> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԳՈՆԵ ԼԱՉԻՆԸ ՄԻ~ ԶԻՋԻՐ»

«ԳՈՆԵ ԼԱՉԻՆԸ ՄԻ~ ԶԻՋԻՐ»

Հայ-թուրքական արձանագրություններԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Իգոր Պոպով, Բեռնար Ֆասիե, Ռոբերտ Բրադտկե, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով. սա այն կազմն է, որ, ըստ հաղորդագրությունների, հունիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում քննարկելու է Ղարաբաղի հարցը: Պաշտոնյաների ցանկի ընթերցումն իսկ մեզ մտքով տանում է հոկտեմբերտասյան Ցյուրիխ, որտեղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Այդ ժամանակ նրանց թիկունքին կանգնած էին Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, միջնորդ երկիր Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Քալմի-Ռեյը, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան: Ալմաթիում վերջինիս դերակատարումը ստանձնում է Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը` որպես ԵԱՀԿ գործող նախագահ:

Միջնորդները Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, Թուրքիայի ԱԳ նախարարի փոխարեն Ադրբեջանի ԱԳ նախարարն է: Ցյուրիխի հետ համեմատած` նույնն են մնացել Քլինթոնը, Քուշները, Լավրովը եւ Նալբանդյանը: Լավրովի գրպանում ոնց էլ լինի անձեռոցիկ կգտնվի, կգտնվի նաեւ Նալբանդյանի թշերից մեղմորեն քաշող որեւէ մեկը: Չի բացառվում, որ հատուկ այս նպատակով Խավիեր Սոլանան ժամանի Ալմաթի: Համոզվա՞ծ եմ արդյոք, որ Ալմաթիում ԼՂ հարցով որեւէ փաստաթուղթ կստորագրվի: Համոզված լինել, իհարկե, չեմ կարող, որովհետեւ այդ նույն հարցում համոզված լինել չի կարող նույնիսկ Հիլարի Քլինթոնը: Ցյուրիխում էլ` չնայած արարողության սրահից մի քանի ժամ ուղիղ հեռարձակում էր իրականացվում, ոչ ոք չէր կարող համոզված պնդել, որ ստորագրումը տեղի կունենա կամ տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է Ալմաթիին, փաստերը խոսում են այն մասին, որ որեւէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը շատ մեծ է: Ամենակարեւոր փաստը Մեդվեդեւ, Օբամա, Սարկոզի նախագահական եռյակի Հանթսվիլում արած հայտարարությունն է, որտեղ ասվում է, որ Ալմաթիում կայանալիք հանդիպումը պետք է վճռական նշանակություն ունենա ԼՂ հարցի կարգավորման վերջնական համաձայնագրի մշակման ճանապարհին: Երեք գերտերությունների նախագահները հայտարարությամբ ակնկալում են, որ Ալմաթիում արդեն ԼՂ հակամարտության կողմերը պետք է հաղթահարած լինեն հարցի կարգավորման վերաբերյալ իրենց ունեցած տարաձայնությունները: Ստորագրման տարբերակի օգտին խոսում է նաեւ Ալմաթիում սպասվող քննարկումների ֆորմատը. շատերը Հայաստանում մտածում են, թե ԼՂ հարցի կարգավորման բոլոր կարեւոր փաստաթղթերը պետք է ստորագրեն հակամարտող կողմերի առաջին դեմքերը: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատմությունը, սակայն, ցույց տվեց, որ Էդվարդ Նալբանդյանը քոթակի տղեկ է ոչ միայն միջազգային հանրության, այլեւ Սերժ Սարգսյանի համար: Վերջինս, փաստորեն, Էդվարդ Նալբանդյանի ձեռքով է ստորագրում բոլոր կարեւորագույն- կասկածելի փաստաթղթերը, որ սաստիկ ընդդիմադիր Դաշնակցությունը Նալբանդյանի հրաժարականը պահանջելու հիմնավոր առիթ ունենա, իսկ Բաղրամյան 26-ի մոտակայքում աղիողորմ բացականչի. «Նախագա~հ, մի~ զիջիր», «Նախագա~հ, մի~ զիջիր, էլի, նախագահ»: Կարծում եմ դաշնակցական լիդերները կարող են օգտվել հավի ձվի գների աննախադեպ անկումից` իրենց ֆալցետը կարգավորելու համար: Հնարավոր է, մի քանի օրից նրանք նորից պահանջեն Էդիկ Նալբանդյանի հրաժարականը եւ նախագահականի դռների առաջ բացականչեն. «Նախագա~հ, գոնե Լաչինը մի~ զիջիր»:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.