> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ՀԱԼՎԱ» ԱՍԱ՝ ԲԵՐԱՆԴ ՔԱՂՑՐԱՆԱ

«ՀԱԼՎԱ» ԱՍԱ՝ ԲԵՐԱՆԴ ՔԱՂՑՐԱՆԱ

hillary clinton

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

Չգիտեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը ձեզ ինչ ասաց, բայց ինձ դզել է մի ուրիշ ձեւի: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը բարձրացրել է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հարցը, ասել է, որ այդ օրենքը բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ չի ապահովում բազմակարծությունը եթերում: Սերժ Սարգսյանն էլ, թե բա` դա հա՞րց է, կբարեփոխենք օրենքը: Ու հիմա Քլինթոնը իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած զրույցի էդ հատվածը համարում է կարեւորագույն ձեռքբերում:

Հայ հանրության շրջանում, սակայն, հիացական բացականչություններ ինչ-որ չեն լսվում, որովհետեւ հայ հանրությունը հասկանում է, որ սա հերթական չանածեծոցին է: Խնդիրն այն է, որ ինչպես Քլինթոնը ինքն ասաց, Սերժ Սարգսյանը խոստացել է օրենքին անդրադառնալ աշնանը, ու հիմա էլ ոնց էլ գցում-բռնում ենք հեռուստատեսային կապուղիների մրցույթը, որի մեկնարկը փաստացի հայտարարված է, տեղի է ունենալու այս պահին գործող օրենքի շրջանակներում` այն օրենքի, որի մասին մտահոգություն է արտահայտել Հիլարի Քլինթոնը, եւ որը բարեփոխելու խոստմամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը: Վերջինիս մտքերի ընթացքն ուղղակի թափանցիկ է. աշնանը ձեռի հետ կսկսեն քննարկել «Հեռահաղորդակցության մասին» օրենքի քլինթոնյան բարեփոխումները: Զուգահեռ կընթանա հեռուստահաճախականությունների մրցույթը` սերժանտական օրենքով: Այսպես, սարքով-կարգով, հին օրենքով, բոլոր հաճախականությունները կբաժանեն` Միշիկին, դաշնակներին, մեկ-երկու օլիգարխի, այսինքն` «Ա1+»-ը հերթական անգամ դուրս կթողնվի եթերից, որից հետո Ազգային ժողովը, մեծ շուքով կընդունի «Հեռահաղորդակցության մասին» օրենքի քլինթոնյան բարեփոխումները: Դա կլինի աշխարհի ամենաժողովրդավարական, բազմակարծությունն ապահովող, սիրուն օրենքը: Բայց ոչ մեկի տանձին պետք չի լինի, այն պարզ պատճառով, որ հին օրենքով բոլոր հաճախականությունները բաշխած-վերջացրած կլինեն, Միշիկն ու դաշնակներն իրենց բաշխված հաճախականություններն օգտագործելու տասնամյա լիցենզիա կունենան, եւ ուրեմն` եթերում քլինթոնյան բարեփոխումները ոչինչ չեն փոխի: Անկեղծ ասած` մենք առանձնապես դժգոհ չէինք լինի, եթե տիկին Քլինթոնը ոչ թե օրենքի փոփոխությունների, այլ ի կատարումն Եվրադատարանի կայացրած վճռի` «Ա1+»-ը վերաբացելու հարց բարձրացներ: Եթե դա տեղի ունենա, եթերում բազմակարծությունը կապահովվի ինքնին` առանց որեւէ օրենսդրական բարեփոխման, որովհետեւ բազմակարծության բացակայությունը եթերում «Ա1+»-ի բացակայության հետեւանք է: 2000 թվականին, օրինակ, եւ դրանից առաջ Հայաստանում քլինթոնյան օրենքներ չկային, բայց եթերում կար բազմակարծություն, որովհետեւ «Ա1+» կար եթերում: Երբ «Ա1+»-ը վերաբացված չէ, թեկուզ ԱՄՆ Սահմանադրությունը մեզ դարձնենք «Հեռահաղորդակցության մասին» օրենք, դրանից եթերում բազմակարծություն չի առաջանա: Քլինթոնը չէ, թեկուզ Մոնիկա Լեւինսկին այդ մասին բոցաշունչ ճառեր արտասանի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հուլիսի 6, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. պարզ
    Հուլիս 9th, 2010 at 01:46 | #1

    Պռոտոկոլները Թուրքիան դրեց գրպանը ու հիմա Ղարաբաղի հարցի ամենաակտիվ ու շահագրգռված ու իրական գործողն է դարձել,

    Պատերազմում բոլորը կկորցնեն, բացի Թուրքիայից, նա պատերազմ է ուզում ու հրահրում է դրան…

  1. No trackbacks yet.