> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՉԸԽԿԸԼԸ ՓԱԿ, ՉԸԽԿԸԼԸ ԲԱՑ

ՉԸԽԿԸԼԸ ՓԱԿ, ՉԸԽԿԸԼԸ ԲԱՑ

Մարտի 1, Մյասնիկյանի արձանի դիմացՉնայած իշխանությունները մարիշբոզիկյանական նմուշների բերանով դեռ 2009 թվականի վերջին են հայտարարել Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին, հենց իշխանությունների ներկայացուցիչները շաբաթը մի քանի անգամ` ի վերջո չեն դիմանում եւ սկսում են խոսել ու խոսել Մարտի 1-ի մասին: Սա նման է մի վիճակի, երբ ինչ-որ ուժեղ մի դեմք ձեռքը խփում է սեղանին, հայտարարում` վերջ` թեման փակված է, այդ թեմայով այլեւս չենք խոսում, դուռը շրխկացնում, դուրս է գալիս, մեկ էլ հինգ րոպեից կոկոշ գլուխը դռան արանքից ներս է մտցնում եւ վնգստում. «Բա լա՞վ էր, որ դու ինձ ասում էիր մոնղոլ-թաթար, կամ էլ` Սերժանտ ու Ռոբոտ: Բա լավ է՞ր»: Հիմա էս հանրապետադաշնակցական իշխանավորներն են. մեկ էլ կտեսնես գլուխները տելեւիզրի ծակից դուրս են հանում ու սկսում. «Բա լա՞վ էր, որ դուք ասում էիք քար եւ փայտ վերցրեք` ինքնապաշտպանության համար»:

Էս պահին ամենեւին էլ էական չէ սրանց ասածի բովանդակությունը, չնայած այս թեմային առաջիկա օրերից մի օր անդրադառնալու եմ հավեսով: Էս պահին էականը բոլորովին ուրիշ բան է. այ խելոքներ, բա եթե դեռ մի տարի առաջ հայտարարել եք, որ Մարտի 1-ի էջը փակված է, ինչո՞ւ չեք կարողանում գոնե մեկ շաբաթ առանց Մարտի 1-ի մասին տիտանական մտքեր արտահայտելու յոլա գնալ: Հարցս ամենեւին էլ հռետորական չէ, այլ պատասխանի սպասող, չնայած ձեր փոխարեն ես ինքս կպատասխանեմ: Դուք շատ եք ուզում Մարտի 1-ի թեման փակել, բայց եթե նույնիսկ մի վեց հատ Սերժ Սարգսյան լինի, 23.5 հատ Ռազմիկ Զոհրաբյան, մեկական դյուժին Արմեն Ռուստամյան եւ Արտյուշ Շահբազյան, բոլոր Մարիշներն էլ իրենց ազգանունը դարձնեն Բոզիկյան, դուք, միեւնույն է, չեք կարողանալու փակել Մարտի 1-ի էջը, ոչ մեկը չի կարող անել դա` բացի Հայաստանի Հանրապետության ժողովրդից: Դուք միեւնույն է մոլորության մեջ եք` մտածելով, թե ժողովուրդը թմրած է, հոգնած է, հիասթափված է: Հենց Հայաստանի ժողովուրդն է Մարտի 1-ին թափված անմեղ արյան տերը, եւ այդ ժողովուրդը ստանալու է իր արյան պատասխանը: Սա, թերեւս, դուք էլ լավ գիտեք, այլապես ինչո՞ւ եք քափ-քրտինքի մեջ հեռուստատեսային էկրաններից ժամանակ առ ժամանակ բոբոշի նման դուրս պրծնում եւ սկսում ժողովրդին համոզել, թե դուք, այսինքն` ռոբասերժադաշնակադոդական իշխանությունը, Մարտի 1-ի մեղավորը չէ, թե` Մարտի 1-ի մեղավորն ընդդիմությունն է: Ու էն, որ այս կարգի ելույթներ շաբաթը գոնե երկու անգամ ունենում եք` պարզ վկայությունն է այն բանի, որ դուք էլ գիտեք, որ ձեր ասածին հավատացող չեղավ: Այս գիտակցությունն է, որ ձեզ պատեպատ է տալիս, այս տագնապն է ստիպում, որ իրիկունը փակեք Մարտի 1-ի էջը, առավոտ բարլուսախառը նորից բացեք: Սա նրանից է, որ ամեն անգամ էջը «փակվում» է ձեզ համար ավելի վատ մի տեղում, հետո սա հասկանում եք, փորձում եք իրավիճակը շտկել, բայց ավելի վատացնում եք: Կարճ ասած` ձեզ մոտ լավ է ստացվում Մարտի 1-ի էջը փակելը. վերջին մեկ տարվա մեջ դուք դա արել եք երեւի մի 25-30 անգամ:

ՀԳ. Այս նույն տրամաբանությամբ, սկսած 2008 թվականի գարնանից, իշխանությունը առաջին նախագահի կրկնահեռացումն է կանխատեսում` քաղաքականությունից: Հայ ազգային կոնգրեսի ստեղծման օրից էլ` նրա փլուզումն ու վերացումը քաղաքական դաշտից: Ես հումորով եմ վերաբերվում այսօրինակ վերլուծություն-կանխատեսումներին, որովհետեւ այսպես կարող են ասել մարդիկ, ովքեր չեն հասկանում, նայում են, բայց չեն տեսնում` ինչ է կատարվում Հայաստանում, Հայաստանի քաղաքական դաշտում: Չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում Հայ ազգային կոնգրեսը, Համաժողովրդական շարժումը, չգիտեն նրա իմաստն ու էությունը: Սա վերաբերում է նաեւ իրենց Կոնգրեսի մաս եւ ակտիվիստ համարած մի շարք մարդկանց: Բայց դե սրանում ողբերգություն չկա, որովհետեւ ասված է` ով ինչ անի, իրեն կանի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հուլիսի 21, 2010
«Կոշ» քրակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. osan
    Հուլիս 21st, 2010 at 21:01 | #1

    Apres Nikol jan, apres, vor ches phoxum mi qani shapik, yes havatum em, vor verjum kongrese haxtanak e tanelu maqur yev havatarim qaxaqacinerov, galu e nayev mi gexecik or,vor zhoxovurde totaphelu e vaxi zgacume yev ayd zhamanak zhoxovrdin sevacnoxnere stanalu en irenc arjani patije.

  1. No trackbacks yet.