> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊՐՈՑԵՍԻ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ

ՊՐՈՑԵՍԻ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ

Հայաստանի ավանդական, հասարակական-քաղաքական միտքը երբեմն ապշեցնում է իր կարճությամբ: Ընդ որում, կարճությունը շատ դեպքերում պետք է հասկանալ բառիս բուն իմաստով, որովհետեւ իրադարձությունների շուրջ դատողություններ անելիս հայտնի գլուխները երբեմն ի վիճակի չեն լինում տվյալ կետից առաջ կամ հետ նայել, կամ էլ այդօրինակ հայեցման շառավիղն անհավատալիորեն կարճ է` չգոյության աստիճան: Այս իրողությունը վերստին ակնհայտ դարձավ Մեդվեդեւ-Օբամա-Սարկոզի եռյակի վերջին հայտարարությունից հետո, երբ հայտնի եւ անհայտ շրջանակներ կրկին ու կրկին Հայ ազգային կոնգրեսին մեղադրեցին այն բանում, թե վերջինս հոռետեսական լույսի ներքո էր ներկայացնում ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը, ահազանգում ազատագրված տարածքների (անհամաչափ) վերադարձի հնարավորության մասին: Մինչդեռ այդ տարածքները ինչպես եղել, այնպես էլ շարունակում են մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո: Այսպիսի մեկնաբանությունների մեջ է հայ ավանդական, հասարակական-քաղաքական մտքի կարճությունը, որովհետեւ այն ի վիճակի չէ ընկալել պրոցեսներ, իրադարձություններն էլ հաճախ ընկալում է ուշացումով, ի վիճակի չէ նկատել իրավիճակի այն փոփոխությունները, որոնք տվյալ պահին աննշան են, բայց որոշակի ժամկետի մեջ էական, նույնիսկ շրջադարձային: Ասենք, ծանոթ լինելով որեւէ մարդու հոգեբանական նկարագրին, պնդում ես, որ նա պատրաստվում է ինքնասպանություն գործել: Ապացուցել չես կարող, իսկ բոլոր նրանք ովքեր քո այդ պնդումը հիմարություն են համարում` կոնկրետ կռվան ունեն` մարդը, որի համար ինքնասպանություն ես կանխատեսում` կենդանի է եւ անհերքելի է այդ փաստը: Հետո իմանում ես, որ մարդը բարձրանում է իրենց բարձրահարկ շենքի տանիք եւ իրավիճակը վերլուծելով պնդում ես, որ գնում է իրեն ցած նետելու: Ապացուցել, իհարկե, չես կարող, իսկ ինքնասպանության վարկածը հերքողները փաստ ունեն` մարդը կենդանի է: Կգտնվի նաեւ մեկը, ով կպնդի թե մարդը տանիք է բարձրանում իր նոր հեռուստացույցի, նոր ալեհավաքի համար տեղ ընտրելու: Գուցե թե տանիքում իրապես ալեհավաք տեղադրող կամ այլ գործ անող ուրիշ մարդկանց հանդիպի ու հետ դառնա: Այս ժամանակ արդեն ուղղակի կխնդան ինքնասպանության քո վարկածի վրա: Եւ «ճիշտ» կլինեն, որովհետեւ իրենք փաստ ունեն` մարդու կենդանի լինելու փաստը, իսկ դու չես կարող ապացուցել, որ նա բարոյապես, հոգեբանորեն վաղուց է հրաժեշտ տվել կյանքին: Եւ երբ պոտենցիալ ինքնասպանը հասկանա, որ իր վրա չափազանց մեծ ուշադրություն է կենտրոնացած, գիշերը կբարձրանա տանիք եւ թաքուն ցած կնետվի: Մինչեւ նրա նետվելու պահը ճիշտ կլինեն բոլոր նրանք, ովքեր չէին ուզում հավատալ քո առաջ քաշած վարկածին, նետվելու պահից մինչեւ մահվան պահը ճիշտ կլինես դու ինքդ: Արդյունքում ճիշտ կլինես դու, բայց ընդամենը մի քանի վայրկյան, եւ քո վարկածին չհավատացողները հասցրած կլինեն ճիշտ լինել ժամեր, օրեր, ամիսներ, գուցե` տարիներ: Վերադառնալով Ղարաբաղի հարցին` չեմ կարող չնկատել, որ տառաճանաչ հայության մի մասը հենց այսպես է վերաբերվում իրավիճակին` ոմանք ինչ-ինչ շահագրգռությունից ելնելով, ոմանք` անկեղծորեն: Երբեմն մտածում եմ, ահա, թե տեխնիկական այս խոտանը իրականում գենետիկական ծագում ունի: Մենք հայերս մարմնի որեւէ մասում ցավ զգալիս չենք շտապում դիմել բժշկի, այլ մեր գործողությունների մեջ հենվում ենք այն իրողության վրա, որ ցավն ընդամենը կրկնվում է ժամանակ առ ժամանակ եւ առանձնապես երկար չի տեւում: Այսինքն` փաստերը վկայում են, որ մենք կենդանի ենք, ընդհանուր առմամբ վատ չենք զգում, կարող ենք ուտել եւ խմել, ուրախանալ եւ զվարճանալ: Ինչ վերաբերում է ցավերին, բոլորն էլ ցավեր ունենում են, եւ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Այս տրամաբանությամբ, ահա, միջին հայաստանցին բժշկին դիմում է այն ժամանակ, երբ ցավն իրեն զրկել է ուտելու եւ խմելու, լսելու եւ ընկալելու հնարավորությունից: Այսինքն այլ բան չի մնում, քան դագաղ պատվիրելը: Թվում է, ահա, թե շատերը խնդիր ունեն ԼՂ հարցի հենց այսպիսի ընկալում սերմանել հայ հանրության գիտակցության մեջ, կամ առնվազն իրենք հենց այսպես են ընկալում իրավիճակը` սկսած նախագահական եռյակի հայտարարությունից, ավարտած ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում, Եվրոպական պառլամենտում ընդուված բազմաթիվ փաստաթղթերով: Այսպես ընկալողները ճիշտ են այս պահին, ճիշտ էին երեկ, գուցե ճիշտ կլինեն կոնկրետ վաղը, այսինքն ճիշտ կլինեն բավական երկար ժամանակ, սխալ կլինեն ընդամենը մի ակնթարթ, եւ այդ ակնթարթում է որոշվելու ամեն ինչ:

Հ.Գ. Շատերը վերը նշված տրամաբանությամբ են ընկալում նաեւ երկրում իշխանափոխություն իրականացնելուն ուղղված Հայ ազգային կոնգրեսի պայքարը: Չեղավ իշխանափոխություն` ասում են նրանք: Ձեր պատկերացրած իշխանափոխությունն իրադարձություն է, մեր պատկերացրածը` գործընթաց, որը պսակվելու է իրադարձությամբ: Գործընթացն այս պահին էլ ընթանում է, ընթանում է բավական հաջող: Դուք ի վիճակի չեք ընկալել գործընթացը, բայց իրադարձությունը կտեսնեք: Մի քիչ ուշացումով, բայց դա էական էլ չէ, որովհետեւ ձեր հայեցման շառավիղը չի կարող ազդել իրադարձությունների հետագա զարգացման վրա:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Vahag
    Հուլիս 8th, 2010 at 07:04 | #1

    Nikol jan axper qez lav nayi, gitem vor qo hogin ankotrum a, u qo sirt@ misht bats, bayts eli nexutyan mej es axpers, zguysh kats et shneri dzerqum es. Yes qo bolor hodvatsner@ kardum em, u asem vor es hodvats@ shat ujex a, mitqd shat paylun a, yes drsum em aprum u shat em kardum mijazgayin hexinakavor journals. Karox em asel, vor vorakov tsankatsats mijazgayin parberakani columnist-eri hangist pattats unes. Uxxaki hacheli a kardal@.
    Isk inch verabervum a et shenqits trnelu masin, shat tochni a, u eti menak Artsakhi hartsov chi, mer mot amen inchn a et tarberakov gnum araj.
    De qez hamberutyun, u husov em vor shutov azatutyan mej qez ktesnenq. Qez shat hamberutyun u Astsu Orhnutyun@ qez u qo @ntaniqin.
    PS: Kneres vor grakan chem grum, vor irar chanacheinq, parz kliner vor im mot grakan@ shat anbnakan E.

  1. No trackbacks yet.