ պետք է բարձրաձայնենք, թե ովքեր են աշխարհում Ղարաբաղի անկախության կողմնակիցները: Հենց այս հաշվարկն է, որ մեզ կանգնեցնում է անհաղթահարելի դժվարության առաջ: Հարցը կարեւոր է, որովհետեւ առանց ազդեցիկ եւ վճռորոշ աջակցության Հաագայի միջազգային դատարանի որոշման հետ հույսեր կապելը, մեղմ ասած, լուրջ չէ: Եվ այս արձանագրումն ընդամենը վկայությունն է այն բանի, որ ԼՂ հարցի համատեքստում որեւէ բան չի փոխվել, եւ վիճակը այստեղ նույնն էր Հաագայի դատարանի որոշումից առաջ, նույնն է նաեւ որոշումից հետո: ԼՂ հարցի բովանդակության եւ իրավիճակի մեջ որեւէ փոփոխություն չմտցրեց նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հանրապետությունների անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից: Եվ այս իմաստով` տեսեք, թե ինչ աբսուրդ իրավիճակ է ստեղծվել. ԱՄՆ-ը կողմ է Կոսովոյի անկախությանը, բայց չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը, բայց դեմ է արտահայտվում Կոսովոյի անկախությանը: Ղարաբաղի հարցում, սակայն, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համանախագահներ են` ԵԱՀԿ Մինսկի խմբի, որը զբաղվում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմամբ: Ֆրանսիան էլ` ձեզ նվեր:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հուլիսի 27, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.