> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՈՍԵԼ, ԽՈՍԵԼ, ԽՈՍԵԼ` ԵՎ ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ

ԽՈՍԵԼ, ԽՈՍԵԼ, ԽՈՍԵԼ` ԵՎ ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼ

ombudsՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տաղանդավոր տղա է: Էս վերջերս մտածում եմ, որ երբ նա բարով-խերով մի 140-150 տարեկան դառնա ու հոգին ավանդի Բարձրյալին, նրա ուղեղը պետք է պահել մի 3 լիտրանոց ֆորմալինի բանկայում ու դնել Լենինի արձանի տեղում: Դե հասկանալի է` բանկայի գլխին նավես-բան կսարքվի, որ ուղեղը չլխկի արեւի ճառագայթների տակ, եւ սերունդները ուշադիր ու ակնդետ կնայեն այդ բանկային` հասկանալու համար, թե ինչպես են երկրիս երեսին ծնվում անհեթեթ մտքերը: Նախորդ օրը տեղի ունեցած ասուլիսում Հարությունյանը արձանագրեց, «որ մամուլի ազատության բնագավառում առկա են բազմաթիվ խնդիրներ, բարեփոխումների ընթացքը պետք է արագացնել, մասնավորապես` լրագրողները ենթարկվում են բռնությունների, եւ մեղավորները չեն ենթարկվում պատասխանատվության»:

Հենց սրանում է Արմեն Հարությունյանի տաղանդը, անհեթեթ միտքը ձեւակերպել այնպես, որ անուշադիր հանրությունը խորապես տպավորվի դրանից: Բայց սեփական անուշադրությունս հաղթահարելով, արդեն երկու օր է` ուզում եմ հասկանալ, թե այդ ի՞նչ դանդաղած բարեփոխումներ է պետք արագացնել, որ լրագրողին բռնությունների ենթարկած անձինք ենթարկվեն պատասխանատվության: Պատասխանատվության ենթարկվելու համար նախ պետք է բացահայտվեն, իսկ սովետի ժամանակներից էս կողմ որեւէ օրենք գոյություն չի ունեցել, որը հնարավորություն կտար չբացահայտել հանցագործությունը: Հիմա էլ չկա: Գուցե Արմեն Հարությունյանը տեղյակ է նման օրենքի կամ իրավական ակտի գոյության մասին, բայց մեզ չի ասում: Էդ ի՞նչ բարեփոխում պիտի անենք, որի արդյունքում հնարավոր լինի արժանի պատժի ենթարկել Վարյան Հովիկ կոչվող շնչավորին, որը 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը բռնության է ենթարկել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող եւ թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանին: Այդ ո՞ր օրենսդրական բացն է, որ թույլ չի տալիս «Վարդաշեն» ՔԿՀ ուղարկել Էրեբունու ոստիկանության նախկին պետ Ավետիք Մկրտչյանին, որը 2008 թվականի փետրվարի 19-ին հենց ընտրական տեղամասում բռնության էր ենթարկել «Հայկական ժամանակի» լրագրող Լուսինե Բարսեղյանին:

Չկա՛ նման օրենսդրական բաց, եւ նշված անձինք ազատության մեջ են միայն այն պատճառով, որ իշխանական սափրագլխի կարգավիճակ ունեն: Այս մասին է, որ չի խոսում Արմեն Հարությունյանը: Նա անուններ չի տալիս, նա աշխատում է իր համար սրբապատկերի նշանակություն ունեցող Գագիկ Հարությունյանի նման խոսել-խոսել, խոսել, խոսել, խոսել, խոսել, խոսել ու այդպես էլ ոչինչ չասել: Փոխարենը նա` Գագիկ Հարությունյանը, ներշնչանքի աղբյուր է հանդիսանում խմող, վատնող, կռվարար ու անհաջողակ ամուսիններ ունեցած, դժբախտ ու 65-ն անց կանանց համար: Ամեն անգամ հեռուստացույցով Գագիկ Հարությունյանի սֆաթը տեսնելիս` այդ կանայք mute են անում հեռուստացույցի ձայնը եւ մտածում, թե ինչ լավ կլիներ` իրենք էլ Գագիկի նման ամուսին ունենային, որը ամեն օր կարթնանար ուղիղ ժամը 8-ին, ուղիղ 8.30-ին կուտեր երեք հատ մեղրուկարագով բուտերբրոդը, 13.30-ին կճաշեր` առաջինով, երկրորդով, իսկ ժամը 19.00-ին կընթրեր` դրանից առաջ մի բաժակ կոնյակ կոնծելով` որպես ապերիտիվ: Իսկ երեկոյան ամբողջ ընտանիքով կնստեին հեռուստացույցի առաջ, կմիացնեին «Հայլուրը» ու, երբ կսկսեր խոսել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը (որ այս պարագայում իրենց ընտանիքի սիրված հայրիկը կլիներ), իրենք հեռուստացույցի ձայնը կանջատեին ու կնայեին, թե որքա~ն գեղեցիկ է խոսում իրենց ամուսինը, հայրը, եղբայրը, քավորը` վերջապես: Բայց Արմեն Հարությունյանն այս մակարդակին հասնելու համար դեռ երկար ճամփա պիտի անցնի, եւ նրա հերթական ու արտահերթ զեկույցները խոսելու, խոսելու, խոսելու, խոսելու եւ ոչինչ չասելու` գագիկհարությունյանական արհեստի համեմատ թոթովախոս փորձեր են միայն: Բայց մյուս կողմից պետք է խոստովանել` առաջընթաց կա, եւ դա անվիճելի է: Ափսոս միայն, որ այդպես էլ չենք իմանալու, թե ինչի բարեփոխումն է պետք արագացնել` հանցագործ Վարյան Հովիկին եւ հանցագործ Մկրտչյան Ավոյին արժանի ձեւով պատժելու համար: Այսինքն` մենք գիտենք, թե ինչն է պետք արագացնել, մեզ պարզապես օմբյուցմենի վարկածն էր հետաքրքիր:

Նիկոլ Փաշինյան

Հուլիսի 9, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. HAY
    Հուլիս 12th, 2010 at 18:44 | #1

    esor el asuma …….oligarxneri dem petq chi payqarel……..
    che dra uxexn hastat piti pahvi analizi banki mej!!!!!!!!

  1. No trackbacks yet.