> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում հերթական անգամ ընդգծեց, թե Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ է տեսնում Հայաստանի ստրատեգիական զարգացման բանալին: Սրանում որեւէ նորություն չկա: Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը երկակի տպավորություն է թողնում մեկ ուրիշ հարցի կապակցությամբ. ի՞նչ է նա ակնկալում, որ գործող իշխանություննե՞րը լուծում տան այդ հարցերին: Այն որ Հայ ազգային կոնգրեսը երբեք էլ չի ցանկացել ԼՂ հարցի բանակցային սեղանի շուրջ ծանրացնել ՀՀ գործող իշխանության վիճակը` հայտնի է դեռ 2008 թվականի հոկտեմբերից, երբ Տեր-Պետրոսյանը հանրահավաքային շարժման դադար հայտարարեց` ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման կապակցությամբ: ՀՀՇ համագումարում ունեցած ելույթում, սակայն, այս իմաստով նոր շեշտադրումներ ի հայտ եկան:

Ելույթի վերջում Տեր-Պետրոսյանն ընդգծեց` ժամանակն է, որ գործող իշխանություններն ու միջազգային հանրությունը հասկանան, որ Հայ ազգային կոնգրեսը առանցքային եւ երկարաժամկետ գործող քաղաքական ուժ է Հայաստանում: Հուլիսի 17-ի ելույթի համատեքստում սա ուրվագծվում է որպես հստակ ուղերձ Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը, որ ԼՂ հարցի շուրջ գործընթացները չեն կարող ընթանալ առանց Հայ ազգային կոնգրեսի գործուն մասնակցության, որովհետեւ Կոնգրեսը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ստվար զանգվածի շահերի արտահայտիչն է, եւ առանց այդ զանգվածի դիրքորոշումների արտացոլման խնդիրը չի կարող հիմնավոր լուծում ունենալ: Սա սկզբունքորեն նոր մոտեցում է Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետեւ այսպիսով ընդդիմությունը ոչ թե կողմ կամ դեմ է արտահայտվում հարցի լուծման այս կամ այն տարբերակին, այլ պատրաստակամություն է հայտնում մասնակցել այս կամ այն տարբերակի շուրջ համաձայնության կայացմանը` այդ ընթացքում գործելով որպես հարցի լուծմամբ շահագրգիռ սուբյեկտ:

Այս դիրքորոշումը զարմանալի կերպով ներգրվում է Հայ ազգային կոնգրեսի կողմից իրագործվող իշխանափոխության սխեմայի մեջ: Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ նշել է, որ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի հաջողությունները կապում է ոչ միայն Հայոց բանակի ուժեղացման, այլեւ Ադրբեջանում 90-ականների կեսերին հաստատված խառնակ քաղաքական իրավիճակի հետ, երբ իշխանությունը Մութալիբովից անցնում էր Էլչիբեյին, Էլչիբեյից` Հուսեյնովին, Հուսեյնովից` Ալիեւին: Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից, այսօր ԼՂ հարցի բանակցային սեղանի շուրջ ստեղծված վիճակը շատ զգայուն է համարում եւ կարծում է, որ բանակցությունների ընդհատումը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների` ընդհուպ պատերազմի: Եվ ուրեմն, հարց է ծագում. ինչպե՞ս Հայաստանում պայքարել օրինական իշխանության հաստատման, այսինքն` իշխանափոխության համար այնպես, որ այդ ծրագրի իրագործումը չհանգեցնի բանակցային գործընթացի կասեցման եւ ուրեմն` պատերազմի: Պատասխանը միակն է. ԼՂ հարցով բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինի Հայաստանի ոչ միայն ներկա, այլեւ Հայաստանի ապագա իշխանությունը, որն իր պատկերացումները կունենա Մադրիդյան սկզբունքների իրագործման հեռանկարների եւ ընդհանրապես հարցի կարգավորման շուրջ: Այս ոչ պաշտոնական ձեւաչափը հնարավորություն կտա Հայաստանում սահուն իշխանափոխություն իրագործել` պատերազմի վերսկսման հնարավորության ճանապարհին մեծ արգելք դնելով: Նման պատկեր Տեր-Պետրոսյանի հուլիստասնյոթյան ելույթում առաջին անգամ ուրվագծվեց: Բայց պրոցեսը վաղուց է մեկնարկել: Բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ Հայաստան կատարած այցերի ընթացքում հանդիպում են Տեր-Պետրոսյանին եւ նրա հետ քննարկում նաեւ Ղարաբաղի հարցը: Պաշտոնական այդպիսի քննարկումներ առայժմ չեն ունենում ԼՂ հարցով անմիջականորեն բանակցող միջնորդները, բայց դա չի նշանակում, թե նման բան տեղի չի ունենալու: Համենայնդեպս` վերը նկարագրվածը լավ մեխանիզմ է` ԼՂ հարցի կարգավորման գործընթացում պատերազմաբեր ճգնաժամից խուսափելու եւ ՀՀ ներքաղաքական կյանքը ԼՂ հարցին գերի չդարձնելու համար: Այս իմաստով Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը կարելի է որակել նաեւ որպես նախընտրական. նա հստակ արձանագրեց, որ Հայաստանում իշխանության գալով` նախեւառաջ զբաղվելու է ԼՂ հարցի լուծմամբ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Տեր-Պետրոսյանի համար իշխանության վերադառնալ նշանակում է նախեւառաջ նշված հարցերի լուծման վստահության քվե ստանալ Հայաստանի ժողովրդից: Այս ուղերձը հստակ ուրվագծվեց հուլիսի 17-ի ելույթում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հուլիսի 20, 2010

«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Հուլիս 27th, 2010 at 18:51 | #1

    +1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1 XOSKER CHKAN SIRELI NIKOL,LIOVIN HAMAZAYNENK MENK @NKERNEROV,,,,,,,,,,KEZ AROXCHYTYUN EV HAMBERYUTYUN……..

  1. No trackbacks yet.